Այս օրերին Ռուսաստանի հայացքն ուղղված է դեպի Բաքու: Սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը: Իսկ մինչ այդ ՌԴ արտգործնախարարն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ արդեն ասուլիս է հրավիրել և ուշագրավ հայտարարություններ արել: «Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան երբևէ»,- փաստել է Լավրովը` ընդգծելով, որ հունիսի 20-ի հանդիպումից հետո հատուկ պայմանավորվել են, որ զգույշ կվերաբերվեն հույսի այն ծիլերին, որոնք հայտնվել են: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարն ավելի հստակ մեսիջներ է հղել: «Այս պահին բանակցություններն ընթանում են կոնկրետ հարցերի շուրջ: Հետևողական, ինտենսիվ բանակցությունների արդյունքում մենք կարող ենք առաջընթացի հասնել այնպիսի հարցերում, որոնք դեռ լուծված չեն»,- շեշտել է նա:
Այս համատեքստում լիովին հասկանալի են ԼՂՀ-ում Հայաստանի նախագահականի պատվիրված սոցհարցումները, որոնք վերաբերում են տարածքների հանձնմանը: Եթե այս հարթությունում դիտարկենք ռուս և ադրբեջանցի արտգործնախարարների հայտարարությունները, ակնհայտ է, որ այս պահին սեղանին դրված է հայկական կողմի տարածքները հանձնելու հարցը: Սակայն թե ինչ է տրվելու դրա փոխարեն, ոչ մի ակնարկ չկա: Արդեն վաղուց շրջանառվող այն խոսակցությունները, թե տարածք` կարգավիճակի դիմաց, իրողությո՞ւն է, թե՞ ոչ, կերևա առաջիկա զարգացումներից: Սակայն կա նաև մեկ այլ հանգամանք. առաջին անգամ չէ, որ ԵԱՀԿ համանախագահները, ռուս և ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, թե ահա-ահա հիմնախնդրի լուծմանը մոտենում ենք, սակայն մեկեն ամեն ինչ վերադառնում է նախկին հուն և նորից սկսում են բանակցություններ «կառուցել»: Այս անգամ, թերևս, կա մեկ շատ որոշիչ բաղադրիչ` ապրիլյան պատերազմը, իսկ սա ինչպիսի ազդեցություն կունենա հիմնախնդրի հանգուցալուծման վրա, ու դա կողմերից ում շահեկան վիճակի մեջ կդնի, պայմանավորված է նախ և առաջ արտաքին գերատեսչությունների և անձամբ երկրի ղեկավարների ճիշտ մարտավարությամբ: Կկարողանա՞ հայկական կողմը տեր լինել իր հայրենիքին ու սպասարկել սեփական ժողովրդի շահերը, դժվար է ասել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ