ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Կառավարության ղեկավարի քայլերը համակարգային փոփոխություններ են բերելու»

«Կառավարության ղեկավարի քայլերը համակարգային փոփոխություններ են բերելու»
02.12.2016 | 00:39

ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական)


-Կառավարության ղեկավարից սպասելիքները կարծես գնալով մարում են. քաղաքացին արմատական փոփոխություններ է ցանկանում տեսնել տնտեսությունում։ Մինչդեռ վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցության հանգամանքը բացասական ազդակ տվեց հանրությանը։ Համակարծիք չե՞ք։
-Կարծում եմ` կուսակցությանն անդամագրվելու վարչապետի քայլը ճիշտ է։ Նա նշեց նաև կուսակցական դառնալու իր պատճառները։ Ավելին չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, հիմա հստակ աշխատանքներ են ընթանում և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության, և՛ տուրիզմի ոլորտներում, լուծումները շատ տեղերում արդեն տեսանելի են։ Բնականաբար, երկու ամսում որևէ կոնկրետ արդյունք, բացի ծրագրեր կազմելուց, չէր կարող լինել, արդյունքներ պետք է ակնկալել առաջիկա ամիսների ընթացքում։ Համոզված եղեք, որ և՛ արդյունաբերությունում, և՛ գյուղատնտեսությունում, և՛ սպասարկման ոլորտում, ընդհանրապես բոլոր բնագավառներում, շոշափելի, կայուն բարելավումներ կլինեն։
-Չե՞ք կարծում, որ այսօր կառավարությունը, այսպես ասած, լոկալ խնդիրներ է փորձում լուծել, այնինչ հարկավոր են արմատական փոփոխություններ։
-Կարեն Կարապետյանի մշակած քայլերը միտված են հենց արմատական հարցերի լուծմանը։
-Օրինակ, բանանի ներմուծման հետ կապված որոշակի խնդիրների մասին է խոսվում, բայց ակնհայտ է, չէ՞, որ ներմուծվող շատ այլ ապրանքատեսակների մենաշնորհ կա։
-Դրանք ընդամենը բարձրաձայնված խնդիրներն են, կառավարության ղեկավարի քայլերը համակարգային փոփոխություններ են բերելու։ Նա, որպես մասնագետ, ոչ թե հատվածային, այլ համակարգային խնդիրներ լուծելուն է նախընտրություն տալիս։ Իհարկե, յուրաքանչյուր համակարգային լուծում սկսվում է «ձեռքի» կառավարումով, որոշ ժամանակ անց դրան կփոխարինի համակարգային կառավարումը։ Հավատացեք, այդ ճանապարհով էլ գնում է նոր կառավարությունը։
-Ասում են՝ տնտեսական նախագծերը, առաջարկները հիմնականում Ձեր ձեռքի «տակով» անցնելուց հետո են հասնում վարչապետին։ Ի՞նչ առաջարկ կառանձնացնեիք այս պահին, որը հանրային հնչեղություն ունի։
-Իհարկե, մի քիչ չափազանցված է, թե ես եմ բոլոր առաջարկները նայում, բայց մեծ թվով նախագծերի, առաջարկությունների քննարկմանը մասնակցում եմ։ Առաջիկայում բավականին հաջողված առաջարկներ կներկայացվեն վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքացիների սպասարկման ոլորտներում, լուրջ հաջողություններ պիտի ակնկալել էներգախնայման առումով։
-Շատերն են համոզված, որ վարչապետ-օլիգարխիա «մենամարտում» Կարեն Կարապետյանը կպարտվի, քանի որ արմատացած խնդիրները լուծելու համար վիրահատական միջամտություններ են հարկավոր։ Վարչապետը պատրա՞ստ է այդ «կռվին»։
-«Օլիգարխիա» բառը կոպիտ է հնչում։ Ի վերջո, այդ մարդիկ են աշխատատեղեր ստեղծում, այլ բան է, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն: Կարող եք չկասկածել, որ Կարեն Կարապետյանը կկանգնի օլիգարխների աշխատանքը կազմակերպելու ճիշտ ուղու վրա, ինչը շատ ավելի հարկավոր է հենց օլիգարխներին, քան մյուսներին։
-Նրանք չե՞ն նեղանա վարչապետից։
-Հակառակը՝ ուրախ կլինեն։ Նրանք, ովքեր ուզում են իսկապես աշխատել ու արարել, ոչ մի խնդիր չեն ունենա։ Սա մեր երկիրն է, բոլորն էլ ուզում են աշխատել հանուն նրա բարեկեցության։ ՈՒ կաշխատեն։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ