Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք` աշխարհ եկածներս, հիշում ենք Ձեզ` պատերազմ գնացածներիդ

Մենք` աշխարհ եկածներս, հիշում ենք Ձեզ` պատերազմ գնացածներիդ
08.05.2015 | 10:19

Պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության, պատերազմի դասերի մասին։


-Պարոն Մելքոնյան, այս տարի նշվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, ինչպե՞ս եք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունն այդ պատերազմին:
-Հայրենական պատերազմն իսկապես աննախադեպ էր ժողովուրդների պատմության համար և՛ իր մարդկային կորուստներով, և՛ ահռելի ռազմական ռեսուրսների կենտրոնացմամբ: Այս պատերազմին մասնակցեցին հայ ժողովրդի ավելի քան 300000 զավակներ միայն Խորհրդային Հայաստանից, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից` մոտ 200000 հայորդիներ: Շուրջ 100000 հայեր պատերազմին մասնակցեցին դաշնակից երկրների բանակների շարքերում: Սակայն մեր ակտիվ մասնակցությունը պատերազմին ուներ հիմնավոր պատճառներ, քանի որ Գերմանիայի հաղթանակի դեպքում մենք Թուրքիայի կողմից կրկին կենթարկվեինք ցեղասպանության, ինչը ռազմաճակատի տարբեր հատվածներում կռվող հայորդիները շատ լավ գիտակցում էին:
-Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմաշքերթին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն շատ երկրների ղեկավարներ հրաժարվել են մասնակցությունից: Արդյոք նման մակարդակով մասնակցությունը չի՞ ազդի այլ երկրների հետ մեր հարաբերությունների վրա:
-Նախ՝ Հայրենական պատերազմում զոհվել է 300 հազարից ավելի հայորդի, այսինքն՝ փոքր տարբերությամբ մենք այնքան զոհեր ենք տվել, որքան ԱՄՆ-ն ու Անգլիան միասին: Հետևաբար, հարգելը և հիշելը նրանց մեր պարտքն է: Այդ հարցին իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև ՀՀ նախագահը, նշելով, որ ամեն իններորդ հայը չի վերադարձել ռազմաճակատից, կամ Խորհրդային Միությունում բնակվող հայության 12 տոկոսը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Հետևաբար մեր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին լիովին հիմնավոր է և սպասելի: Մյուս կողմից, այս տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այս միջոցառումների շրջանակում Հայաստան այցելեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, ինչն առաջացրեց թուրքական կողմի դժգոհությունը: ՈՒստի մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին մեր երկրի մասնակցությանը տալ քաղաքական ենթատեքստ և դիտել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնումը մեզ համար նախ հարգանքի տուրք է զոհված 300 հարյուր հազարից ավելի հայորդիներին և իհարկե՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մեր դերի ընդգծմանն ուղղված քայլ:
-Վերջին տարիներին մերձբալթյան երկրներում, իսկ այժմ` ՈՒկրաինայում, հաճախ ենք ականատես լինում Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ այլ մոտեցումների դրսևորմանը և պատմության խեղաթյուրմանը։
-Կարծում եմ՝ սա ժամանակավոր երևույթ է և ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, քանի որ այդ ժողովուրդները նույնպես տուժել են ֆաշիստների կամ նրանց հարողների գործողություններից և չեն կարող այդքան շուտ մոռանալ իրենց հետ կատարվածը: Մյուս կողմից` հարկ է ընդգծել, որ հայ զինվորները և՛ խորհրդային բանակի, և՛ նրա դաշնակիցների բանակներում մեծ ներդրում են ունեցել ՈՒկրաինայի, Բելոռուսիայի, մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և ինչու ոչ` նաև Գերմանիայի ազատագրմանը ֆաշիզմից: Սակայն, ցավոք, ապրիլի 24-ին նշված երկրների ղեկավարների մեծ մասը չմասնակցեց Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Պատմությունը նպատակաուղղված խեղաթյուրելը կամ հատուկ մոռացության մատնելը ծնում է նոր հանցագործություններ: Չէ՞ որ նույն Հիտլերը 1939 թ. Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել էր. «Իսկ այժմ ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Հետևաբար, մեր պարտքն է ոչ միայն նշել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, այլև կանխել ֆաշիզմի նոր դրսևորումները:


Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ