ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Իշխանությունը «փչացնում» է ձեզ, բայց պարտադիր չէ, որ դուք «փչանաք»

«Իշխանությունը «փչացնում» է ձեզ,  բայց պարտադիր չէ, որ դուք «փչանաք»
27.01.2017 | 01:22

Հայաստանի նախընտրական շրջանն ու այս տարվա ձմեռը բավականին նման են իրար։ Երկուսի դեպքում էլ մարդիկ հոգնել են ու սպասում են, թե երբ կավարտվեն այս անտանելի «եղանակները»։ Բայց, եթե ձմռան պարագայում կա գարնան հույս, ներքաղաքական կյանքում մշտապես «ցրտահարող» ձմեռ է, որն օր օրի ավելի է սաստկանում։ Քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նախընտրական շրջանի խորքային շերտերին անդրադարձավ՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային զարգացումները։

-Նախընտրական գործընթացներին ինչպիսի՞ բնորոշում կտաք, պարոն Մանուչարյան։
-Ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհում մարդկանց թվում է, թե իրենք են ընտրություն անում։ Իրականում ընտրություն չկա։ Մարդիկ ուզում են ընտրել իրենց ցանկացած կյանքը, բայց դրա մասին նրանց հետ ոչ ոք չի խոսում։ Այս բացահայտ կեղծիքը վերջերս երևաց ԱՄՆ-ի ընտրություններում, երբ Թրամփը հայտարարեց, թե վերցնում է իշխանությունը ու վերադարձնում ժողովրդին։ Բայց սա մեր այն դատարկախոսության նման չէ, թե ես Սերժ Սարգսյանին կփոխարինեմ, կնստեմ գահին, ժողովուրդ, իշխանությունը ձեր ձեռքին կլինի։ Սրանք դատարկ բանաձևեր են։
-Ընդհանրապես հայ հանրությունը մասնակցո՞ւմ է այս ընտրական գործընթացներին, թե նրան ամենևին էլ հետաքրքիր չէ` քանիսը դաշինքով գնացին, ով ինչ խոստացավ ու մոռացավ։
-Հայ ժողովուրդը բավականին վաղուց հասկացել է, որ ինքը չի ընտրում։ Ժողովուրդը դիտում է ընտրությունը որպես լծակ, որպեսզի փոխի այն կյանքը, որն այսօր կա։ Ժողովրդի համար այսօր փոփոխությունը գերնպատակ է։ Իսկ այդ ամենին մասնակից դառնալը երկրորդ օրհնությունն է, որ պետք է ստանա։ Առաջինը պետք է փոսից դուրս գա, փոխի իրավիճակը, որովհետև հսկայական բանակ կա, որն ասում է` ոչ մի բան չի փոխվելու, ամեն ինչ մնալու է իր տեղում։ Սա սարսափելի հանցագործություն է ժողովրդի և երկրի հանդեպ, որ նույնն է, թե թող երկրից գնա, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Այս միտքն առաջ են տանում իշխանությունները, նրանց խմբավորումներն ու հարակից «հաջողակները»։ Այս ամենի կողքին կան իբր փոփոխությունների ձգտողներ, որոնք խորքային իմաստով էլի ոչինչ չեն փոխելու։ Բայց արմատական բան է փոխվել և՛ մեր ժողովրդի մեջ, և՛ աշխարհում։ Ժողովուրդն իրական փոփոխություն է սպասում և պատրաստ է կռիվ տալու դրա համար։ Տրոհումը երկու մասի է՝ մեկը հոգնած, բեզարած ասում է, եթե չփոխվեց, թողնելու եմ, գնամ, մյուսներն էլ, որ գնալու ցանկություն չունեն, պատրաստ են ամենատարբեր ձևերով գործելու, որպեսզի իրավիճակ փոխեն։
-Իշխանական ուժերն ասում են՝ ամեն ինչ նույնն է մնալու, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Առայժմ իշխանությունից տրոհվածները փորձում են միայն դաշինքներ կազմել։ Արդեն կա երեք դաշինք՝ «Ելք», «Ծառուկյան դաշինք» և Սեյրան Օհանյանի շուրջ հավաքված կուսակցությունների միավորում։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս ուժերից։
-Մեր ընդդիմությունն ու իշխանությունը մի բանում ընդհանրություն ունեն՝ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և աշխարհում։ Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ծրագրերը, եթե նայենք, դրանք բոլորը խոստանում են «Վրաստան»։ Այսինքն, կոռուպցիա, մոնոպոլիա չի լինի, օրենքները կգործեն։ Սա քիչ, թե շատ արել է Վրաստանը, բայց Վրաստանը «Վրաստան» դառնալու համար ստացավ աշխարհաքաղաքական մեծ դոտացիա։ Վրաստանի ճանապարհային ոստիկանության շարքային աշխատողը ստանում է շուրջ հազար դոլար։ Որևէ մեկը Հայաստանին չի պատրաստվում այդքան գումարներ տալու՝ փոփոխություններ անելու համար։ Հետո եթե այդ փոփոխությունները հիմնվեն միայն դրսից գումար տալու վրա, ի՞նչ կլինի, եթե ինչ-որ պահի այն դադարեցվի։ Դոտացիա ստանալը հարցի մի կողմն է, մյուս կողմից էլ Վրաստանը ճեղքում չարեց։ Ճիշտ է, այնտեղ իշխանության անբարո դրսևորումներից մարդիկ իրենց նյարդերն ավելի քիչ են քայքայում, քան Հայաստանում, սակայն այդ երկրում որակական փոփոխություններ չեն եղել։ Վրաստանը մշակույթի, տնտեսության, գիտության մեջ որակական թռիչքներ չի կատարել։ Մարդիկ սպասում են իրենց դեպի արարման տանող, համատեղ գործողությունների մղող մեծ գաղափարի, որը Հայաստանի և ընդդիմությունը, և իշխանությունը չունեն, չեն էլ մտածում անգամ այդ ուղղությամբ։ Երբ Թրամփը խոսում է իշխանությունը ժողովրդինը վերադարձնելու մասին, դա իր գաղափարը չէ, համաշխարհային էլիտաների մեջ ճեղքում է եղել, և ընթանում է կենաց-մահու պայքար։ Հայաստանում էլ ճամարտակողները՝ թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից, մասն են համաշխարհային այն ուժի, որն ուզում է ամեն ինչ նույնը թողնել։ Մեր քաղաքական ընդդիմությունը չի հասկանում, որ իշխանության հետ մեկտեղ ինքն էլ է դրա մասը։ Որակական փոփոխություն նշանակում է մարդուն վերադարձնել արժանապատիվ կյանքի տեսլականը։
-Հայաստանի ընդդիմության, ինչպես ասում եք, ճամարտակողները «արժանապատիվ կյանքի տեսլականը» չե՞ն հրամցնում հասարակությանը։
-Ոչ, ընդդիմությունը դա բացարձակապես չի անում։ Թեկուզ մի քայլ պետք է անել՝ համատարած միավորվել, որ գոնե հայկական նվազագույն նշաձողն անցնեն։ Ժողովուրդն ինտուիտիվ գիտի, որ եթե միավորվում են, մի բան կարող է լինել։ Բայց ընդդիմությունը սա էլ չի կարող անել։ Սա էլ ընդդիմության խնդիրն է։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը դրսի թիրախում են հայտնվելու։ Եթե մեր քաղաքական ընտրանին չի կարող խնդիրներ լուծել, իրավիճակը կարող է շտկել մտավորականությունը՝ «Հոգևոր Հայաստանը», որը հայության ամբողջականության կոչ արեց։ Հայկականության ստեղծած հին հիմքի վրա կառուցել 21-րդ դարի հայկականության դրսևորումը։ Սա հսկայական ստեղծագործական աշխատանք է հատկապես երիտասարդների համար։ Այս ամեն ինչից Հայաստանի պետական, քաղաքական ընտրանին զրկել է մարդկանց, որպեսզի իր «չփչփոցը» կերակրատաշտի մոտ պահպանի։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի է արդեն անցել, ի՞նչ են անում իշխանությունը և ընդդիմությունը։ Մենք շատ կարծր քննադատեցինք ու պահանջներ ներկայացրինք Ռուսաստանին ու դրանով սահմանափակվեցինք։ Իհարկե, արդարացի էր այդ քննադատությունը, բայց ռազմական գործողությունների պարագլուխը Իսրայելն էր՝ վարչապետ Նեթանյահուն, որն ինձ համար մարդասպան է այնպես, ինչպես ԻՊ ցանկացած մարդասպան։ Ինչ նա արեց Ադրբեջանի միջոցով, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԻՊ մարդասպանության մեքենայի գործադրում։ Մինչդեռ Հայաստանն այս հարցում քար լռություն է պահպանում։ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները հանդիպում են հրեականների հետ և հետաքրքրվում կատարվածի մասին։ Վերջիններս էլ են մտահոգվում և առաջարկում են ժամանել Երևան, հետո Իսրայել, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվել և հարթեն իրավիճակը։ Հայաստանի ղեկավարությունից համաձայնություն չեն ստացել։ Հուլիսից այդ առաջարկը եղել է, մինչև այսօր ոչ մի արձագանք չկա։ Նեթանյահուի վերաբերյալ իշխանությունը կարող է զերծ մնալ իմ տված կարծր գնահատականից, բայց ընդդիմության հետ ի՞նչ է կատարվում։
-Դուք շատ չե՞ք գերագնահատում Հայաստանի ընդդիմությանը։ Նրանցից շատերին հուզում է միայն այն, թե ինչ միջոցներով ու եղանակներով հայտնվեն խորհրդարանում և պաշտոն ստանան։ Նեթանյահուի հանցանքները նրանց հազիվ թե հետաքրքրեն։
-Եթե նրանց մանդատի հարցն է միայն հետաքրքրում, ուրեմն ժողովուրդը նրանց պետք է ուղարկի այնտեղ, որտեղ իշխանությանը։ Խնդիրը շատ հստակ է դրված՝ սահմանում զինվոր է զոհվում, սպանողը հայտնի է, այսինքն, ով է անընդհատ հրահրում պատերազմը, սա իմանալն ու չխոսելը նշանակում է դառնալ այդ հանցագործության մի մասը։ Երբ ընդդիմադիրը խոսում է մի բանից, երեք բան բաց է թողնում, սկսում ես կասկածել, որ նա այն երեքի նվիրյալն է։ Եթե դու ոչինչ չես անում սա կասեցնելու համար, ուրեմն փեշակդ փոխիր։ Մարտին լինելու է «Հոգևոր Հայաստանի» համաժողովը, որի կարևոր կոչերից մեկն է՝ միասնություն։ Ընդդիմադիրները չեն կարող միմյանց լսել, տեսնել, քանի որ էս ինչ օրը կեցվածքն այսպես է եղել, կամ նրա աշխարհաքաղաքական ուղղվածությունն իրեն դուր չի գալիս։ Բայց բոլորի համար ընդունելի անձ է, օրինակ, Հասմիկ Պապյանը, որը միասնության կոչ է անում։ Քաղաքական դաշտի բոլոր անհատները պետք է իրենց կրավորական կեցվածքից անցնեն ստեղծագործող տեսակին։ Ինձ համար ուղղակի զարմանալի է, որ մտավորականների կոչերը ոմանց համար գործողությունների հրահանգ է, իսկ մյուսների կողքով են այդ կոչերն անցնում։ Վերջիններս դատապարտված են որպես քաղաքական գործիչ, սրբվելու են, գնան, Աստված տա, չմեղադրվեն գործակալական գործողությունների մեջ։ Մտավորականների այս շարժումն ավելի բարձր է լինելու, քան Հայաստանում վերջին քսան տարում ձևավորված անհեթեթությունները, որոնք կոչվում են կառավարություն, խորհրդարան, քաղաքական էլիտա։
-Այս տարիների ընթացքում գաղափարների պակա՞սն է խանգարել, որ չի եղել միասնականություն։
-Քաղաքական դաշտը մտել է մի մշակութային գոտի, որն այսօր ստացել է «հակաթրամփ համակարգ» անունը։ Այն, ինչ իշխել է մինչ այսօր, համատարած գորշություն է եղել։ Մեր ընդդիմությունը շատ հստակ պիտի հասկանա` պարտվելու իրավունք չունի։ Եթե պարտվեցին, չեն կարող ժողովրդին ներկայանալ, թե էս վատ իշխանության պատճառով չստացվեց։ Չի ստացվել իրենց պատճառով, որովհետև իրենք չեն գտել հաղթելու բանաձևը։ Եթե հին ճամարտակություններով ուզում են հաջողությունների հասնել, հետո էլ հետընտրական գործողություններ պահանջել ժողովրդից, թե` իշխանությունը տապալիր, ինձ էլ նստեցրու նրա տեղը, չի ստացվելու։
-Այսօր ժողովրդի քննադատությունն ուղղված է հատկապես այն ընդդիմադիրներին, որոնք իշխանության դաշտից տեղափոխվել են ընդդիմություն ու հակաիշխանական կոչեր են անում։ Կարո՞ղ են նրանք փոփոխություններ բերել։
-Ավելի հեղհեղուկ բան, քան մարդն է, աշխարհում չի ծնվել։ Մի կողմից կատարելությունը կրող էակ է, մյուս կողմից՝ բավականին հեղհեղուկ։ Միշտ կարելի է սպասել նման անցման։
-Դա նորմա՞լ է։
-Դա նորմալ չէ, բայց մարդկային զարգացման այսօրվա աստիճանն է։ Նոր աշխարհը, որ պիտի գա, պետք է մարդկային էությունն ամրապնդի։
-ՀՀԿ-ն այս անգամ կհաջողի՞։
-Ժողովուրդն է հաջողելու հաստա՛տ։ Ողջ խնդիրն այն է, թե մենք քանի մարդու ենք համարելու խաղից դուրս, քանիսին՝ անպիտան ու շպրտելու։ Այս պատճառով իրական զարգացումները դանդաղելու են։
-Այսուհանդերձ, Հայաստանում ինչո՞ւ ընդդիմադիր դաշտի լայն համախմբում չի կայանում։
-Նախ և առաջ քաղաքական տրոհումները մտել են մեր մշակույթի մեջ։ Պիտի տրոհես, որ ոչ մի ուժ չստեղծվի քո դեմ, սրա համար իշխանությունը բավականին աշխատել է։ Լավ, իշխանությունը «փչացնում» է ձեզ, բայց պարտադիր չէ, որ դուք «փչանաք», չէ՞։ Ձեզ տրոհում են, բայց պարտադիր չէ, որ դուք տրոհվեք։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ