«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աստծո դռանը` դրամապանակով

Աստծո դռանը` դրամապանակով
24.07.2015 | 00:27

Այն, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, ակնհայտ է, բայց որ հոգևոր կյանքն էլ գնալով քաղաքականացվում է ու ավելի տգեղ դրսևորումներ ունենում, վերջին օրերին ցցուն երևաց: Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցիների բացման ժամանակ նման կառույցների ողջ խորհուրդը ոչնչացվում է: Քաղաքական էլիտայի անհաղորդ դեմքերը, անիմաստ ճոխությունները թատերական ներկայացման տպավորություն են թողնում: Այս ֆոնին ծանոթներիցս մեկը խիստ տիպիկ պատմություն պատմեց: Երուսաղեմում հոգևոր ծառայություն իրականացրած տարիներին այնտեղ է գալիս Հայաստանի վերնախավը, հավանաբար, պաշտոնական այցի շրջանակներում: «Գիդի» դեր ստանձնած տեղի հայ հոգևորականը մեկիկ-մեկիկ ներկայացնում է, թե սրբավայրն ինչ խորհուրդ ունի, ինչու է կառուցվել, այլ խոսքով` «պատմությունն» է ներկայացնում: Երբ հերթական գողտրիկ սրբատեղին է ներկայացնում, նշում է, թե սա այն վայրն է, որտեղ մարդու ցանկություններն ու աղոթքներն առ Աստված արագ կյանքի են կոչվում: Ի՞նչ եք կարծում, հայ պաշտոնյան ի՞նչ պիտի «պաղատեր» Աստծուց: Պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկը դրամապանակը հանում է ու դնում սրբապատկերներից մեկի կողքին: Այդ ժամանակ, հայ պաշտոնյաներից բացի, եղել են նաև այդ երկրի ներկայացուցիչներ, որոնք զարմացել են, թե ինչու են գումար թողնում սրբավայրում: Հայ հոգևորականի ամոթն ու շփոթմունքն այնքան մեծ են եղել, որ նա արագ եզրափակել է խոսքը և առաջ անցել:
Ողջ էությամբ փողին գերի դարձած մարդն ինչպես կարող է հոգևոր կյանքը «ներս» թողնել ու ապրել Աստծո խոսքով: Նրա ուղեղն անգամ Աստծո դռան մոտ չի դադարում ավելի շատ փող ունենալու մասին մտածելուց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ