Գյումրու քաղաքապետի ընտրությունից բավականին ժամանակ է անցել, սակայն հանրապետության երկրորդ քաղաքում մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ։ Չնայած գյումրեցիների գերակշիռ հատվածը դեմ արտահայտվեց Սամվել Բալասանյանին, բայց դա նրան չխանգարեց ցանկալի պաշտոնը նորից ձեռք գցելու հարցում։ Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների ավագանու անդամները ևս չեն ցանկանում ներկա լինել նիստերին և ընտրության արդյունքները փորձում են վիճարկել դատարանում։ Այլ խոսքով, քաղաքի կառավարումը կաթվածահար վիճակում է, իսկ իշխող մեծամասնությունը մատը մատին չի տալիս իրավիճակը շտկելու համար։ Ինչպե՞ս կարող է մեկը քաղաքապետ դառնալ, երբ հանրային այդչափ բացասական վերաբերմունք կա նրա հանդեպ։ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում «հաղորդակից» լինելու այս բողոքներին և լուծման տարբերակ գտնելու, գուցե նաև նոր ընտրություն անցկացնելու՝ հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ։
«Ճիշտն ասած, ես միշտ Գյումրիում եմ լինում ու չեմ կարող ասել, թե մարդիկ դժգոհ են ընտրությունների արդյունքից, ականատես էլ չեմ եղել նման իրավիճակի»,- որքան էլ զարմանալի է, այսպես արձագանքեց պատգամավորը։
-Գյումրիում առկա մթնոլորտը Ձեզ ոչինչ չի՞ հուշում, պարոն Ավետիսյան:
-Չէ, նորմալ աշխատանքային տրամադրություններ են։ Իհարկե, ընդունում եմ Ձեր այն դիտարկումը, որ Գյումրու ավագանու ընտրված անդամները, որոնց սրտով չեն ընտրությունների արդյունքները, դեռևս չեն ուզում ընդունել կայացած փաստը։ Բայց Բալասանյանը մեղավոր չէ, որ օրենքով քաղաքապետ է դարձել։
-Գյումրեցիները (և ոչ միայն գյումրեցիները) համոզված են, որ նա խախտումներով, մանդատ «գողանալով» է քաղաքապետ «կարգվել»։
-Ոչ, օրենքի տառով է քաղաքապետ դարձել։ Այս փաստը չընդունելը սխալ է։ ԸՕ-ն հստակ տվել է բոլոր լուծումները։ Կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, որոնք մինչ ընտրությունները քաղաքի վերաբերյալ ունեցել են իրենց ծրագրերն ու ռազմավարությունը, տեր կանգնել այդ ամենին։
-Այդ ուժերն առաջին հերթին իրենց մանդատն են ուզում և չեն ցանկանում աշխատել չընտրված մարդու հետ, ասելով՝ ինչո՞ւ պետք է 34 տոկոս ձայն հավաքած անձը կառավարի 44 տոկոս ստացած հատվածին։
-Քաղաքապետի հետ աշխատել-չաշխատելու հասկացություն չկա, կա ավագանի, որի անդամներն են նաև այդ կուսակցությունների ներկայացուցիչները, ժողովուրդը նրանց ձայն է տվել, ուրեմն պետք է աշխատեն։ Ժողովուրդը նրանց ընտրել է՝ հավանություն տալով այդ ուժերի ծրագրերին։ Բա 44 տոկոս ձայն հավաքած ուժերը չե՞ն մտածում այդքան մարդու մասին, թող գնան ու իրենց ծրագրերն իրականացնեն։ Թող գնան ավագանի աշխատեն, դառնան քաղաքապետի համար զսպաշապիկ, իրենց անդամներով քաղաքապետի առաջ խնդիրներ դնեն և լուծումներ պահանջեն։ Եթե խախտումներ լինեին, կեղծումներով ձևավորվեր ավագանին, այս կեցվածքն ընդունելի կլիներ, բայց ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ու այս պարագայում խոսել նոր ընտրություններից, օրենքի անկատարությունից՝ արդեն ուշ է։ Եթե կան խնդիրներ, պետք է շտկվեն ապագայում, օրենքում փոփոխություններ արվեն, լրացումներ և այլն։ Իսկ այսօր կա փաստ, որի հետ պետք է համակերպվել ու աշխատել։
-Մի կողմ թողնենք, թե որքան է օրինական երկու մանդատները «Բալասանյան դաշինքին» նվիրելը, խնդիրը դիտարկենք հենց օրենքի դաշտում։ ՏԻՄ ընտրությունների մասին օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է. «Եթե Գյումրի ու Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է համայնքի ընտրված ղեկավար։ Եթե այդ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարի առաջարկվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով»։ Այսինքն՝ օրենքում ոչինչ չի գրված դաշինքների մասին, նման պարագայում ավագանու առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվեր, մինչդեռ անտեսվել է օրենքը։
-Գուցե ՏԻՄ օրենքում վրիպակ է եղել կամ չեն ընկալել, որ դա կարող է նաև դաշինքներին վերաբերել։ Մենք ընտրությունների արդյունքն ամփոփում ենք ոչ թե ՏԻՄ ընտրությունների մասին օրենքով, այլ ընտրական օրենսգրքով։ Ընտրատարածքային համապատասխան հանձնաժողովն իր որոշումը կայացրել է ԸՕ-ով, նրան ՏԻՄ-ի մասին օրենքը չի հետաքրքրում։ Նա աշխատում է ԸՕ-ով։
-Ինչպե՞ս կարող է մի օրենքը հակասել մյուսին։
-Հակասությո՞ւն կա, տեսե՞լ ենք այդպիսի խնդիր, առաջարկություններ ենք անելու, որ հետագայում նման խնդիրներ չծագեն։ Քի՞չ օրենքներ են եղել, որ կիրարկման ընթացքում են խնդիրները երևացել և հետագայում շտկվել են։ Բայց սա չպետք է խանգարի կայացած փաստն ընդունելուն և աշխատելուն։
-Չե՞ք կարծում, որ այսպիսի քաղաքականությունը հանրային ընկալմամբ հետևյալ երանգն է ստանում՝ ՀՀԿ-ն ցանկացած օրենք «կարում» է իր ցանկություններին համապատասխան, որ իր թեկնածուին առաջ մղի։
-ՀՀԿ-ն իր ուզած ձևով չի անում, իր թեկնածուին առաջ չի տանում, դա ժողովրդի քվեի արդյունքն է։ Այդ օրենքների քննարկմանը ՏԻՄ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը մասնակցել են, միայն ՀՀԿ-ն չի այդ օրենքները քննարկել ու ընդունել։
-Որպես գյումրեցու եմ հարցնում, ոչ որպես ՀՀԿ-ականի. նորմա՞լ է, որ «զոռով-շառով» 34 տոկոս ձայն հավաքած մարդը ղեկավարի Գյումրին։
-Օրենքով է ամրագրված քվեների բաշխումը, այստեղ ոչ գյումրեցու խնդիր է, ոչ էլ վանաձորցու: ԱԺ-ն կառավարության առաջարկով քննարկել ու քվեարկել է ԸՕ-ն, այսինքն, ինքներս ենք դա ընդունել, իսկ նման դրույթն էլ օդից չի ընկել, տասնյակ երկրների փորձ է հաշվի առնվել։ Ի դեպ, այս օրենքով ենք առաջնորդվել նաև 2011-ին, երբ Երևանի քաղաքապետ էինք ընտրում. այդ պահին այսպիսի խնդիր չառաջացավ, ուստի չենք էլ սևեռվել դրա վրա: Հիմա ընտրությունը կայացած է, և մենք հետդարձի ճանապարհ չունենք։ Միակ ճանապարհն այն է, որ պետք է աշխատել, առաջ գնալ և օրենքների հակասություններն ու թերությունները շտկել։
-Բանից պարզվում է, որ ՀՀԿ-ն, Սամվել Բալասանյանին նախընտրելով, գյումրեցիների զայրույթը կրկնակի է շարժել. մի կողմից՝ ընտրված քաղաքապետ, մյուս կողմից՝ Գյումրին սեփական «բոստանի» վերածած անձ։ Գյումրեցիներն անթաքույց վրդովմունքով են խոսում «Սև բերդի» կամ, ինչպես իրենք են ասում՝ «Սև ղուլի» սեփականաշնորհման մասին։ Այս պատմամշակութային ամրոցը Բալասանյանը դարձրել է բիզնես գործունեության հարմար վայր, սա ո՞ր օրենքի շրջանակում է։
-Որպես գյումրեցի, ուրախ եմ, որ այդ մշակութային արժեքն այսօր կա և հուսալի ձեռքերում է։ Ի ծնե այդ կառույցից տեղյակ եմ, տասնհինգ տարի առաջ մեկ այլ սեփականատեր ուներ, ով, ցավոք, վախճանվեց ու իր ծրագրերը մինչև վերջ չհասցրեց իրականացնել։ ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ունի նման մշակութային արժեք, որը պահպանվում է։
-ՈՒզում եք ասել, եվրապատուհան-եվրադռնե՞րն են մշակութային արժեք։ Գյումրեցիները պնդում են, որ ամբողջովին խեղաթյուրվել է «Սև բերդի» իրական տեսքը։
-Իսկ եթե որևէ մեկը տեր չկանգներ այդ մշակութային արժեքին, ի՞նչ կլիներ։
-Իսկ որտե՞ղ է պետությունը։
-Այսօր պետության «ձեռքերը» չեն հասնում մշակութային բոլոր կոթողներին, իսկ եթե պետությունը չի կարողանում դրանք պահպանել, հիմա ի՞նչ, թողնենք, որ նման կառույցները քանդվե՞ն, թալանվե՞ն, բարոյապես ու ֆիզիկապես մաշվե՞ն։ Ոչ, կարծում եմ, ճիշտ մոտեցում է ցուցաբերվել։ Այնտեղ, որտեղ պետության «ձեռքը» չի հասնում, պետք է ներգրավել մասնավորին, բայց նաև պետք է ուղղորդել, որ մշակութային արժեքի պահպանման չափորոշիչները հաշվի առնվեն։ Այն մարդիկ, ովքեր խոսում են «Սև բերդի» մասին, թող մտնեն այնտեղ, տեսնեն, թե բերդն ինչ հոյակապ վիճակում է։ Ես երեսուն տարի առաջ էլ եմ տեսել այդ բերդը, երկրաշարժից հետո էլ, տասնհինգ տարի առաջ էլ, հիմա էլ։
-Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, արդյոք մշակութային արժեքը չի՞ վերածվել զուտ ժամանցի վայրի։
-«Սև բերդը» ցարի ժամանակ կառուցված պաշտպանական ամրոց է եղել, որը երբևիցե այլ նպատակի չի ծառայել, որոշ ժամանակ ռուսական զորքի համար որպես պահեստ է ծառայել։ Եթե կարծում են, որ որպես պահեստ էլ պետք էր պահել ու չօգտագործել որպես մշակութային կենտրոն, դա ինձ համար անհասկանալի է։ Այսօր այն ճիշտ նպատակին է ծառայում։ Ես մասնագետ չեմ, եթե ինչ-որ բան շեղվել է մշակութային արժեքի տեսանկյունից, կարծում եմ, նախարարությունն իրավասու է դիմելու սեփականատիրոջը և իր նկատառումները ներկայացնելու, որպեսզի մշակութային արժեքն իր երբեմնի տեսքը չկորցնի։ Բայց որ արտաքնապես ոչինչ չի փոխվել, հակառակը՝ մաքրվել է, կարգի է բերվել, միանշանակ է։
-Գյումրին համարվում է հոգսաշատ քաղաք՝ անօթևանների խնդիրներից մինչև աղքատության բարձր ցուցանիշ։ Ինչպե՞ս է ստացվել, որ աղքատ քաղաքի քաղաքապետն այդքան հարստացել է։
-Չեմ ցանկանում խոսել Գյումրու սոցիալական վիճակի մասին։ Այո, խնդիրներ ունենք, սոցիալական լարվածություն՝ ևս, երկրաշարժից տուժած ամենամեծ բնակավայրը Գյումրին է, խնդիրը մինչ օրս հետապնդում է մեզ։ Սամվել Բալասանյանը չորս տարի քաղաքապետ է աշխատել, որպես գյումրեցի, երբևէ չեմ տեսել, որ բյուջեի հաշվին հարստացած լինի: Նրա աշխատանքից, կարծում եմ, մարդիկ դժգոհ չպիտի լինեն։ Իսկ Սամվել Բալասանյանի հարստության առնչությամբ էլ պետք է անկեղծ լինել ու նշել, որ մի քանի գործարաններ երկրաշարժից հետո են սեփականաշնորհվել, ու բոլորն էլ մինչ օրս աշխատում են։ Ի տարբերություն շատ գործարանների, որոնք սեփականաշնորհվեցին, քանդվեցին, վաճառվեցին, այսօր ամենաշատ աշխատատեղերը նրա գործարաններն ունեն։ Իսկ Գյումրու ընտրություններին մասնակցության առնչությամբ ՀՀԿ-ում լուրջ քննարկումներ են եղել, ու, ի վերջո, ճիշտ ենք համարել Սամվել Բալասանյանին աջակցելը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ