ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Մենք էլ ենք զենք գնում, Ադրբեջանն էլ, բայց, չգիտես ինչու, միշտ Ռուսաստանին են փորձում մեղադրել»

«Մենք էլ ենք զենք գնում, Ադրբեջանն էլ, բայց, չգիտես ինչու, միշտ Ռուսաստանին են փորձում մեղադրել»
02.05.2017 | 12:09

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Տարածված հաղորդագրությունը էական որևէ առաջընթացի մասին չէր հուշում։ Հերթական հանդիպումն էր, որից առաջ Ադրբեջանը կրկին լարվածություն ստեղծեց սահմանում, և մենք ունեցանք զոհեր։ Հանդիպման մասին գնահատական խնդրեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ։

-Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը։ Ի՞նչ ուշագրավ մեսիջներ եղան։
-Հանդիպումը դրական է, մեր սպասելիքներն արդարացել են։ Ընդհանրապես այսպիսի հանդիպումները արժևորում ենք։ Դրանք չպետք է դիտարկել լոկ այն տեսանկյունից, որ անպայման հարկավոր է հասնել համապարփակ լուծումների, ու բոլոր հարցերը պետք է կարգավորվեն։ Սա իմպերատիվ գործընթաց է, որի շարունակականությունը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովումն ամենակարևորն են։ Եթե այս տեսանկյունից ենք բանակցությունները դիտարկում, բավական հաջող հանդիպում էր։ Ի դեմս Մինսկի խմբի, մենք տեսնում ենք նաև հավաքական մոտեցում։ Կար մի քանի կարևոր մեսիջ. նախ` բանակցային գործընթացը պետք է շարունակվի, դա այլընտրանք չունի, հետո էլ զինադադարի խախտման մեխանիզմների վրա պետք է աշխատել։
-Բանակցային գործընթացը, եթե համադրում ենք սահմանում կատարվող դեպքերի հետ, անպտուղ հանդիպումների շարք է։ Եթե նախապես գիտենք, թե ինչ է հետևելու բանակցություններին, արժե՞ գնալ այդ հանդիպումներին։
-Չի կարող այնպես լինել, որ հանդիպումներից հետո գան ու ասեն, թե այ, այսպիսի արդյունքների ենք հասել։ Շատ կարևոր է գործընթացը։ Այսինքն, հստակ ամրագրումը, որ հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում ունի, էսկալացիա չպետք է թույլ տալ։
-Մինչ հանդիպումը սահմանում լարվածությունը կրկին մեծացավ, ցավոք, ունեցանք նաև զոհեր։ Երեկ արդեն հարաբերական խաղաղ էր սահմանում։ Այսինքն, հանդիպումից առաջ Ադրբեջանը հստակ սադրանքի դիմեց։ Այսպիսի երկրի հետ նման բանակցությունները որևէ արդյունք կտա՞ն։
-Այո, ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որն անընդհատ սադրանքների է դիմում։ Բայց խաղաղ գործընթացին այլընտրանք չկա։ Սա լավ հասկանում են նաև աշխարհում։ Ականատես ենք նաև, որ Ադրբեջանի պահվածքն իր իսկ համար արդեն դժվարություններ է ստեղծում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, ինչպիսի կարծիքներ, գաղափարներ են առաջ քաշում թեկնածուները։ Այն է՝ Արցախը պետք է ճանաչվի կամ պետք է վերամիավորվի մայր Հայաստանի հետ։ Հասկանալի է, գուցե սա նախընտրական քարոզարշավի շրջանակում է, բայց մինչ այդ այսպիսի հայտարարություններ չեն եղել, որևէ թեկնածու քարոզարշավի ընթացքում նման բարձրաձայնում չի արել։ Աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում ԵԽԽՎ-ում Ագրամունտի շուրջ։ Ադրբեջանի և Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, Ադրբեջանի սերտ կապը աշխարհով մեկ ահաբեկչություն իրականացնողների հետ փոխում են միջազգային հանրության դիրքորոշումը և ընկալումը հակամարտության վերաբերյալ։ Այսուհանդերձ, մենք պետք է շարունակենք բանակցային գործընթացը։ Որքան էլ այն խնդրահարույց լինի, այլ տարբերակ չկա։
-Եռակողմ հանդիպումից օր առաջ նորից տեղեկություններ եղան, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում։ Սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համա՞ր էր։
-Հնարավոր է, դա Ադրբեջանն է նորից գործի դրել, տարածել։ Իսկ ընդհանրապես զենք բոլորն էլ վաճառում են՝ և Թուրքիան, և Իսրայելը։ Մենք էլ ենք զենք գնում, Ադրբեջանն էլ, բայց, չգիտես ինչու, միշտ Ռուսաստանին են փորձում մեղադրել։ Ակնհայտ է, որ սրանով փորձում են խարխլել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը։ Սակայն այդ վաճառքը որևէ ձևով չի ազդում տարածաշրջանային հավասարակշռության պահպանման վրա։ Իհարկե, բազմիցս քննադատել ենք զենքի վաճառքը, որ այն չի նպաստում խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ, մենք ՌԴ-ից ձեռք բերեցինք ժամանակակից «Իսկանդերներ» և այլ կարևոր զենքեր։ Կարծում եմ, Ռուսաստանի համար էլ կարևոր է հավասարակշռության պահպանումը։
-Հաշվի առնելով իրողությունը` այս անգամ հանդիպումը Մոսկվայում էր, կարող ենք եզրակացնել, որ բանակցությունները վարելու առաջնությունը փորձում է իր «ձեռքը վերցնել» Ռուսաստանը։
-Չեմ կարծում, թե նման միտում կա։ Ճիշտ է, Ռուսաստանը մյուս եռանախագահող երկրներից միակն է, որ անմիջապես սահմանակից է հակամարտության գոտուն, սա իր ազդեցությունը, բնականաբար, թողնում է։ Բայց այն, որ այդ հանդիպումներին ներկա են նաև մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչները, ցույց է տալիս, որ գործ ունենք հավաքական մոտեցման հետ։ Ռուսաստանը չի ցանկանում գործընթացը միանձնյա վարել, ու դա նաև հնարավոր էլ չէ, որովհետև կա ընդունված ձևաչափ։ Իմաստ էլ չկա, որ բանակցության ողջ բեռը Ռուսաստանն իր վրա վերցնի, որովհետև շահագրգռված է, որ բոլորն իրենց ներկայությունն ունենան։
-Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպման ընթացքում առաջարկվեց անվտանգության, հետաքննության մեխանիզմներ ներդնել։ Սակայն Ադրբեջանն արհամարհեց դրանք, ոչինչ չարեց այդ ուղղությամբ, իսկ միջազգային հանրությունն էլ ջանք չի գործադրում այն պարտադրելու հարցում։ Հայկական կողմն էլ կարծես քիչ է խոսում այդ մասին... Ասել է` համակերպվեցի՞նք Ադրբեջանի պահվածքի հետ։
-Բնականաբար, չենք համակերպվել Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Միշտ էլ այդ մասին բարձրաձայնում ենք։ Այո, Ադրբեջանն արհամարհեց այդ պահանջը, բայց Սանկտ Պետերբուրգում համաձայնել է այդ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը։ Պարզապես իր պահվածքին հարիր, համաձայնում է, բայց տատանվում է։ Սա չի նշանակում, որ մենք այդ դիրքորոշումից հրաժարվել ենք, հակառակը` կողմ ենք այդ մեխանիզմների ներդրմանը։ Սրան զուգահեռ ուժեղացնում ենք մեր սահմանները, որպեսզի խաղաղությունը պահպանվի։ Որքան կայուն լինի մեր սահմանը, այնքան խաղաղ իրավիճակ է լինելու տարածաշրջանում։ Նույնիսկ այս հանդիպման ժամանակ էլ այդ մեխանիզմների մասին խոսվել է։ Սա բանակցային օրակարգի հարց է։ Սա այն ուղղությունն է, որ առաջիկա հանդիպումներում լինելու է գերիշխող։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ