ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երախտագիտության զգացում չունեք` մեռելներին հանգիստ թողեք

Երախտագիտության զգացում չունեք` մեռելներին հանգիստ թողեք
06.09.2016 | 08:59

Երբ ողջերը ողջերին չեն պատասխանում, կռիվ է սկսվում մեռելների դեմ: Նրանց, ովքեր պատասխանել չեն կարող: ՈՒղղորդվող ներքին տեղեկատվական պատերազմի, համազգայինի վերածված նիհիլիզմի, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների վարկաբեկման, պետական կառույցների հեղինակազրկման, բոլորը բոլորին անվանարկելու պայմաններում այսօր ոտնձգության փորձեր են արվում նաև ազգէական հիմքերից մեկի` բարերարության հանդեպ: Բարեբախտաբար, այդ փորձերի հեղինակները չունեն ոչ տարրական գիտելիքներ, ոչ այբբենական մտապաշար: Բայց ես մտադիր չեմ լռել, պաշտպանել ու շարունակելու եմ պաշտպանել բարերարների` ազգի արժանավորագույն մեռյալների գործն ու հիշատակը:


Ստորև ներկայացվող քիչ հայտնի երկու ռուսաստանաբնակ հայերի օրինակով կպատասխանեմ դարատև մի «քննադատության», այն է` փոխանակ հայրենիքը շենացնեին, նպաստ բերեցին օտարին:
Մ. Շորշորյանը հայ իրականության հետ որևէ առնչություն չի ունեցել, կառուցել ու Տամբովին է նվիրել մի հրաշալի շենք ու պուրակ: Բայց, նախ, Հայաստան-պետություն գոյություն չուներ, կար հետ ընկած Երևանյան նահանգ, իսկ հայրենիքը Ռուսական կայսրությունն էր: Եթե, ասենք, կառուցած լիներ Երևանում, արդյո՞ք մեր օրերում այդ շենքը «սարայի» անվան տակ չէին քանդի, իսկ այգու ծառերը չէին հատի և այլանդակ բազմահարկեր չէին կառուցի: Այնինչ տամբովցիները ոչ միայն աչքի լույսի պես պահպանում են ժառանգածը, այլև փառաբանում այդ հայ հարուստին:


Չերքեզահայ, հայերեն բառ անգամ չիմացող, ողբալի ճակատագիր ունեցած Բ. Չերաչյանը ներկայիս Կրասնոդարում կառուցել է մշակութային-լուսավորչական կենտրոն, որտեղ 32 տարի կրթություն են ստացել հայ երեխաներ, այսինքն` նպաստել է ազգային ինքնապահպանությանը: Մենք դրա համար շնորհակալ եղե՞լ ենք:
Ասածս ինչ է. երախտագիտության զգացում չունեք` մեռելներին հանգիստ թողեք:

ՇՈՐՇՈՐՅԱՆՆ ՈՒ ՏԱՄԲՈՎԸ
Մինաս Ղուկասի Շորշորյանի (Минас Лукьянович Шоршоров) կյանքի թելը կտրվեց 1918-ին, երբ «կարմիր», արյունահեղ, խառնակ Ռուսաստանից փորձում էր փախչել արտասահման: Ընդ որում, բոլոր աղբյուրները նրա մահը որակում են երկու բառով` «ողբերգականորեն զոհվեց»: Թե ինչ է թաքնված այս բառերի տակ, չգիտեմ, բայց կհամարձակվեմ ենթադրել, որ այդ կապիտալիստը դարձել է դասակարգային պայքարի զոհ, ժողովրդի «արյունը ծծած» հարուստը վերջին վճարը կատարել է կյանքով:


…1870 թ. նորնախիջևանցի Մ. Շորշորյանն իր ծննդավայրում հիմնեց մանուֆակտուրայի մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող «Մ. Ղ. Շորշորյան և որդիներ» (М. Л. Шоршоров и С-я) ֆիրման: Որդիներն էին Խաչատուրը և Գրիգորը: 1903 թ. այդ ֆիրման վերածվեց փայատիրական ընկերության` 1 մլն ռուբլի հիմնական կապիտալով: Նույն թվականին զուտ եկամուտը կազմեց 78,5 հազար ռ., իսկ 1913 թ. հաշվեկշիռը` 3212487 ռուբլի: Փայատերերի ընդհանուր ժողովները տեղի էին ունենում ամեն տարի ապրիլից ոչ ուշ, Մոսկվայի կենտրոնում` Ստարոպիմենովսկի նրբանցք, թ. 14 հասցեում, ուր գտնվում էր վարչությունը: Մոսկվայից բացի, ընկերությունը մասնաճյուղեր ուներ Նոր Նախիջևանում, Եկատերինոդարում ¥Կրասնոդար¤, Վորոնեժում, Տամբովում:


Տնտեսական այս տվյալները ցույց են տալիս Մ. Շորշորյանի հարստության աղբյուրն ու չափը, սակայն նա զբաղվում էր նաև հասարակական, բարերարական եռանդուն գործունեությամբ, որից, չգիտես ինչու, առավելապես օգտվեց Տամբովը:
1897 թ. նահանգային այս քաղաքում նա սկսեց կառուցել իր առևտրային երկհարկանի տունը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1900 թ. սեպտեմբերի 24-ին: Դա եկամտաբեր շենք էր, այսինքն` տարածքները տրամադրվում էին վարձակալությամբ: Առաջին հարկում գտնվում էին բազմաթիվ խանութներ, երկրորդում` «Վոլգո-Կամայի բանկի» մասնաճյուղն ու «Եվրոպեյսկայա» հյուրանոցը: Վերջինս բաղկացած էր շքեղ կահավորված, ջրմուղով, լոգարաններով և էլեկտրականություն ունեցող 25 սենյակներից, իսկ 600 մարդու համար նախատեսված դահլիճում կազմակերպվում էին համերգներ ու գրական երեկոներ:
Շենքի առջև` Դոլևոյ (այժմ` Կարլ Մարքսի), Գիմնազիչեսկայա (Կոմունալնայա) և Դվորյանսկայա (Ինտերնացիոնալնայա) փողոցների հատույթում, գտնվում էր մի աղբահոտ խանդակ: Անհրաժեշտ հողային աշխատանքներ կատարելուց, բարեկարգելուց հետո, Մ. Շորշորյանն այդտեղ հիմնեց գեղեցկագույն, ծառախիտ պուրակ:
1906 թ. Տամբովի կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն` թե եկամտաբեր շենքը և թե պուրակը Մ. Շորշորյանը նվիրեց քաղաքին: Քաղաքային վարչությունն ու բնակչությունը ոչ միայն ցնծությամբ ու երախտագիտությամբ ընդունեցին դրանք, այլև բարերարին արժանացրին պատիվների. Մ. Շորշորյանն ընտրվեց քաղաքային դումայի պատգամավոր, և նրան շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում: Ի դեպ, Տամբովն ուներ ընդամենը 11 պատվավոր քաղաքացի:


Ի՞նչ եղան նրա պուրակն ու եկամտաբեր շենքը: Առաջինն այսօր կոչվում է Խորհրդային Միության հերոս Վ. Պետրովի անվան քաղաքային այգի: Եկամտաբեր շենքում երկար տարիներ գտնվում էր «Մանկական աշխարհ» հանրախանութը, իսկ 2010 թ. այն հիմնանորոգվեց ու վերածվեց Տամբովի երկրագիտական թանգարանի մասնաճյուղի` Տամբովի մարզի թանգարանային-ցուցահանդեսային կենտրոնի: Այդ շենքի ճակատին առայսօր պահպանվել է բարերար-կառուցողի զինանշանը` ռուսերեն «Մ» տառը:
Տամբովցիները պահպանում ու փայփայում են Մինաս Շորշորյանի հիշատակը:


ԿԱՌԱՊԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ
Երբ նրա մոտ գալիս էին և ասում. «Ձի ու ֆայտոն եմ ուզում առնել, օգնեք», հարցնում էր.
-Հո խմող չե՞ս:
Եթե` չէ, փողը տալիս էր և ուղարկում Սեննոյ շուկա, որ ձիասարք, խամութ, ձի ու կառք առնի:
-Նստիր ու քշիր, հետո փողս կվերադարձնես:
Դա էր պատճառը, որ երբ բոլշևիկները երկու անգամ ձերբակալեցին, քաղաքի կառապաններն իրենց ֆայտոններով հեղեղեցին փողոցներն ու պահանջեցին նրան ազատ արձակել. «Ազատե՜ք մեր բարեկամին»:
Իսկ երբ գործակատար պիտի ընդուներ, ահա թե ինչ էր անում: Խանութը բացվելուց առաջ մի 100-ռուբլանոց էր գցում հատակին ու վարագույրի արանքից նայում: Եթե թեկնածուն փողը վերցնում-դնում էր գրպանը` իսկույն հեռացնում էր: Իսկ եթե փողը ձեռքին գալիս և ասում էր, թե` երևի ինչ-որ գնորդի գրպանից է ընկել, տալիս էր ևս մի 100-անոց և աշխատանքի ընդունում:


Դա էր պատճառը, որ երբ ստիպված եղավ նստել ձմեռային թատրոնի` ֆիլհարմոնիայի, աստիճաններին և գլխարկը պարզած փող մուրալ, ձեռքները գրպաններն էին տանում գործակատարներն ու կառապանները:

Բաղդասար Բարսեղի Չերաչյանը (Борис Власьевич Черачев) Եկատերինոդարում` ներկայիս Կրասնոդարում, հանրահայտ անձնավորություն էր: 1-ին գիլդիայի վաճառականը, մանուֆակտուրայի առևտրականը երկու խանութ ուներ, տարեկան դրամաշրջանառությունն ավելի քան 400 հազար ռուբլի էր, բայց, դե, ով գիտե որքան փող ուներ:
Մի անգամ Բաղդասարը որոշում է Փարիզ գնալ ու կնոջն ասում, թե այնտեղից նրա համար ոսկեղեն ու զարդեղեն կբերի: Կողակիցն էլ թե. «Ավելի լավ է էդ փողով դպրոց կառուցես»:
Կառուցում է: 1914 թ. հատկացնում է 70 հազար ռուբլի, և երկու տարի անց` 1916 թ. նոյեմբերի 13-ին կատարվում է երկհարկանի այդ շքեղ շինության օծումը:

Երկու օր անց տեղի Սբ. Աստվածածին հայոց եկեղեցու ավագ քահանա Գ. Թվելյանցը գրում է. «Ամսիս 13-ին Եկատերինոդար քաղաքում հայ համայնքը կատարեց հանդիսաւոր օրհնութիւնը նորաւարտ հոյակապ և ընդարձակ շինութեան, որ իր հաշուով կառուցել է չէրքէզահայ Բաղդասար Չերաչեանը` ծախսելով մօտաւորապէս հարիւր հազար ռուբլի:

Այդ փառաւոր շինութիւնը, որ ընծայուած է հայոց եկեղեցուն, հարմարեցրած է ազգային-կուլտուրական զանազան հիմնարկութիւնների համար` եկեղեցական-ծխական, նոյնիսկ միջնակարգ դպրոցի, թատրոնի, գրադարանի և այլն:
Բաղդասար Չերաչեանը այս նշանաւոր և օրինակելի բարեգործութիւնով հանդիսանում է առաջինը բազմահարուստ չէրքէզահայերի մէջ, որ իր կենդանութեամբ յաւերժացնում է իր անունը»:
Այս շինությունում, որ կրում էր բարերարի անունը, հաստատվեց հայ երկսեռ դպրոց, ընթերցարան, իսկ դահլիճում կազմակերպվում էին անգամ սիրողական թատերական ներկայացումներ:


Բաղդասարի ու նրա շինության ճակատագրերը տարբեր եղան:
Չերաչյանը, որ քաղաքի Աղքատախնամ ընկերության անդամ էր, Առաջին աշխարհամարտի ժամանակ զգալի գումարներ էր հատկացրել բանակի կարիքներին, ֆինանսապես աջակցում էր Եկատերինոդարի թատրոնին ու թատերախմբին, ամեն ինչ կորցրեց բոլշևիկյան հեղափոխությամբ: Երբ նրա խանութները բռնագրավեցին, որդիները փախան արտասահման: Բայց ծերուկը որոշեց մնալ: «Ինչո՞ւ պիտի մեկնեմ, ես ոչ ոքի ոչ մի վատ բան չեմ արել»,- ասաց ու սխալվեց: Նոր իշխանության դասակարգային թշնամին՝ կապիտալիստը, հայտնվեց լիակատար թշվառության մեջ, ու երբ 1922-ին 68 տարեկան հասակում վախճանվեց, պարզվեց, որ թաղման փող անգամ չկար…
Շենքը մնաց: Խորհրդային տարիներին սա հայկական դպրոց էր, բայց 1946 թ. Կրասնոդարի քաղգործկոմի որոշմամբ հանձնվեց Պուշկինի անվան մարզային գրադարանին:
2012 թ. շենքի ճակատամասին, մուտքի մոտ փակցվեց հուշատախտակ, որն ավետում էր, թե ում միջոցներով է կառուցվել…

Ռուսաստանի վաճառականական գիլդիաներ: Վաճառականական դասեր, որոնք սկիզբ էին առնում 1775 թվականից և ժամանակի ընթացքում բազմիցս ենթարկվել իրավական ու կազմակերպական փոփոխությունների: 1-ին գիլդիայի վաճառականը պետք է ունենար 10 հազար և ավելի ռուբլի կապիտալ, 2-րդ գիլդիայինը` 1000-10000 ռ., ընդ որում գիլդիական վկայական ձեռք բերելու համար հարկ էր պետական գանձարան վճարել տուրք` հայտարարված կապիտալի 1%-ի չափով: Գիլդիայի պատկանելը վաճառականին յուրատեսակ վարկանիշ էր հաղորդում և իրավունք տալիս զբաղվելու այս կամ այն առևտրատնտեսական գործունեությամբ` համաձայն հայտարարված կապիտալի:
Վաճառականական գիլդիաները գոյատևել են մինչև 1917 թվականը:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ