Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում, որն ավելի շատ հայտնի է որպես «լողավազան», պատահաբար հանդիպեցի երիտասարդական նորօրյա շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով հավանաբար աշխատում էր այնտեղ ու տեղի աշխատակիցներին հրճվանքով ներկայացնում էր բողոքի ակցիայի «խրոնիկան»: Երիտասարդը բավականին հաջող նմանակում էր ոստիկանապետին, պատմում էր, թե ինչպես են իրեն ճանաչում հասարակական վայրերում, ինչպես հենց երիտասարդներն են ասում՝ «աստղայինը տարել էր»: Մի պահ թվաց, թե դետեկտիվ ֆիլմ եմ նայում` մեկ դերասանով: Բայց «կատարողականը» մի կողմ թողնենք, առավել կարևոր էր նրա այն հավաստումը, թե էլեկտրաէներգիան չի թանկանա: Ըստ Վաղինակի, աուդիտը «մեջտեղ» են բերել, որ մի քանի ամիս անց ասեն` չէ, ժողովուրդ, չի թանկանա: ՈՒնկնդիրների զարմանքն ավելի էր խորացնում սոցիալական բունտի «առաջամարտիկներից» մեկը: «Հո չե՞ն կարա էսօր ասեն թանկանում ա վաղը` չէ: Աուդիտը հենց դրա համար են շրջանառության մեջ դրել, որ ասեն՝ պարզվում ա` չի թանկանում»,- պնդում էր նա ու այս կերպ բացատրում իրենց «նահանջը»: Հավանաբար երիտասարդ «հեղափոխականին» այսպիսի հավաստիացումներ են տրվել իշխանության համապատասխան օղակից, այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա այդչափ համոզվածությունը:
Հավելենք միայն, որ տեղի աշխատակիցներին, սպասող քաղաքացիներին մի լավ «իրազեկելուց» հետո նա հայտարարեց, թե գնում է ամսագրերից մեկի տնօրենի (հավանաբար խմբագրին նկատի ուներ) հետ խոսելու, նկարն էլ «աբլոժկայի» վրա կհայտնվի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ