Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Չեմ բացառում, որ այս պայմաններում ընտրություններն անվավեր ճանաչվեն»

«Չեմ բացառում, որ  այս պայմաններում ընտրություններն անվավեր ճանաչվեն»
21.03.2017 | 00:53

ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ թեև նախընտրական շրջանում որոշեց կասեցնել իր մասնակցությունն ընտրություններին ՕՐՕ դաշինքի կազմում, այնուամենայնիվ, հետևում է զարգացումներին։ «Իրատեսի» հետ զրույցում, քարոզարշավային այսօրվա իրողություններին անդրադառնալով, փաստեց, որ ՀԴԿ-ն գործընթացներից դուրս չի դրել իրեն։


-Ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը։
-Նախ` պետք է նշել, որ Ընտրական օրենսգիրքը հակասության մեջ է Սահմանադրության հետ, որովհետև իրականում համամասնական ընտրակարգ գոյություն չունի, տարածքային ցուցակներով ընտրություններ են։ Ընտրությունների օրը տեղամասերում կատարյալ խառնաշփոթ է լինելու։ Հսկայական թվով անվավեր քվեաթերթիկներ են առաջանալու։ Ավելին, ընտրությունների վերաբերյալ ժողովրդի վերաբերմունքը բացասական է, որովհետև մարդիկ մի բան են սպասում, քաղաքական ուժերը` լիովին այլ։ Մենք միակ կուսակցությունն ենք, որ հայտարարել ենք` այս արատավոր համակարգը մինչև չկազմաքանդվի, և չձևավորվեն նոր հասարակական ու արտադրական հարաբերություններ, երկիրն այս վիճակից դուրս չի գա։ Մինչդեռ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, թե աշխատավարձ, թոշակ կբարձրացնեն, ասել է` խոսում են ընդամենը խնդիրների հատվածային լուծման մասին։ Սրանք ոչ մի կերպ չեն առնչվում համակարգի հետ։ Այսինքն, եթե համակարգի էությունը չեն ցանկանում փոխել, նշանակում է` իրենք իրենց լավ են զգում այդ համակարգում։ Միակ բանը, որ ասում են, իբր համակարգային փոփոխությունն է։ Չցանկանալով ոչ մեկին վիրավորել, հասկացությունների մեջ պարզություն մտցնեմ. համակարգը կազմաքանդել ու նորը ձևավորելն այլ բան է, համակարգային փոփոխություններ իրականացնելը` այլ։ Կարող եք ասել` դատական համակարգը լավը չէ, պետք է վերափոխել, սա համակարգային փոփոխություն է։ Բայց երկրի բուն համակարգը դրանից չփոխվեց, մնացին կոռուպցիոն սխեման, օլիգոպոլիան, մարդկանց վատթարագույն վիճակը։ Այսօր ժողովուրդը համատարած սպասում է ընտրակաշառքի։ Կապ չունի` կբաժանեն, թե ոչ, ամենավատը ժողովրդի ակնկալիքն է։ ՈՒնենք որոշակի ընտրազանգված, ու մեզ թույլ չենք տա նրանց ասել, թե այս կամ այն ուժին ընտրեք։ Չենք կարող ոչ մեկի համար երաշխավորել, չկան այն ուժերը, որոնք իսկապես համակարգը կփոխեն։
-Ասացիք, որ ընտրությունների օրը կատարյալ խառնաշփոթ կլինի։ Ի՞նչ նկատի ունեք։
-Կարելի է ժամերով խոսել այս ընտրական համակարգի խնդիրների մասին, ինչպիսի հնարավորություն կա կարուսել անելու և այլն։ Պարզապես խայտառակություն է, որ ինը բյուլետեն պետք է տպվի, իսկ ընտրողը միայն մեկն է օգտագործելու, 8-ը պետք է թափվի։ Շուրջ 25 մլն բյուլետեն պետք է տպվի, որովհետև 2,5 մլն ընտրող ունենք, որին համապատասխան 10 անգամ ավելի պետք է տպվի։ Սակայն 25 մլն-ից օգտագործվելու է լավագույն դեպքում 1 մլն 250 հազարը, նվազագույնը 600 հազար դոլար ջուրն է գցվելու։ ՈՒզում եմ հարցնել իշխանություններին` այդ ո՞վ է ձեզ թույլ տվել 600 հազար դոլարը տանել ու ջուրը գցել, եթե անգամ ֆինանսավորել է Եվրոպան։ Մեկ այլ խնդիր է նաև տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների բախումը։ Մի ընտրատարածքում կարող է լինել 130 թեկնածու, դուք պատկերացրեք ընտրողի վիճակը, որը ոչ մեկին չի ճանաչում ու պետք է ընտրություն կատարի։
-Ընդդիմադիր ուժերը բավական ակտիվ մասնակցել են ԸՕ-ի քննարկումներին, արդյոք գիտակցո՞ւմ են, որ նաև իրենց մասնակցությամբ է այս շիլաշփոթը ստեղծվել։
-Այսօր ընդդիմադիրները դժգոհում են երկրի վատ վիճակից, եթե նրանք հայտարարեին, որ մասնակցում են այս միջոցառմանը հաղթելու և իրոք փոփոխությունների համար, կհասկանայի նրանց իրական նպատակները։ Բայց նրանք անգամ հաղթելու մասին չեն խոսում։ Ի դեպ, այն, ինչ մենք տարիներ առաջ ասում էինք (պետական պարտքի վերլուծություն, վարկերի տոկոսադրույքների բարձր լինելը, վառելիքի գնի մեքենայությունները), հիմա հաճույքով բոլորը սկսել են այդ մասին խոսել։ Հարց է առաջանում` նոր հասկացա՞ք։ Կամ, որ ասում են աշխատավարձն ու թոշակը բարձրացնելու են, գիտե՞ն դրա աղբյուրը։ Աղբյուրը հետևյալն է` ստվերը պետք է վերանա։ Եթե ստվերը չվերացնեն, չեն կարող բյուջեի մուտքերն ապահովել։ Բոլոր նրանք, ովքեր այդ խոստումները տալիս են, ստվերից դո՞ւրս են գալու։ Դուք ձեր շահերին դե՞մ եք գնալու։ Դրա համար մեր համակիրներին ասում ենք` չենք կարող «բաց սրտով» ասել` գնացեք այսինչ ուժին ընտրեք։ Հետևապես պետք է քվեաթերթիկն անվավեր դարձնել։ Սա էլ է բողոքի ձև։ Ի միջի այլոց, չեմ բացառում, որ այս պայմաններում ընտրություններն անվավեր ճանաչվեն։ Կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել։
-Ի՞նչ փոփոխությունների մասին եք ակնարկում։
-Պատկերացնենք, որ մի դաշինք ստացավ 30 տոկոս ձայն, մնացած հետևանքները կարելի է ենթադրել։ Այսինքն, ինչպիսի կոալիցիա կարող է ձևավորվել, ինչպիսի հետընտրական իրավիճակ կարող է լինել։ Ահավոր խառնաշփոթ կլինի քվեները հաշվելիս։ Դեռ չեմ ասում, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում մեծ հերթեր են լինելու։
-Վերջին սոցհարցումներով` առաջատար է «Ծառուկյան» դաշինքը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Ժամանակին մենք էլ սոցհարցումներ իրականացրինք, և բավականին լուրջ տոկոս էր հավաքել Գագիկ Ծառուկյանը։ Եթե Ծառուկյանը չգնա մինչև վերջ, ապա օրերս Եվրոպայից այդպիսի ներկայանալի խումբ չէր գա ու հայտարարի, որ պաշտպանելու է նրան։ Կուզեք դա համարեք մեր երկրի ներքին գործերին խառնվելու փորձ։ Մենք ընդհանրապես դարձել ենք պոլիգոն, որտեղ ով ուզի, ինչպես ուզի, մեր գործերին խառնվելու է։ Մենք ենք թույլ տվել, որ գան ասեն, թե ինչպես վարվենք։ Սա իշխանությունների խղճի վրա է, գալու է օրը, որ այս ամենի դառը պտուղները քաղելու են։ Իշխանության ներսում էլ խայտառակ վիճակ է, չեն կարողանում հասկանալ, որ գողանալը լավ բան չէ։ Ինչո՞ւ են շատ մարդիկ գնում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին, որովհետև հաջողված գործարար է ու բարեգործություն է անում։ Մարդկանց քիչ է հետաքրքրում, թե այդ ամենը ինչպես է լինում։ Ոչ ոք թող իրեն թույլ չտա վերամբարձ բառեր ասել այնտեղ հավաքված մարդկանց մասին, որովհետև ժողովուրդը երբեք մեղավոր չէ, մեղավոր են այն մարդիկ, որոնք, իբր, կառավարում են նրան։ Այս ամենը շատ բացատրելի ու հասկանալի իրավիճակ է։
-ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի դեմքով փորձում է ազատվե՞լ նախկին մեղքերից։ Հաջողվո՞ւմ է վարչապետին ճեղքել ՀՀԿ-ի հանդեպ եղած հասարակական բացասական ալիքը։
-Կարեն Կարապետյանի հանդեպ կա որոշակի համակրանք, բայց վարչապետն էլ համակարգի զոհն է, որովհետև չի կարող այս համակարգում փոփոխություններ անել։ Ասում է` ներդրումներ ենք բերելու, մինչև այսօր ինչո՞ւ ներդրումներ չէին անում։ Եթե ներդրումների համար պայմաններ լինեին, կգային։ Այդ պայմանները հիմա էլ չկան, հետևաբար վաղն էլ ներդրումներ չեն լինելու։ Ի՞նչ է, նրանք, ովքեր այսօր օգտվում են այս համակարգի բարիքներից, ընտրություններից հետո հրաժարվելո՞ւ են։ Դեմքի փոփոխությամբ նոր գաղափարներ բերելը ՀՀԿ-ին չի հաջողվում։ Ի՞նչ պիտի ասեն, ենթադրենք, Արփինե Հովհաննիսյանը կամ Արմեն Ամիրյանը։
-Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանի բացատրությանը հաստատ հանրությունը սպասում է։ Խոսքը Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) մահվան հանգամանքների մասին է։ Հանրային մեծ հնչողություն ստացած այս հարցը քարոզարշավի ժամանակ հարված էր ՀՀԿ-ին։ Ձեր գնահատականն այս խնդրի առնչությամբ։
-Արթուրի մահը, իսկապես, այս համակարգի ողջ էությունը բացահայտեց։ Շատ եք չարացել, պարոնայք։ Մարդը հաց էր բերել, երևի նաև ոստիկանների համար։ Եթե քննեցիք ու տեսաք, որ այլ հանցանք չի գործել, երկրորդ անգամ ինչո՞ւ կալանավորեցիք։ Չէ՞ որ նրա մահվան պատճառը ոչ թե բժիշկների սխալն էր, այլ հացադուլ հայտարարելու ողջ ընթացքը, երբ հյուծվեց օրգանիզմը։ Պատճառը երկրորդ անգամ ձերբակալելու հրաման տալն էր։ Եթե նա իշխանության դեմ էր, հո ազգի թշնամին չէ՞ր։ Տանեիք բուժեիք այդ մարդուն, հետո տանեիք դատարան։ Նույն բանը կարելի է ասել Վահան Շիրխանյանի համար։ Եթե ուզում եք դատել նրան, պետք է այդ մարդն առողջ լինի։ Եթե անհրաժեշտ է որակյալ բժշկական օգնություն, բանտից պետք է հանել ու ապահովել այդ բուժումը։ Այսինքն, իշխանությունն իր արածի համար պետք է պատասխանատվություն կրի։ Իշխանության դեմ գնացողի դրդապատճառները պետք է բացահայտվեն և ուսումնասիրվեն։ Պիտի փորձել դժգոհությունը վերացնել, որ նմանատիպ իրավիճակներ չլինեն։ Սա է իշխանության իրական փիլիսոփայությունը։

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ