«Որպեսզի օրինակ ծառայենք` 2014-ին նոր մեքենա ձեռք չենք բերել»,- այսօր ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը նախագահի աշխատակազմի մասով ներկայացնելիս ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Պատգամավորները նրանից հետաքրքրվել էին, թե նախագահականն անցնող տարում մեքենա գնե՞լ է և ինչպե՞ս է ստացվում, որ միջին և միջինից ցածր պետական պաշտոնյան իրեն թույլ է տալիս ձեռք բերել մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենա: Պաշտոնյան վստահեցրեց, որ դրա դեմ պայքարում են «սեփական օրինակով»: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ հարցրեց, թե պետբյուջեից որքան է ծախսվել ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու համար: Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ պետական միջոցներ գրեթե չեն ծախսվել, միայն մի հատկացում է եղել պահուստային ֆոնդից՝ մեկնարկի աշխատանքների համար: Մնացածը նվիրատվությունների հաշվին է եղել:
Տիգրան ՈՒրիխանյանի հարցն էլ վերաբերում էր ՀՀ քաղաքացիություն ստացողներին և քաղաքացիությունից հրաժարվածներին: Ի պատասխան, պաշտոնյան ասաց, որ 13 հազար 266 քաղաքացի քաղաքացիություն է ստացել, քաղաքացիությունից հրաժարվել է 2200 անձ: «Իհարկե, ցանկացած անձի՝ քաղաքացիությունից դուրս գալը մտահոգիչ է»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը, ով, ի դեպ, ընդգծեց, որ եկող տարի չի բարձրանալու պետական ծառայողների աշխատավարձը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ