Հայաստանում օտարերկրյա ներդրումները տարեցտարի նվազում են, որը խիստ բացասաբար է անդրադառնում տնտեսության առանց այն էլ անմխիթար վիճակի վրա: Տնտեսագետները փաստում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառը կառավարության ոչ ճիշտ քաղաքականությունն է: ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻՑ «Իրատեսը» փորձեց պարզել՝ ո՞րն է ներդրումների նվազման պատճառը:
-Պատճառները շատ են, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից սկսած մինչև այն, որ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ երկիր չէ,- ասաց պատգամավորը:- Այսինքն, օտարերկրյա ներդրողները հաշվի են առնում երկրի շրջափակված լինելը, ղարաբաղյան հիմնախնդիրը, ժողովրդի գնողունակության անկումը և այլ գործոններ:
-Իսկ կառավարության որդեգրած քաղաքականությո՞ւնը:
-Դա էլ: Կառավարությունը պետք է բարելավի ներդրումների միջավայրը: Վստահ եմ, կարելի է ավելի ազդեցիկ մեխանիզմներ գտնել, լավ մթնոլորտ ստեղծել: Սա ամենօրյա աշխատանք է:
-Դրսի ներդրողների համար Հայաստանը գրավիչ չէ, ներսում էլ, պարզվում է, գործարար հատվածը գոհ չէ: «Սեփական» ներդրողները ի՞նչ խնդիրներ ունեն:
-Հիմնական խնդիրը հայաստանյան շուկայի փոքր լինելն է: Սա բիզնեսի զարգացման համար ինքնին մեծ սահմանափակում է: Դրա համար պետք են ոչ ստանդարտ քայլեր, արտոնյալ պայմաններ բիզնեսի զարգացման համար:
-ԵԱՏՄ-ին անդամակցելու ամենագրավիչ խոստումը կապված էր մեծ շուկա ունենալու հետ: Գործարարները դեռ չե՞ն զգում այդ «մեծությունը»:
-Առայժմ շուտ է զգալու համար, բայց որոշ առումով արդեն շոշափելի է: Մասնավորապես գյուղմթերքի արտահանման ծավալները անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել են: Կարծում եմ՝ կամաց-կամաց մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ին անդամակցության դրական ազդեցությունը զգալու է:
-Միջազգային տարբեր կազմակերպություններ ու վերլուծական կենտրոններ փաստում են, որ Հայաստանը տնտեսական աճ չի ունենալու. սա տնտեսության վատ վիճակի մասին չի՞ խոսում:
-Տարի է եղել, որ անգամ աճի ցուցանիշը բացասական է եղել: Բնականաբար, որքան բարձր ցուցանիշ ունենանք, այնքան լավ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մեր և այդ կառույցների կանխատեսումները չեն համընկնում, կառավարությունը պնդում է, որ տնտեսական աճ ունենալու ենք: Չնայած, աճի ցանկալի տեմպ, ցավոք, չունենք:
-Տնտեսական վիճակը բարելավելու դեղատոմսը ո՞րն է, գուցե տնտեսական խնդիրների լուծումը քաղաքակա՞ն հարթությունում է:
-Այո, բոլոր տնտեսական բարեփոխումների համար հարկավոր է քաղաքական կամք, բայց ամենից առաջ հստակ տնտեսական հաշվարկ է պետք: Իսկ կամքը պետք է, որ այդ հաշվարկները կյանքի կոչվեն:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ