Ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսիան» արտագնայում 4:1 հաշվով հաղթել է շվեյցարական «Լյուցեռնին»: Հայաստանի ազգայինի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է ելել հանդիպման երկրորդ կեսին՝ փոխարինելով Սինձի Կագավային:
Հոլանդական «Հերենվենի» ու «Ալմերե Սիթիի» ընկերականին մասնակցել է Հայաստանի ազգայինի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը` դառնալով գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «Հերենվենը» կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Կողմերը բավարարվել են մեկական գոլով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան, շվեյցարական «Ցյուրիխը» ներկայացնող Արտյոմ Սիմոնյանը Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր «Վոլֆսբուրգի» հետ ընկերական խաղում երկրորդ խաղակեսին ելել է փոխարինման: Հանդիպումն ավարտվել է «Վոլֆսբուրգի» հաղթանակով, 4:2 հաշվով:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս եկած մակեդոնական «Վարդարի» կազմում հայտավորված են եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Ի տարբերություն վերջինիս, ով փոխարինվել է խաղավարտից տասնմեկ րոպե առաջ, Համբարձումյանը մասնակցել է ողջ խաղին: Ինչպես և առաջին հանդիպումում, ԱՊՕԵԼ-ի հետ «Վարդարը» խաղացել է ոչ-ոքի, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլը պայքարը շարունակելու հնարավորություն է տվել կիպրական թիմին:
Ինչ վերաբերում է Էդգար Մանուչարյանին, նրա գոլը հաղթական է եղել Եկատերինբուրգի «ՈՒրալի» համար: Մեր ֆուտբոլիստի առաջին իսկ հպումը գնդակին ավարտվել է Կրասնոդարի «Կուբանի» դարպասի գրավումով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ