Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչությունը լուրջ անհանգստություն է առաջացրել նաև Հայաստանում: Նշենք, որ ահաբեկիչների երկու խումբ միաժամանակ հարձակումներ է իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում և Իրանի խորհրդարանում: Ահաբեկիչների առաջին խումբը ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում: Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակվել է Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Իրանում կատարվածի առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻՆ:
-Ինչի՞ հետևանք էր Իրանի ահաբեկչությունը: Ինչո՞ւ ահաբեկիչների թիրախում հայտնվեց հենց այս երկիրը: Փաստորեն, ահաբեկչությունը մոտենում է մեր սահմանին:
-Ահաբեկչությունը սպառնում է ողջ աշխարհին ու չի ճանաչում սահմաններ: Այն, որ ահաբեկչությունը մոտենում է մեր սահմանին, շատ պայմանական է: Այսինքն, Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունը չի՞ մոտենում մեր սահմանին: Այստեղ խնդիրը կիլոմետրերը չեն, չմոռանանք՝ մեզ շատ մոտ տարածքի վրա էլ՝ Սիրիա, Իրաք, պատերազմ է ընթանում: Ինչո՞ւ Իրանում: Այս հարցը կարելի է տալ բոլոր երկրների առնչությամբ, այսինքն, ահաբեկչական խմբավորումների ձեռագիրը նոր չէ, նրանք փորձում են ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծել այնտեղ, որտեղ դրա հնարավորությունները ստեղծված են: Էական է նաև այն, թե այդ երկրները որքան ու ինչ ձևով են ներգրավված ԻՊ-ի դեմ պայքարում, հակաահաբեկչական կոալիցիաներում:
-Հայաստանին ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ:
-Մենք զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Եթե մեծ, կայուն երկրները կրում են ահաբեկչության վնասները, բնական է, որ մենք զգոնությունը թուլացնելու իրավունք բացարձակապես չունենք: Վստահ եմ, որ այս ամենը վերլուծում են նաև մեր հատուկ ծառայությունները, համապատասխան քայլեր են ձեռնարկվում, բայց, միևնույն է, շատ զգոն պետք է լինել:
-Իրանը հզոր երկիր է, և նրա դեմ ահաբեկչական ակտը կարող է աշխարհում նոր վերաձևումների պատճառ դառնալ: Գերտերությունների միջև լարվածությունը մեծանալո՞ւ է:
-Ահաբեկչությունը նոր երևույթ չէ, չնայած այն իր «երախն» առավ նոր երկիր, սակայն այս ցավը բոլորինն է: Գերտերությունները պետք է վաղուց միավորեին իրենց ջանքերը և հակասությունները մի կողմ թողնեին: Սա ևս մեկ անգամ ահազանգ է բոլորին, որ մասնավորեցված շահերը պետք է հետևում թողնել, համատեղել ջանքերն ու պայքարել ահաբեկչության դեմ: Սա կլիներ ամենաառողջ գործելակերպը: Ցավոք, այս հարցում այդքան էլ լավատես չեմ:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ