ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել հողերի հանձնմանը»

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ  չի եղել հողերի հանձնմանը»
26.04.2016 | 09:05

Լևոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականի ոչ «պաշտոնական» պատճառաբանությունն այն էր, որ նա պատրաստվում էր Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, այսինքն՝ տարածքներ հանձնելու, ինչին իբր ընդդիմանում էին Հայաստանի հաջորդ իշխանությունների ներկայացուցիչները: Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց հիմնախնդիրը կարգավորել «ոչ մի թիզ հող» կարգախոսի շրջանակներում, ավելին, վերջինս բանակցային գործընթացից դուրս թողեց Ղարաբաղը: Այսօր ևս խոսվում է Ադրբեջանին տարածք վերադարձնելու մասին: Այլ խոսքով, առաջին նախագահը կողմ էր փուլային, ընդդիմախոսները` փաթեթային տարբերակին, սակայն ստացվեց այնպես, որ հաջորդ նախագահներն էլ կարծես փուլային տարբերակով են առաջ գնում: Երբ այս մասին հարցրի ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ, վերջինս չհամաձայնեց, որ Տեր-Պետրոսյանը փուլային տարբերակին է կողմ եղել, պարզաբանելով.

-Դա պարզունակ պատկերացում է: 97-ին եղավ փաթեթային տարբերակը, որին որոշ վերապահումներով կողմ էր Հայաստանի իշխանությունը, բայց դեմ էին ԼՂՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները: Հետո եղավ փուլային տարբերակը, որին կողմ էին և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունները, բայց դեմ էր ԼՂՀ-ն: Սրան հաջորդեց «ընդհանուր պետության» տարբերակը, որին կողմ էին և Հայաստանը, և ԼՂՀ-ն: Այս ամենում ամենակարևորն այն է, որ սուբյեկտ էր ԼՂՀ-ն, այսինքն, եթե այն ինչ-որ տարբերակին դեմ էր լինում, դա չէր կարող ընդունվել:
-Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը տարածքները հանձնելու հստակ «մեղադրանք» էր հնչում: Եթե հավատանք տարածված խոսակցություններին, փաստորեն, այսօր նրա՞նք էլ են այդ ճանապարհով գնում:
-Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել հողերի հանձնմանը: Դա շատ կեղտոտ դեմագոգիա է: Առաջին նախագահը կողմ է եղել արժանապատիվ կարգավորմանը: Այն պլանները, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ճանապարհի վրա ժամանակին քննարկվում էին, շատ լուրջ հանգրվան կարող էին դառնալ: Նա կողմ է եղել հենց դրան:
-«Արժանապատիվ կարգավորումը» ենթադրո՞ւմ էր «ոչ մի թիզ հող» սկզբունքը:
-Փաստն այն է, որ մենք էինք ստեղծել անվտանգության մի գոտի, որպեսզի Ղարաբաղի բնակչության անվտանգությունը երաշխավորվի: Այդ տարածքներից նրանց վտանգ էր սպառնում, լինում էին ռմբակոծություններ, կրակոցներ, հազարավոր մարդիկ էին զոհվում: Այդ անվտանգության գոտու գերագույն նպատակը եղել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:
-Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում կոչ արեց ներքին խնդիրները մի կողմ թողնել և միասնական հանդես գալ: Սա համարյա իշխանությունների նույն դիրքորոշման կրկնությունն է, երբ ամեն հարցի չկարգավորման համար մատնանշում են ղարաբաղյան հիմնախնդիրը: Փաստորեն, հիմնախնդիրը որպես խաղաքարտ են օգտագործում բոլորը:
-Իսկ ավելի լա՞վ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվեր ներքին քաղաքական հարցեր լուծելու նպատակով: Այն, ինչ արվեց Ադրբեջանում: Հիշեցնեմ. Ադրբեջանը տարածքային կորուստների առյուծի բաժինն ունեցել է այն պատճառով, որ ներքին հարցերն ընդդիմությունն օգտագործել է իշխանության դեմ: Մենք նման դավաճանական պահվածք չենք ունենա երբեք: Մեզ պետք չէ իշխանություն պետության պարտությունների գնով: Այն, ինչ արեց Ադրբեջանի ընդդիմությունը: Մենք նման արկածախնդրության երբեք չենք գնա:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ