Մինչ ազգովին «թաթախված» ենք ընտրությունների իրարանցման մեջ, մեր երկրի սահմաններից դուրս կատարվում են անցանկալի իրադարձություններ։ Ադրբեջանի անկախատեսելիությունն ու արկածախնդրությունը վաղուց նորություն չեն, նորություն չէ նաև, որ արժեհամակարգ ու մշակույթ կեղծելը նրա համար սովորական երևույթ են դարձել։
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հավակնում է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին։ Նրա թեկնածությունը Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի քննարկմանը։ Հիշեցնենք, որ ընտրությունները կայանալու են 2017-ի աշնանը։ Մինչև ապրիլի 1-ը գործադիր խորհուրդը պետք է կազմակերպության մասնակիցներին ներկայացնի բոլոր թեկնածուներին։ Քվեարկությունը գաղտնի է լինելու, ընտրված թեկնածուն կներկայացվի գլխավոր խորհրդաժողովում։ Հավելենք, որ այսօրվա տվյալներով Բյուլբյուլօղլին միակ թեկնածուն չէ, կա շուրջ 9 հավակնորդ, սակայն նրա ընտրվելու հավանականությունը բավականին մեծ է։
Փաստորեն, Ադրբեջանը միջազգային մակարդակով փորձում է սեփական կեղծ արժեքները տարածել ու հավակնել այնպիսի պաշտոնների, որոնց «մոտ լինելն» առնվազն անթույլատրելի է։ Իսկ թեկնածուն, որը դերասան, երգիչ ու իբր մշակույթի գործիչ է, աչքի է ընկնում այնպիսի հայտարարություններով, որոնք, մեղմ ասած, հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր դրույթներին։ Այս մարդը, հավակնելով զբաղվել մշակույթի հարցերով, ի՞նչն է պաշտպանելու, Ջուղայի խաչքարերի վանդալի՞զմը։ Հավակնելով կրթության և գիտության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին, Բյուլբյուլօղլին Ադրբեջանի կեղծած պատմությո՞ւնն է պաշտպանելու, որ հայերը, իբր, օկուպացրել են տարածքներ ու պետք է դրանք հետ գրավել։ Ի դեպ, նույն թեկնածուն հայտարարել է, որ պետք է գրավել Ղարաբաղը, քանի որ այնտեղ են թաղված իրենց նախնիները, և որ այն իրենց հողն է։ Հիմա այս մարդն իրավունք ունի՞ ղեկավարելու մի կառույց, որը կոչված է խաղաղություն, համերաշխություն ու մշակութային արժեքներ տարածելու վսեմ առաքելությանը։
ՈՒշագրավ է, որ Բյուլբյուլօղլու թեկնածությունը պաշտպանում է նաև Ռուսաստանը։ Ստացվում է` ադրբեջանական լոբբին այս հարցում ևս շատ լավ աշխատում է, ու պատահական չէ, որ վերջերս Հայաստան եկած ռուս լրագրողները բացահայտ նշեցին, որ Հայաստանի դեսպանը, մեղմ ասած, բանի պետք չէ։ Փոխարենը Ադրբեջանն այնքան արդյունավետ է աշխատում, որ ճշմարտությունը խեղաթյուրողը կարող է դառնալ խաղաղասեր, իսկ կեղծ արժեքներ դավանողը` մշակույթի պաշտպան։ ՈՒ այս ամենը, ցավոք, լսելի չէ միջազգային հանրությանը նաև այն պարզ պատճառով, որ Հայաստանը գրեթե ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Այն դեպքում, երբ նամակներով, հայտարարություններով պետք է հեղեղեր ՄԱԿ-ի գրասենյակը, բողոքի ձայն բարձրացներ ու ստիպեր միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել խնդրի էությանը։
Ի դեպ, կա մի հուսադրող հանգամանք. որոշ դիվանագետներ և քաղաքական գործիչներ փորձում են իրենց ուժերով կասեցնել այս անթույլատրելի ընտրությունը։ Նրանք այսօր ասուլիս են հրավիրելու։ Սակայն խնդիրը պահանջում է առաջին հերթին պետական միջամտություն։ Արտաքին գերատեսչությունը ոչ թե մի քանի բառանոց հայտարարություններ պետք է անի, այլ իր համապատասխան օղակներով կարողանա «չեզոքացնել» Բյուլբյուլօղլուն։
Ավելացնենք, որ եթե ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այդուհանդերձ, ղեկավարի Ադրբեջանի ներկայացուցիչ, Հայաստանը կզրկվի բոլոր այն ծրագրերից, որ այս կառույցն է իրականացնում։ Ավելին, մեծ է հավանականությունը, որ հայկական մշակութային բոլոր արժեքները Ադրբեջանը կփորձի սեփականացնել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ