«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը չեղյալ համարելու առնչությամբ շատերն իրենց կարծիքը հայտնեցին, ոմանք տոնը նշելու, մյուսները դրանից հրաժարվելու կոչեր արեցին: Երկու կողմերի տեսակետներն էլ կյանքի իրավունք ունեն, սակայն երբ, այսպես ասած, «այո»-ի կողմնակիցն իրեն ցինիկաբար է պահում հակառակ բևեռի հանդեպ, մեղմ ասած, ինքն է հայտնվում անհարմար վիճակի մեջ:
Այս ողջ իրարանցումը սկսվեց, երբ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետին, որ տոնին հատկացված գումարները տրամադրվեն սահմանամերձ գյուղերին: 1in.am-ին տված հարցազրույցում Երևանի փոխքաղաքապետ Նաիրա Նահապետյանն ասել է. «Թող Բախշյանն իր անձնական միջոցներով գնա սահման, ինչ-որ բան նորոգի, օգնություն ցույց տա, դա իր իրավունքն է: Բայց չի կարելի Երևանում կյանքը կանգնեցնել»: Ավելի անմիտ պատասխան դժվար է պատկերացնել, այսինքն՝ եթե յուրաքանչյուր առաջարկ անող ընդդիմադիրին «հրամայես» իրականացնել իր հայտարարությունները, երկրում պետք է իշխանություն չլիներ, հետո էլ կարելի է ենթադրել, որ Բախշյանը առաջարկում է Տարոն Մարգարյանի անձնական միջոցներն ուղղել սահմանամերձ գյուղերին: Իսկ գուցե գործարար-փոխքաղաքապետ Նաիրա Կարապետյա՞նը սեփական հէկերի միջոցներից «մի քանի կոպեկ» տրամադրեր սահմանամերձ գյուղերին: Կասկածում եմ:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ նրան թվում է, թե Երևանում կյանքը կկանգնի, եթե տոնը չնշվի: Անհեթեթություն է: Ստացվում է, որ կյանքը Երևանում չմեռնի, պարտադիր պետք է տոներ նշել: Ընդդիմախոսին կարելի է պատասխանել, բայց ոչ զավեշտի հասնող «դատարկախոսությամբ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ