ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ներքին ընդվզում ես նույնպես ունեցել եմ»

«Ներքին ընդվզում ես նույնպես ունեցել եմ»
22.12.2015 | 00:12

2015-ի մշակութային տարին հագեցած էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով: Մշակութային ի՞նչ կարևոր իրադարձություններ և միջոցառումներ է առանձնացնում երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

-Անցնող տարում ինչպիսի՞ն էր մեր մշակութային խճանկարը:
-Այս տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին դժվար է օբյեկտիվորեն խոսել, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Շատ հարուստ էր դասական երաժշտությունը, որն ամենակայացած ոլորտն է մեր մշակույթում: Մեծագույն ձեռքբերում էին նաև «Հովեր» երգչախմբի հյուրախաղերը Եվրոպայում: Շատ լավ ցուցահանդեսներ եղան: Կերպարվեստում նոր անուններ հայտնվեցին, բայց, անշուշտ, այս ոլորտում կան նաև շատ խնդիրներ:
-Պետական աջակցությունը մշակույթին բավարա՞ր է եղել:
-Պետական աջակցություն միշտ էլ եղել է, պարզապես այդ մասին քիչ են խոսում: Նման դեպքերում միշտ հիշում եմ Մանթաշովին, ով այսօրվա չափանիշներով համարվել է օլիգարխ և ծառայել է մշակույթին, սակայն տարիներ անց միայն այդ ամենը հայտնի դարձավ: Այժմ Մանթաշովներ կան, բայց քիչ են: Գիտեմ, թե նախագահն ինչքան է օգնում արվեստագետներին, առանց այդ մասին բարձրաձայնելու: Վատ չէր լինի, որ այդ արվեստագետներն առանց վախենալու այդ մասին խոստովանեին: Միայն շնորհակալ պետք է լինել, որ պատերազմական երկրում ապրող նախագահը երբեք աչքաթող չի անում մշակույթի գործիչներին: Աշխարհում մեզ հիմնականում ճանաչում են մեր մշակույթով: Նարեկացին վերջապես սրբադասվեց, վստահ եմ, որ Եվրոպայում շատերն արդեն կիմանան նրա ծագումն ու ակունքը: Մեր մշակութային քաղաքականության լավագույն առաքելություններից մեկն էլ այն կլիներ, որ թարգմանիչներին աջակցեին, որպեսզի օրինակ, տիեզերական Չարենցը թարգմանվեր այլ լեզուներով: Շատ պիտի խոսենք մեր պատմության մասին: Հիմա փայլուն աշխատանք կա. Արտակ Պողոսյանի «ՈՒրարտու» ֆիլմը, որը գրեթե պատրաստ է և առաջիկայում եռալեզու ներկայացվելու է աշխարհի դատին: Գիտական, ճշգրիտ, մեր ակունքների մասին պատմող ֆիլմ է:
-Մենք կարողանո՞ւմ ենք մեր ունեցած մշակութային հարստությունը դրսում լավ մատուցել, այսինքն, առաջին հերթին, կա՞ն ֆինանսական հնարավորություններ: Զորօրինակ, նկարիչները բողոքում են, թե միությունը հսկայական «պաշար» ունի, բայց չի կարողանում արտերկրում ներկայանալ:
-Ես ինքս նկարիչ եմ և գիտեմ, որ կա մի չգրված օրենք, երբ մի օլիգարխ, մեծահարուստ գնում է ինչ-որ մեկի նկարը, մեխանիկորեն բոլորը սկսում են նրանից գնել, մյուսները մնում են ստվերում: Ասել է` պիտի դաստիարակել մի սերունդ, որ կզբաղվի պրոդյուսինգով, մենենջմենտով: Կոնկրետ մասնագետներ, արվեստագետներ պետք է զբաղվեն ոչ միայն ջախջախիչ հոդվածներ գրելով, այլև ընդհատակում գտնվող նկարիչներին երևան բերելով, որպեսզի շուկա ստեղծեն: ՈՒնենք երիտասարդ նկարիչների, քանդակագործների հսկայական բանակ, որոնց պետք է օգնել, լուսաբանել: Այլապես ստացվում է, որ Հայաստանից ընդամենը տասը-տասնհինգ նկարիչներ են դրսում ցուցադրվում: Գիտեմ շատ հրաշալի, տաղանդավոր նկարիչների, վարպետների, որոնք անգամ յուղաներկ գնելու հնարավորություն չունեն, հին նկարների վրա են վերստին նկարում: Արվեստագետն այդպիսին է, մուսան եկավ, պետք է նկարի:
-Հայաստանում ամեն ինչ անձնավորված է, մենք երևույթները և գործընթացները պայմանավորում ենք անձերով: Մշակույթը ևս այդպիսին է: Այդ նախարարության աշխատանքների հաջողության համար կարևորվում է նախարարի փոփոխությունը: Համաձա՞յն եք, որ մշակույթի նախարարի փոփոխությունը բարերար ազդեցություն կունենա ոլորտի վրա:
-Մեր նախարարն իսկապես շատ աշխատասեր է: Ով լինի իր փոխարեն էլի քննադատության կարժանանա: Ամեն մարդ պետք է իրենից սկսի: Երբ ինչ-որ արվեստագետի որևէ բան չի հաջողվում, պետք չէ դրանում տեսնել նախարարի մեղքը: Դու ի՞նչ ես անում, քո արվեստը որտե՞ղ ես ցուցադրում: Հնարավորություն չկա՞: Դիմիր ինձ, բա, ինչու եմ այսօր ես այստեղ: Քանի անգամ եմ իմ արվեստագետ ընկերներին հորդորել, որ քանի դեռ պատգամավոր եմ այդ հարցերով ինձ դիմեք: Երբեք չեմ խորշում այդ հարցերը բարձրաձայնելուց: Պետք չէ ամեն անգամ այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեմ, օրինակ, վերջերս արվեստագետներից մեկի համար դիմել եմ նախարարին, և խնդիրն անմիջապես լուծում է ստացել: Երբ ԱԺ պատվիրակությունը Ֆրանսիայում էր, ես հանդիպում ունեցա տեղի մշակույթի փոխնախարարի հետ և առաջարկեցի «Արթ ռեզիդենտ» ծրագիրն իրականացնել: Մինչ գնալը արվեստագետների, հիմնականում նկարիչների հետ քննարկումներ կազմակերպեցինք, թե ինչ է այսօր իրենց պետք: Ֆրանսիայի մշակույթի փոխնախարարին առաջարկեցի փոխհամագործակցություն, որպեսզի ֆրանսիացի նկարիչները գան Հայաստան և այստեղից գնան այնտեղ:
-Երգարվեստին վերադառնանք, այստեղ ի՞նչ բացթողումներ եղան:
-Երգարվեստում, իհարկե, խնդիր կա: Փոփ երաժշտությունը բավականին լավ վիճակում էր մինչև ինչ-որ մի պահ: Ինձ ասում են` ինչո՞ւ չես երգում: Եթե անգամ պատգամավոր էլ չլինեի, չէի երգի, որովհետև համերգներ չկան: Առաջ շատ հաճախ էր համերգներ լինում:
-Ինչո՞ւ չկան:
-Չգիտեմ: Իմ գործընկեր երաժիշտները երգում են ակումբներում:
-Փաստորեն, համերգային մշակույթը վերանո՞ւմ է:
-Շատ ուրախ եմ, որ դասական երաժշտությունն աստեղային ժամ է ապրում: Համերգներ չկան, որովհետև չունենք մեծ բեմ: Երգի թատրոնը հրաշալի վայր է, իմ տունն է, բայց փոքր է: Մեծ շոուներ կազմակերպելու համար երգի մեծ թատրոն է պետք, որտեղ կլինեն շոուներ: Երբեմն աստղը և ոչ աստղը այնքան են նույն հարթակի վրա ներկայացվում, որ վիրավորական է իսկական, կարող երգչի համար:
-Այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաև պետական «հովանավորչությունը»: Մշակութային որոշակի քաղաքականության հետևանքով է, որ աստղերը և ոչ աստղերը նույն հարթության մեջ են դրվում, վաստակավորի կոչումներ շնորհվում:
-Այդ խնդիրը կա: Այդ հարցում ներքին ընդվզում ես նույնպես ունեցել եմ: Այդ մասին խոսվել է, չեմ ուզում մտնել այդ դաշտ: Ես չեմ որոշողը: Պարզապես իմ օրինակով պետք է ասեմ, որ երբեք չեմ գնում անունի հետևից, ինձ գրավում է երաժշտությունը: Այս տարվա ձեռքբերումներից մեկն էլ ջազ նվագախմբի փայլուն համերգն էր: Բայց դահլիճը կիսադատարկ էր, վիրավորանքից լացս գալիս էր, որովհետև բարդագույն ծրագրերի հրաշալի կատարումներ էին: Մինչդեռ դրանից մի շաբաթ առաջ Հերբիի համերգին դահլիճը լեփ-լեցուն էր: Սա խոսում է այն մասին, թե ժողովուրդը որն է նախընտրում: Արվեստագետը պետք է թելադրող լինի բեմից, ոչ թե հագուրդ տա հանդիսատեսի ցանկություններին, որ երկու-երեք «փարա» ավելի աշխատի: Այդպես չի լինում, արվեստագետը միշտ եղել է չափանիշ, որին ձգտել են նմանվել: Այսօր այդպիսի բան չկա: Արժեքները կորել են: Հայտնի արվեստագետն անցնում է փողոցով, ոչ մեկը չի ճանաչում, բայց մի օլիգարխի «ախրանիկ» անցնի, կասեն` վա՜յ, սրա «ախրանիկն» էր: Ինչիս է պետք այդ «ախրանիկը», նայեք, ով է անցնում, ինչ գրող է, նրանք քիչ են մնացել: Այդ սերունդը կամաց-կամաց մարում է:
-Հաջորդ տարի ի՞նչ փոփոխություններ կցանկանաք տեսնել մշակույթում:
-Նկարիչների արվեստանոցները կազինոների և սուպերմարկետների չափ չհարկվեն: Այդ օրենքն առհասարակ պետք է վերանա, ամոթ է: Կուզեմ, որ փոփ երաժշտության համերգներ լինեն կենդանի նվագակցությամբ, լավ գործիքներով, որովհետև մեկ-մեկ համերգներ են լինում, որ Տրոցկու ժամանակաշրջանի միկրոֆոններով են: 21-րդ դարում սա շատ ամոթ է: Կազմակերպիչներ են լինում, որ երկու կոպեկ տնտեսում են և լավ գործիքներ չեն վարձում, որպեսզի նորմալ հնչողություն լինի: Հուսամ, որ Համազգային թատրոնի շենքն իրական կդառնա: Կուզեմ շատ պրեմիերաներ, մենահամերգներ լինեն: Շատ կցանկանամ, որ հայ հանդիսատեսը սիրի իր արվեստագետին, շնչակտուր չվազի օտար, երրորդ կլասի արվեստագետի հետևից:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ