Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը քաղաքական նոր մշակույթ է ձևավորում, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն: Մի կողմը պնդում է, թե պետք է դուրս գալ հացադուլից ու սեղանի շուրջ բանակցել, մյուսն էլ թե` միայն Ազատության հրապարակում, միայն հացադուլով: Ո՞րն է ելքը: Այս հարցն ուղղեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակից, «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ:
-Որպեսզի ելքը տեսնես,- պարզաբանեց տիկին Բախշյանը,- պետք է մտածես այնպես, ինչպես Րաֆֆին, ով ծնվել, ապրել, կրթվել է մի հասարակարգում ու հատկապես մի ընտանիքում, որտեղ այս բոլորը հաղթահարված են: Ինքը գիտի ինչպես դա անել: Որպես համառ, վճռական և իրապես հայրենասեր մարդ, մեզ, բոլորիս ուզում է հասկացնել` ա՛յ ձեր ցավը տանեմ, ես դա տեսնում եմ, դա հնարավոր է:
-Բայց իրողություններն այլ բան են հուշում:
-Մեր հասարակությունը ոչ այդ կրթությունն է ստացել ու ամենակարևորը` ոչ էլ նման հասարակարգում է ապրել: Չեն հավատում, որ կարելի է ապրել մի երկրում, որտեղ մարդը, քաղաքացին արժեք ունեն, նրանց ձայնը լսելի ու վճռական է: Ես էլ չեմ ապրել այդ հասարակարգում, բայց ուզո՛ւմ եմ այդպիսի երկրում ապրել, դրա համար Րաֆֆիի կողքին եմ` բարձր գնահատելով նրա բարոյական արժեհամակարգը, ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա` իր առավելություններով ու սխալներով: Թե այս ամենն ինչքան կտևի, չեմ կարող ասել, որովհետև չունեմ այդ գիտելիքները, իր կարդացած գրքերը չեմ կարդացել, բայց համոզված եմ, որ լավ փոփոխություններ լինելու են:
-Ստացվում է` հայկական իրականության «մարդ» չէ՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, ու այդ իսկ պատճառո՞վ նրա քայլերը հաջողությամբ չեն պսակվի:
-Րաֆֆին մեր իրականության հետ շա՛տ կապ ունի: Մեր Սահմանադրությամբ ամրագրված է` Հայաստանը ժողովրդավար, ինքնիշխան պետություն է: Սա Րաֆֆին չի գրել, սրան մեր ժողովուրդն «այո» է ասել: Մենք գրել ենք, բայց չենք կարողանում իրագործել: Էս մարդն ասում է` գրել եք, կարող եք անել, հավատացեք ձեզ, ձեր ուժերին, կամքին: Հանուն դրա ես պատրաստ եմ ինձ զոհելու:
-Ծայրահեղ չի՞ հնչում «զոհելը»:
-Բոլորովին: Պատմության մեջ շատ անհատներ իրենց զոհաբերությամբ շրջել են պետությունների ճակատագիրը, որովհետև նրանք տեսել են այն, ինչ մնացածները չեն տեսել: Ես հավատում եմ Րաֆֆիի տեսլականին: Մեր երկրում էլ կան մարդիկ, ովքեր այդ արժեքները կրում են, պարզապես անհայտության մեջ են, որովհետև անցած քսան տարում իշխանությունները մարդկանց գլուխներն այլ արժեքներով են լցրել, ու շա՜տ շնորհալի, կարող ուժերին ինքնադրսևորվելու հնարավորություն չի տրվել:
-Քաղաքական գործիչները, չնայած այդ տեսլականին, կարծում են, որ հրապարակում հավաքված քաղաքացիների սպասելիքները չեն արդարանա: Հույս ունենա՞լ, որ այս շարժումը գոնե մի դրական փոփոխության կբերի:
-Հրապարակ եկած մարդկանց ստորագրությունների թիվն արդեն անցել է 25 հազարը, ավելացրած իշխանությունների նկարած 37 տոկոսը: Նրանք հասկանում են, որ այդ փոփոխությունները շուտափույթ չեն լինելու, դրանց համար ժամանակ է պետք: Այդ դրական փոփոխությունն ամեն ընտանիք այսօր դեռևս իր քսակով է չափում:
-Հացադուլով փոփոխություն կլինի՞:
-Այո, Րաֆֆին հացադուլով փոխում է:
-Ի՞նչը:
-Այն մարդիկ, ովքեր Րաֆֆու այդ քայլը չեն գնահատում, իրենք իրենց են վնասում:
-Մարդկայնորեն, բարոյապես, հոգեբանորեն գնահատում ենք, բայց քաղաքական առումով դա մեր երկրին, ժողովրդին ի՞նչ է տալու:
-Այն նամակագրությունը, որն այսօր կա: Այդ նամակագրությունը հեշտությամբ չի հասունացել: Րաֆֆին արդեն քսան օր նստած է բաց երկնքի տակ, հացադուլի մեջ է: Նա իր պահանջները շատ բարեկիրթ ներկայացնում է: Դուք կարծում եք` այս փաստն իշխանությանը հաճելի՞ է: Ո՛չ: Դա իր շնչի վրա է նստած: Մարդը պահանջներ է դրել, որքան էլ իրենք չհասկանալու են տալիս:
-Որպես Րաֆֆիի թիմակից, Դուք այդ պահանջներին ինչպե՞ս եք վերաբերվում: Տեսակետ կա, որ պաշտոն պահանջելը նշանակում է գնալ քաղաքական առևտրի:
-Այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում, իրենք չեն խորացել այդ նամակի մեջ, որում գրվածը համակարգային փոփոխություններ պահանջող պաշտոններ են` Արդարադատության խորհուրդ, ԱԱԾ, ՎՊ, նախարարություններ. սրանք այն առանցքային գերատեսչություններն են, որոնց ղեկավարի նաև բարոյական արժեքներով է պայմանավորված համակարգի կոռումպացվածությունը կամ արդյունավետ աշխատանքը:
-Ի դեպ, Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի «անփորձ կադրերը» ղեկավարեն այդ գերատեսչությունները, մեկ տարի հետո կունենանք ավելի կոռումպացված համակարգ:
-Ճիշտն ասած, Գալուստ Սահակյանի ասածը ես ամբողջությամբ չեմ բացառում: Ես էլ ունեմ այդ մտահոգությունը: Անշուշտ, Րաֆֆին ունի այդ ցանկը, բայց բոլորի համար երաշխավորել, թե գնալու են ու մաքուր աշխատեն, օրենքը դնեն իրենց գլխի վրա, ես էլ եմ մտահոգվում: Համենայն դեպս, Րաֆֆին ասում է` բոլորը պետք է օրենքով առաջնորդվեն, ով չառաջնորդվի, նա ամեն ինչ կանի, որ տվյալ մարդը պատժվի:
-Գալուստ Սահակյանը նաև կարծիք է հայտնել, թե Րաֆֆին կադրեր չունի:
-Ի՞նչ գիտի, է՜, Գալուստ Սահակյանը, կադրերից, ինքը գիտի միայն ՀՀԿ-ի կրծքանշանով մարդկանց, ովքեր ինչ չափորոշիչներով են կուսակցություն մտնում, բոլորիս հայտնի է: Մեր երկրում կան կրթված, հայրենասեր, արժանապատիվ շատ լավ մարդիկ, որ ստվերում են, չեն գնահատվում, չունեն ինքնադրսևորման հնարավորություն, որովհետև չեն կարող շողոքորթել ու քծնել: Իրենց կոռումպացված կադրերը չե՞ն ամենուրեք աշխատում ու իրենց գործունեությամբ նպաստում հասարակության ստվար հատվածի բողոքին ու արտագաղթին: Հետո ի՞նչ, որ պարոն Սահակյանը չի ուզում տեսնել այս փաստը:
-Այդուհանդերձ, թույլ տվեք ես էլ կասկած հայտնեմ Րաֆֆի Հովհաննիսյանի ճիշտ կադրային քաղաքականության առնչությամբ: Բոլորս շատ լավ հիշում ենք նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամների ակտիվ գործունեությունը: Մինչդեռ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ «գործուղեց» մարդկանց, որոնց «Ժառանգության» թիմ դժվար է համարել: Սա ինձ հիմք է տալիս չվստահելու Հովհաննիսյանի կադրային քաղաքականությանը:
-Այո, դա բացթողում էր, որի համար Րաֆֆին հազար անգամ ներողություն է խնդրել հասարակությունից: Կարծում եմ, որ սա իր համար շատ լավ դաս է լինելու: Շատերը ժամանակին ասացին, որ միավորումը ճիշտ չէ: Բայց ինքը հավատաց միավորմանը, քանի որ դրա կողմնակիցն է: Էս մարդը Հայաստան գալու առաջին օրվանից ասում է` միավորվենք:
-Խոսքը ոչ միայն «միավորման» մասին է: Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան. ամենաակտիվ պատգամավորներ, որոնցից ոչ մեկը խորհրդարանում չէ:
-Այո, սակայն մենք հավատում էինք, որ քսան տոկոս ձայն ենք հավաքելու: Երեքս էլ նաև մեծամասնականով առաջադրվեցինք:
-Բայց ակնհայտ էր, չէ՞, որ դուք քսան տոկոսը չէիք հաղթահարի և մեծամասնականով էլ դժվար թե ընտրվեիք:
-Մենք էլ հենց ուզում էինք այդ կարծրատիպը կոտրել: Որպես մեծամասնականով առաջադրված, համոզված էի, որ ես հաղթելու եմ, որովհետև իսկապես ծառայել էի, ասում էի ինձ ընտրեք, գնամ ձեզ ծառայեմ, գիշերը չքնեմ, վազվզեմ, խնդիրներդ բարձրաձայնեմ: Հիմա Րաֆֆի՞ն էր մեղավոր, որ ինձ չընտրեցին: Այդ ընտրությունից հետո ժողովրդին ասացինք` դու քո թշնամին ես, չուզեցիր Ստյոպան, Անահիտը, Արմենը գնան ու քեզ համար աշխատեն, ընտրեցիր չգիտեմ ում: Մինչև այսօր նամակներ են ինձ գրում: Ա՜յ ցավդ տանեմ, ես պատգամավոր չեմ: Ասում են` ոչինչ, մի կերպ հարցը բարձրացրու: ՈՒրեմն ինձ չի ընտրել, բայց մինչև հիմա ինձ է դիմում: Բա ես չասե՞մ` լսի՛ր, ժողովուրդ, այս անգամ գոնե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ չծախվես: Թող ընտրեն, ավագանի դառնանք, ցույց կտանք, թե Երևանի ավագանին ինչպես պետք է աշխատի: Արդեն հրաշալի ուսումնասիրել եմ ավագանու լիազորություններն ու իրավունքները: Ընտրվելու դեպքում դա անելու եմ:
-Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը 37 % ձայն տվեց, ում մեղադրեցիք «ծախված» լինելու մեջ: Արժե՞ բոլոր մեղավորությունները «բարդել» ժողովրդի վրա:
-Իհարկե, ներողություն, սխալ է միայն ժողովրդին մեղադրելը: Այսօր մարդիկ կարիքի մեջ են, և մի քանի հազար դրամը նրանց աչքին երևում է: Իշխանություններին ձեռնտու է այս իրավիճակը, որ ընտրությունների ժամանակ մի քանի հազար դրամով կառավարեն ընտրությունները: Ժողովրդի այս վիճակը և իշխանության գործելաոճը փոխկապակցված են: Այսօր կարդում եմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքը, թե վարչապետի ոտքերը, ձեռքերը կապված են: Երբ ես եմ դա ասում, ինձ ասում են` ընդդիմություն է, այդպես պետք է ասի: Բայց իմ ու Վազգեն Մանուկյանի ասածները նույնն են: Եթե նա նման բան է հայտարարում, նշանակում է` շատ բան գիտի: Մենք էլ ասում ենք` վարչապետի ոտքերն ու ձեռքերը պետք է ազատ լինեն: Երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց, շատ մեծ հույսեր ունեի, հիշում եմ ԱԺ-ում առաջին ու վերջին ելույթները, որոնք, ցավոք, տարբեր էին իրարից: Ինքը եկավ ու հարմարվեց այս ամենին: Հիշեցնեմ, որ 2008-ին «Իրատես de facto»-ում շատ լավ հարցազրույց էր տվել, որտեղ ասում էր` ժամանակն է, որ մեր քաղաքացին դիտորդից վերածվի մասնակցի: Հիմա Ազատության հրապարակի ժողովուրդն ասում է` ես մասնակից եմ: Ժողովուրդն էլ հիշել է այդ խոսքը, լսել է Տիգրան Սարգսյանին ու դարձել է մասնակից: Հիմա էլ դրանից են դժգոհում, մեզ էլ ասում են` եկեք ընդդիմադիր քաղաքական դաշտը ձևավորեք ու փոխեք: Այո, կարող ենք փոփոխել, եթե ԱԺ-ում ունենանք համապատասխան ներկայացվածություն: Իսկ Րաֆֆիի կադրերի բերանը որևէ նախագահ փակել չի կարող: Ես անձամբ հիմա էլ չեմ քննադատում, ընդամենը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն եմ անընդհատ մեջբերում, փաստեր եմ ասում, բարձրաձայնում, որ բյուջեն իրենց գրպանին ծառայեցնողները պետք է պատժվեն: Իսկ եթե ես լինեմ ՎՊ-ի նախագահը, տես, թե այդ պետբյուջեի գումարները մսխող ամեն մի պաշտոնյա ոնց է պատժվելու: Եթե ես ՎՊ-ի ղեկավարը լինեմ, հանքարդյունաբերության ոլորտը թալանողների արածները պարանի վրա «փռելու» եմ, ներկայացնելու եմ, թե ինչպես է մեր պետության ընդերքը մի քանի մարդու հարստացրել: Կարծես ապրում ենք այսօրվա համար, պարտքեր ենք կուտակում, որոնք մեր թոռներն ու ծոռներն են վերադարձնելու: Ստացվում է` թքած, թե մեր թոռներն ինչպես են ապրելու:
-Ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմադիր դաշտն էլ այդ արժեհամակարգում է: Ձեր նշածը համընդհանուր խնդիր է, որտեղ ընդդիմություն-իշխանություն չկա:
-Նախ չգիտեմ` ընդդիմադիր դաշտ ասելով ո՞ւմ նկատի ունեք:
-Բոլորին, ով իրեն ընդդիմություն է համարում:
-ՈՒրիշ բան է` ով է իրեն ընդդիմություն համարում, այլ բան` ով է իսկական ընդդիմությունը: Իրենց ընդդիմություն են համարում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, նույնիսկ ՕԵԿ-ն է տեղ-տեղ քննադատում իշխանություններին:
-ԲՀԿ-ն այլընտրանք է:
-Ես քաղաքականության մասնագետ չեմ, բայց տարրական գիտելիքները թույլ են տալիս ասելու, որ նման բան չկա: Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն: Հիմա Րաֆֆին իր քայլերով կարծես մնացել է միայնակ, քաղաքական ուժերը գալիս են շուրջը պտտվում, գնում են, ոչ մեկն այնտեղ «տիտիկ» չի անում, որովհետև բոլորն իրենց այս իրականության մեջ են տեսնում, իրենք էլ չեն հավատում, որ կարող ենք ունենալ ժողովրդավար երկիր:
-Մի ծաղկով գարուն գալի՞ս է:
-Այո՛, չգիտեմ, էս ժողովուրդն էլ ինչ է ուզում: Րաֆֆին մաքուր մարդ է, իր կենսագրությամբ է ապացուցել, որ շահ չունի: Ասում է` հնարավոր է ձեր ասած ապահով երկիրը կառուցել: Ինչպես կարելի է չսատարել նրան: Պիտի ասեն` վա՜յ քո ցավը տանեմ, արի: Եթե Սերժ Սարգսյանն ուզում է ապահով Հայաստան, կարող է իր շրջապատին ասել` լսեք, այսքան մարդ Րաֆֆու հետևում կանգնած է և փոփոխություն է ուզում, չեմ կարող չանել: Պատմության մեջ էլ կգրվի, որ Հայաստանի չորրորդ նախագահն իր մեջ քաղաքական կամք գտավ` հակառակվելու իր շրջապատին և ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Հայաստանը դուրս բերեց այս իրավիճակից:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ