Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Մի քիչ էլ դրականը տեսեք, թե չէ ապրելը դժվար է լինելու»

«Մի քիչ էլ դրականը տեսեք, թե չէ ապրելը դժվար է լինելու»
12.03.2016 | 11:00

Այսօր ոչ մի դպրոցի շրջանավարտ առանց կրկնուսույցի մոտ պարապելու չի կարող բուհ ընդունվել: Բուհ ընդունվածներն էլ վճարում են, որ չսովորեն: Գիտության թեկնածուներ են դառնում մականունավորներ և «անհասկանալի» պաշտոնյաներ... Կրթության համակարգի բազում խնդիրների առկայության պայմաններում ԿԳ նորանշանակ նախարարը հորդորում է «դրականը» տեսնել, այլապես «ապրելը դժվար կլինի»: Տարիներ առաջ Հայաստանում ներդրված բոլոնյան կրթական համակարգի համար չորս անգամ նախարարի պաշտոնը ստացած Լևոն ՄԿՐՏՉՅԱՆՆ այսօր չի՞ փոշմանել, հարցրի նրան:

-Ո՛չ: Բոլոնյան համակարգը գործում է եվրոպական և ամերիկյան համարյա բոլոր երկրներում: Ձեր հարցը կարող էր ձևակերպվել հետևյալ սկզբունքով` Դուք չե՞ք փոշմանել, որ Հայաստանում բարձրագույն կրթություն կա: Եթե այս համակարգը չներդնեինք, մեր վկայականներն աշխարհում չէին ճանաչվի: Չկա աշխարհում որևէ երկիր, որ այս համակարգից դուրս է: Հիմա իմաստը ո՞րն է, որ այդ համակարգին չանցնեինք:
-Իսկ այն բոլոր խնդիրնե՞րը, որոնք այդ գործընթացի հետևանք են:
-Իհարկե, այն բերում է խնդիրներ: Ցանկացած նոր ծրագիր իր հետ բերում է տասնյակ խնդիրներ: Քանի որ վախենում ենք այս խնդիրները լուծել, կորցնենք բարձրագույն կրթությո՞ւնը: Ի վերջո, ամեն գյուղում կարող ենք մի շենք հատկացնել, ասենք` սա համալսարան կամ ակադեմիա է, բոլորին տանք գիտությունների դոկտորի կամ ակադեմիկոսի աստիճան, ու մեզնից հպարտ նստենք այս ճահճի մեջ:
-Մեծ հաշվով էլի ճահճի մեջ ենք: Գյուղերում առանձին շենք չենք հատկացնում, մայրաքաղաքի համալսարաններում ենք ում ասես գիտությունների դոկտոր դարձնում:
-Ճահճի մեջ չենք: Օրինակ, երեք-չորս տարի առաջ Քեմբրիջում առիթ եմ ունեցել հանդիպելու հայ ուսանողների հետ: ԵՊՀ-ի ֆիզիկան ավարտած երեխաներն իրենց գիտելիքներով ընդունվել են աշխարհի լավագույն համալսարանի մագիստրատուրան:
-Ձեր օրինակները բացառապես ԵՊՀ-ին են առնչվում, մյուս բուհերը խնդիրնե՞ր ունեն:
-Չէ, Բրյուսովն ավարտած մի փայլուն աղջիկ կար, որ հիմա Անգլիայում է աշխատում, նա պատմեց, որ բուհի իր անգլերենի մակարդակով ընդունվել է Օքսֆորդի համալսարան: Բոլորին էլ կարող եմ թվել: Մեր ճարտարապետների վկայականը Եվրոպան միանշանակ ճանաչում է: Ես Ձեզ խնդրում եմ` մի քիչ էլ դրականը տեսեք, թե չէ ապրելը դժվար է լինելու: Չի կարելի ամեն ինչ ոչնչացնել:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ