Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կհամոզի՞ հասարակությանը Գագիկ Ծառուկյանը

Կհամոզի՞ հասարակությանը Գագիկ Ծառուկյանը
17.01.2017 | 17:04

Վերջապես Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ բացում է «փակված էջը»։ Վերադառնում է ոչ միայն ԲՀԿ-ին թափ հաղորդելու, այլև լայն դաշինք ձևավորելու նպատակով։ Նա մի քանի խոսք է ասել, թե ինչու է դադարեցրել իր քաղաքական գործունեությունը, հետո էլ անդրադարձել է վերադարձի հրամայականներին։

«Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»,- ասված է հայտարարությունում: Իհարկե, ձևակերպումները ճիշտ են, բայց Հայաստանի տնտեսական անմխիթար վիճակը, արտագաղթի տեմպերը նոր չեն այսպիսին։ Երկրում իրավիճակն այսքան վատ էր նաև այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն էր վարում ու նրան հեռացրին այդ դաշտից։ Հիմա ի՞նչ, ԲՀԿ նախկին ղեկավարը ցանկանում է նույն գետը նորի՞ց վերադառնալ, թե՞ այս հայտարարությունում հնչած գնահատականներն ընդամենը վերադարձն ավելի հիմնավորելու նպատակ են հետապնդում։

Այսուհանդերձ, անկախ այն բանից, թե Ծառուկյանը որքան սուր կքննադատի երկրում ստեղծված իրավիճակը, նա պետք է մեկ հարցի պատասխանի՝ ո՞վ է այդ ամենի մեղավորը։ Կհնչեցնի՞ անուն, եթե այո, ուրեմն հասարակությունը կհավատա նրա անկեղծությանը, որ նա իշխանության ջրաղացին ջուր չի լցնում։ «Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես երբ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն»,- ասում է նա։ Հիմա Գագիկ Ծառուկյանի հիմնական խնդիրը մարդկանց համոզելն է, որ ինքը ոչ մի կապ չունի Բաղրամյան 26-ի որոշումների հետ, հատկապես այն դեպքում, երբ մամուլն ամիսներ շարունակ գրում էր, որ Գագիկ Ծառուկյանը սպասում է նախագահականի որոշմանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ