Պարզվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «դյուցազուն» է: Եվ այն էլ ինչպիսի` օրինակելի: Հայ ընթերցասեր և սպորտասեր հասարակությունը կարող է սրանում համոզվել` ընթերցելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Դյուցազնագրքի» երկրորդ հատորը:
«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը` մեկ որպես հեծանվորդ, մեկ` սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու: Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի` Վարդան Թովմասյանի, գնահատականները: Տպավորությունն այնպիսին է, որ մինչ Քոչարյանը Հայաստանը չգիտեր, թե ինչ է սպորտն ու ինչ պիտի անել դրա զարգացման համար: «Նրա 10-ամյա կառավարման ընթացքում սպորտային բնագավառում արձանագրվեց շոշափելի առաջընթաց: Ստեղծվեց հրաշալի թիմ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի, վերականգնվեցին աղետալի վիճակում գտնվող բազմաթիվ սպորտային կառույցներ, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներ»,- ասված է ու փաստված «օրինակելի» Քոչարյանի «գրավչությունները»: «Ռոբերտ Քոչարյանն աշխարհում այն եզակի նախագահներից է, ով իր նախագահության ժամանակաշրջանում տարվա բոլոր եղանակներին ակտիվորեն զբաղվել է տարբեր սպորտաձևերով` հեծանվային սպորտ, դահուկավազք, լեռնադահուկ, լող, բասկետբոլ, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, ձիասպորտ և սերֆինգ»:
Հեղինակն ավելի հեռուն է գնացել և Քոչարյանի կողքին դրել «սպորտսմեն» նախագահներին` սկսելով Վլադիմիր Պուտինից և հասնելով Ջորջ Բուշին:
Հասկանալի է, որ այսօր հովանավորի առկայության պարագայում ինչ որակի ու բովանդակությամբ գրքեր ասես տպվում են, բայց մի քիչ համեստությունն ու իրատեսությունը ոչ մեկին չէին խանգարի: Չի կարելի սպորտասեր, սպորտային հոբբիներ ունեցող նախագահին համարել ոչ միայն «օրինակելի նախագահ», այլև ներառել «Դյուցազնագրքում»: Նախագահների «օրինակելիությունը» լրիվ այլ չափորոշիչներով է չափվում: Հազիվ թե միայն ֆիզիկական կարողությունները բավարար լինեն երկրի ղեկը ստանձնելու համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ