ԱԺ այս քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանի ղեկավարությունից ընտրական նոր օրենսգրքի առնչությամբ տեղեկատվություն պահանջեց, այնուհետև «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ իշխանությունները փորձում են այս գործընթացից ՀԱԿ-ին հեռու պահել: «Միակ քաղաքական ուժը, որ հայտարարությամբ դիրքորոշում է հայտնել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ՀԱԿ-ն է: Մենք ունենք յոթ կետից բաղկացած հայտարարություն և դրանց համար պայքարելու ենք: Իրենք ոչ արձագանքում են, ոչ եզրակացություն են տալիս, ոչ էլ ընդգրկում են իրենց նախագծի մեջ»,- ասել էր ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի աշխատանքային խմբի անդամ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե ինչու իշխանությունը «հաշվի չի նստել» ընդդիմության առաջարկների հետ:
-Մենք փորձել ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որը, մեր կարծիքով, բավարարում է բոլորի պահանջները, այդ թվում` ընդդիմության,- ասաց նախարարը:- Հաշվի ենք առել նաև որոշ իրողություններ, թե քանի մարդու մատնահետք է առկա, ինչպիսի ցանցային հնարավորություն ունենք և այլն: Մոտ օրերս կներկայացնենք ԱԺ:
-Վենետիկի հանձնաժողովից հետ գալուց հետո՞:
-Ոչ, զուգահեռ կներկայացվի ԱԺ, այսինքն` զուգահեռ կընթանա գործընթացը:
-Այս պահին նախագիծը Վենետիկի հանձնաժողովո՞ւմ է:
-Այո, բայց նաև ԱԺ-ին կուղարկենք նախագիծը, քննարկումներ կսկսվեն, և քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց մոտեցումները հայտնելու:
-Ստացվում է` ընդդիմության առաջարկներն առանձի՞ն պիտի ուղարկվեն Վենետիկի հանձնաժողով:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ԱԺ-ում իր առաջարկները ներկայացնել:
-Հարցն այն է, որ դրանք արդեն «դեկլարատիվ» բնույթ կունենան, քանի որ պատրաստի նախագիծն արդեն Վենետիկի հանձնաժողովում է: Այդուհանդերձ, հնարավո՞ր է դրանք ներառվեն նախագծում:
-ԱԺ-ում քննարկումները ցույց կտան:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ