Նախօրեին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հատկացրած դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործ բացահայտվեց։ Սրա շրջանակում բավականին շատ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ինչպես է ստացվել, որ այստեղ տարբեր ոլորտների ֆինանսավորում հատկացնող ԵՄ-ը կասկածեց, որ իր տրամադրած գումարները նպատակին չեն ծառայում։
Ի դեպ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվում է այն մասին, թե դրամաշնորհներն արդյունավետ չեն օգտագործվում։ Իսկ սա նշանակում է, որ դրանք ինչ-որ մարդկանց գրպանն են գնացել։ ԵՄ-ն Հայաստանին բավականին մեծ դրամաշնորհներ է հատկացնում` տարբեր խնդիրներ լուծելու, և առանց քննության ու հետաքննության էլ կարելի է հասկանալ, որ ինչին դրանք տրամադրվել են, իրականություն չեն դարձել։ Արդյունքում գումարը չկա, իսկ ծրագիրն էլ մնացել է օդում։ Օրինակ, տարբեր տարիներին դրամաշնորհներ է հատկացվել ջրային ռեսուրսների կառավարման, տրանսպորտի, սահմանային անցակետերի, էներգետիկայի բնագավառների տարբեր ծրագրերի իրականացման, քաղաքացիական հասարակության կայացման և շատ այլ ոլորտների համար։ Իսկ ընդամենը վերջերս ԵՄ-ն Գյումրուն տրամադրել է 700 հազար եվրո, որն ուղղված է Շիրակի մարզի մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը։ Ասել է՝ բավական խոշոր գումարների հետ գործ ունենք, և եթե դրանք իրենց նպատակին ծառայեին, վաղուց շատ ոլորտներում խնդիրները լուծված կլինեին։ Մինչդեռ, դրանցով հարստացել են որոշ մարդիկ, իսկ խնդիրները մնացել են տեղում։ Ընդամենը մեկ թիվ՝ 2008-2015 թթ. Հայաստանին ԵՄ-ն տրամադրվել է 232, 5մլն եվրո։ Ծառայե՞լ են դրանք իրենց նպատակին, մեծ հարց է։
Եթե այսօր բացահայտումների ու այդ գումարների յուրացման շղթան գնալով մեծանա, հնարավոր է` շատ շատերը հայտնվեն իրավապահ համակարգի խոշորացույցի տակ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կմնա ԵՄ-ի աշխատակիցների տիրույթում։ Այլապես այս կծիկը բացելիս նախկին ու ներկա պաշտոնյաներ կարող են հայտնվել անհարմար վիճակում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ