BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հանձնարարված է կեղծիքի երկրորդ փուլն անցկացնել»

«Հանձնարարված է կեղծիքի երկրորդ փուլն անցկացնել»
23.02.2016 | 01:16

Երեկ մեկնարկած քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱԺ ղեկավարությունից պարզաբանում պահանջեց, թե, ի վերջո, երբ է այդ նախագիծը ներկայացվելու խորհրդարանականների դատին: «Հունվարից հետո արդեն երկրորդ քառօրյան է անցնում, մենք այդ օրենքի նախագծի ծայրն էլ չենք տեսել»,- նշեց պատգամավորը, ում «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:

-Դուք կարծիք հայտնեցիք, որ ԸՕ-ի նախագծի շուրջ ինչ-որ բան այն չէ: Ինչի՞ մասին էիք ակնարկում:
-Հասարակությունը գիտի, որ երկու ամիս է, նրանք կուլիսներում ինչ-որ բան են թխում, եփում, որի մասին ոչ մեկը ոչինչ չգիտի: Այն դեպքում, որ միջազգային կառույցները հորդորում են, որ դեկտեմբերի 6-ի իրենց մեղքերը մաքրելու համար գնան լայն կոնսոլիդացիայի, հասարակության բոլոր շերտերի, քաղաքական ուժերի հետ միասին մշակեն այդ օրենքի նախագիծը: Մեր տեղեկություններով, ոչ միայն այն մշակել են, ներսում որոշ քաղաքական ուժերի հետ «բլիթ» բաժանելու պայմանավորվածություն են ձեռք բերել, այլև նախագիծն ուղարկել են Վենետիկ: Մինչդեռ ՀԱԿ-ն ունի հստակ դիրքորոշում և միջազգային կառույցների հետ լուրջ հանդիպումներ է անցկացնում` օրենսգիրքը լավը դարձնելու համար:
-Ինչո՞ւ է իշխանությունը «գաղտագողի» մշակում ԸՕ-ն ու «քողի» տակ պահում դրա շուրջ կատարվող գործընթացները:
-Մինչև խնդիրները չլուծեն իրենց «ֆալշ» ընդդիմադիրների հետ, փորձելու են չհրապարակել: Այսինքն, խոհանոցում եփելու են մի բան, որ իրենց կողմնակիցների կանխակալ վերաբերմունքով միայն կբերվի ԱԺ: Դրա համար էլ մենք ոչնչից տեղյակ չենք: Այո, գաղտնի գործընթացներ են իրականացնում` փորձելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին, այդ ամենից հեռու պահել: Միակ քաղաքական ուժը, որ կուսակցական հայտարարությամբ դիրքորոշում է հայտնել առաջիկա ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ՀԱԿ-ն է: Մենք ունենք յոթ կետից բաղկացած հայտարարություն և այդ յոթ կետի համար պայքարելու ենք: Իրենք ոչ արձագանքում են, ոչ եզրակացություն են տալիս, ոչ էլ ընդգրկում են իրենց նախագծերի մեջ: Գաղտնի գործընթաց, որի մասին հետևողական ուժերը ոչ մի տեղեկություն չունեն:
-Աշխատանքային այն խումբը, որը զբաղված է նոր ԸՕ-ի մշակմամբ, Ձեզ հիմք տալի՞ս է եզրահանգելու, որ գոնե նորմալ փաստաթուղթ կունենանք:
-Սա նույն խումբն է, որը զբաղված էր նաև սահմանադրական բարեփոխումներով, կազմակերպել էր սահմանադրականի կեղծիքները: Այս խմբին հանձնարարված է կեղծիքի երկրորդ փուլն անցկացնել: ԸՕ-ն կազմակերպել այնպես, որ ձեռնտու լինի Սերժ Սարգսյանին և նրա թիմին: Այլապես ինչն էր նրանց խանգարում, որ հրապարակեին նախագծի նախագիծը և ասեին. «Խնդրեմ, քաղաքական ուժեր, ներկայացրեք ձեր առաջարկները, դիտողությունները»: Նրանք փորձում են Վենետիկի հետ հարցերը լուծել, ինչպես նախորդ անգամ արեցին, հետո ներկայացնել և ասել, որ Վենետիկը մեզ ասաց, թե ձեր առաջարկները լավը չեն (օրինակ, ցուցակներ մաքրելը, հրապարակելը): Հիմա նրանք իրենց հին մեթոդներով կփորձեն Վենետիկից բերել մի նախագիծ, որն իբր համաձայնեցված է տարբեր քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ.Գ. Արամ Մանուկյանի հարցի ժամանակ ԸՕ-ի մշակողներից մեկը` ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, աջ ու ձախ հայացքը նետելով, աթոռը ճոճելով, հեգնախառը ժպտում էր: «Գիշերուզօր» ընտրական օրենսգրքեր մշակող Թովմասյանը ճիշտ կաներ գոնե ԱԺ ղեկավարությանը տեղեկացներ, որ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Ի դեպ, այս մասին հարցուպատասխանից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղարին տեղեկացրել է նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ