Այս տարի աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպմանը: Պարզվում է, քաղաքապետը ևս դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, Տարոն Մարգարյանը նշել է. «Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավելի անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: ՈՒ հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական՝ ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիտեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ»:
Թերացում է եղել նաև վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների իրականացման առումով: Առավել թերացել է Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը, որի պատիժը չի ուշացել:
Տոնական օրերին աղբահանությունը ևս դժգոհության առիթ է տվել: Այս մասին էլ է խոսել քաղաքապետը, վերստին մեղադրելով «Սանիտեք»-ին, որը նաև աղբահանման աշխատանքներ է իրականացնում, և վարչական շրջանների ղեկավարներին:
Սակայն այս «մեղադրական» օղակում բաց է մնում մեկը: Մինչև աղբը «Սանիտեք»-ին հասնելը, պետք է համատիրությունների ղեկավարներին մի «լավ» դաս տալ, որ ոչ միայն տոներին, այլև սովորական օրերին էլ աղբատարների խցանումները ժամանակին կազմակերպեն: Այլապես օրերով բարձրահարկ շենքերի աղբատարը, մուտքերը գարշահոտից «բուրում» են: Տոնական օրերի մասին էլ չենք խոսում:
Մինչդեռ հաճախ համատիրության ղեկավարները կշտամբում են բնակիչներին, թե ինչու են ամեն տեսակի աղբ լցնում աղբատարը, մի բան էլ բնակիչների «ինադու» մի քանի օր խցանված են թողնում, որ դաս լինի նրանց:
Այնպես որ, մի դիմում էլ ասեք համատիրությունների որոշ ղեկավարներ գրեն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ