Ի՞նչ է պահանջվում Երևանի քաղաքապետից։ Հայաստանի բնակչության կեսը երևանաբնակ է, ու թեև քաղաքական ուժերն այնքան էլ չկարևորեցին այս ընտրությունը (օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումներով), այդուհանդերձ, սա կարևոր միջոցառում է առաջին հերթին հենց քաղաքական ուժերի համար։ Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Երևանի քաղաքապետը պետք է քաղաքական անձ լինի, իսկ ոմանք էլ պնդում են, թե բավարար է, որ նա լավատեղյակ լինի մայրաքաղաքի խնդիրներին։ Այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց Երևանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, որը պաշտոնավարել է 1992-1996 թվականներին։
-Քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքապետարանը սոսկ տեղական ինքնակառավարման մարմին է, որը պետք է զբաղվի երևանյան հոգսերով։
-Նախ, ըստ Սահմանադրության, դա քաղաքական ընտրություն է։ Սա քաղաքապետի ուղղակի ընտրություն չէ, այլ կուսակցությունների։ Իսկ ընդհանրապես ճիշտ է, որ քաղաքական դեմք զբաղեցնի այդ պաշտոնը։ Բոլոր ժողովրդավարական երկրներում ընդունված է, որ քաղաքապետը քաղաքական անձ լինի, որովհետև միայնակ հնարավոր չէ խնդիրներ լուծել, թիկունքում ուժ է պետք։ Գուցե փոքր գյուղերում քաղաքական հենարանի կարիք չլինի, բայց Երևանում դա անհնար է։
-Հավանաբար հետևում եք քարոզարշավին։ Թեկնածուներից ո՞վ է Ձեզ համար այն քաղաքական անձը, որը կարող է լինել արժանի քաղաքապետ։
-Այնքան էլ չեմ հետևում քարոզարշավին։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր իշխող ուժի ներկայացրած ծրագիրը։ Հասկացա, որ ոչ մի բան չեն ուզում փոխել։ Այս քաղաքային իշխանությունն անելիք չունի, ինչ «լավություն» պետք է, արդեն արել են երևանցիներին։ Սպառված են։ Բոլոր ծրագրային խոստումները տասը տարի կրկնվում են ու իրականություն չեն դառնում։ Խոսքը և՛ տրանսպորտի, և՛ քաղաքի մաքրության մասին է։ Ինձ համար նորություն էր «Երկիր ծիրանիի» ծրագիրը, որտեղ հետաքրքիր գաղափարներ կան։ Եթե այդպիսի ծրագիրն իրականացվի, երևանցիները երջանիկ կապրեն։ Բայց այն կյանքի կոչելու և այդ կուսակցության ներուժի առումով ոչինչ ասել չեմ կարող։ Պարզապես դրանք լավ գաղափարներ են, դատողություններ, երբեմն իրականությունից շատ հեռու։ Հայտարարված ծրագրային դրույթների առումով ոչ մեկը հստակ մեխանիզմներ չի նշում։
-Անկախ ծրագրերից ու դրանց իրագործումից, ո՞րն է այն կարևոր հատկանիշը, որը պետք է ունենա քաղաքապետը։
-Քաղաքապետը պետք է իր քաղաքացիներին միշտ հասանելի լինի։ Քաղաքային իշխանության ցանկացած պաշտոնյա, կառույց խնդիրները կարգավորելիս պետք է պարտադիր հաշվի նստի երևանցիների կարծիքի հետ։ Առանց դրա չի լինում, իսկ հիմա ինչ կատարվում է, բացարձակապես կապ չունի մեր քաղաքացիների ցանկությունների հետ։ Հիմա բոլորիս հուզում է տրանսպորտի հարցը, բայց տարբեր բացատրություններով այդ հարցը չի լուծվում։ Քաղաքապետը պետք է երևանցիներից մեկը լինի և զբաղվի բնակիչների խնդիրներով՝ սկսած մանկապարտեզի երեխաներից մինչև տարեցներ։
-Այս պահին, բացի տրանսպորտից, ո՞րն է մայրաքաղաքի ամենահրատապ խնդիրը։
-Կանաչ, կանաչ ու էլի կանաչ։ Ցանկացած կառուցապատողի ուղղակի պետք է պարտադրել անպայման կանաչապատման աշխատանքներ իրականացնել, ինչն էլ, իր հերթին, կնպաստի մաքրությանը։ Մեկ էլ՝ վերջ պետք է դրվի այս աննորմալ շինարարությանը։
-Երևանին հասցված վնասները շատ դեպքերում անդառնալի չե՞ն։
-Այո, անդառնալի վնասները շատ են, բայց նույնիսկ այդ պայմաններում կարելի է եղածը փրկել։ Օրինակ այս օրերին, Սամվել Ալեքսանյանի թեթև ձեռքով, նախկին «Փարոս» ռեստորանի շրջակա անտառը ոչնչացվում է։ Սա հենց հիմա պետք է դադարեցվի։ Այգիների, քաղաքի կանաչապատման առումով իսկապես անդառնալի կորուստներ ունենք։ Այլանդակ, անօրինական շինարարություն է իրականացվել, ո՛չ տրամաբանության է ենթարկվում, ո՛չ էլ գործող օրենսդրական նորմերին։ Շենքը կառուցվում է, հետո վերևից երեք-չորս հարկ ավելացվում է, կամ նույն բակում հինգ-տասը մետր հեռավորությամբ բարձրահարկ այլ շենք է կառուցվում։ Քաղաքային միջավայրը լիովին այլանդակվել է։ Քաղաքը քաղաք է համարվում, երբ ունի պատմություն, միջավայր, կոլորիտ, քաղաքի մարդիկ։ Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր միջավայրը մաքրող քաղաքային մարդիկ չունենք, դրանց թիվը գնալով քչանում է։ Նրանք այն մարդիկ են, որոնց քայլելը, խոսելը, քաղաքի հանդեպ վերաբերմունքը, փողոցն անցնելն էլ լիովին ուրիշ են։ Այդպիսին էր Երևանը 80-ականներին, իսկապես մայրաքաղաք էր։ Մեր և Թբիլիսիի տարբերությունն այն է, որ Թբիլիսին միշտ է քաղաք եղել, խորհրդային տարիներին կարողացավ այդպիսին դառնալ։ Ցավոք, 80-ականների Երևանն էլ, երևանցուն էլ կորցրել ենք։ Այն, ինչ ողջ Հայաստանում է կատարվում, Երևանում էլ է, այսինքն, չունենք երկրի տիրոջ զգացողություն։ Մեր քաղաքային միջավայրն անգամ գյուղական միջավայր չեն դարձրել, որովհետև գյուղը գեղեցիկ կոլորիտ ունի։ Անհասկանալի բան է ստեղծվել, ամորֆ վիճակ։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ