«Ադրբեջանի պլանավորած բլիցկրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արսենալը, որը ձեռք էր բերվել նաև Ռուսաստանից։ Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց և անկեղծ»,- այսօր Մոսկվայում մեկնարկած ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ խոսքը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, որը Ալիևը օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների և խաղաղ բնակիչների:
«Ինձ համար հասկանալի չեն ռուս մեր որոշ գործընկերների բացատրությունները, թե Ադրբեջանը, միևնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից։ Չեմ կարծում, որ այս պնդումը դիմանում է որևէ լուրջ քննադատության։ Նախ, ռուսական ժամանակակից զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, դա վաճառում է բացառապես Ռուսաստանը, և այն օպտիմալ է թե՛ որակի, թե՛ գնային առումով։ Այդ զենքի այլ երկրի արտադրության անալոգները կա՛մ մի քանի անգամ թանկ են, կամ մի քանի անգամ թույլ են իրենց ազդեցությամբ, և դա փաստ է։ Հատկապես, որ մի շարք արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք չեն վաճառում։ Դժվար է ընդունել այն միտքը, որ ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, և եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է, և ոչ մի անձնական բան։ Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է։ Պրագմատիկ, որովհետև իրականում շատերն են այդպես վարվում։ Անհասկանալի, որովհետև ընկերներին փողի հետ փոխանակել չի կարելի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ