Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, գնահատելով Գագիկ Ծառուկյանի ելույթը, ասել է. «Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցում ենք: Կոնկրետ Ծառուկյանի ելույթի մասին կարող եմ ասել, որ սա իսկապես առաջընթաց է: Առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ»: Ընդդիմադիր գործիչն ակնհայտորեն հասկացնում է, որ իրենք ԲՀԿ առաջնորդից այլ ակնկալիք ունեին: ՈՒ որպեսզի գործընկերոջ «խաթրին» չկպչի, ասում է` «մեկ քայլ» առաջ էր: Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչպես եվրոպական «չինովնիկներն» են մեր ընտրությունները գնահատում: Բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ է կատարվել, բայց «ժողովրդավարությունից» աղաղակող Եվրոպան դա «առաջընթաց» է համարում:
Վերադառնալով մեզ, պիտի ասել, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի բանակցությունները ծանր շրջան են թևակոխել: ՀԱԿ-ում հասկանում են, որ ԲՀԿ-ից «սրացում» սպասելն անիմաստ է, ուստի պիտի օգտվել այդ կուսակցության ղեկավարի այն «ներուժից», որը նա ամենից շատ ունի` ֆինանս:
Չնայած ՀԱԿ-ում դեռ հույս ունեն, թե Ծառուկյանի խոստացած հանրահավաքները այս իշխանություններին կարող են «քշել-տանել»: «Կգտնվեն այնպիսի լուծումներ, որ կկազմակերպվի հանրահավաքների հզոր ալիք, որը կտանի իշխանափոխության»,- ասում է Լևոն Զուրաբյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ