Մարիա Զախարովան հայտարարում է, որ «գնդակը Հայաստանի դաշտում է», նշելով՝ Լեռնային Ղարաբաղը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ՀԱՊԿ-ի ներգործության շրջանակներից դուրս է, իսկ ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին էականորեն կնվազեցներ լարվածությունը։
Ի՞նչ հաղորդագրություններ է պարունակում Զախարովայի հայտարարությունը.
1. Նախ՝ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չափազանց կարևոր արձանագրում է, եթե նկատի ունենանք, որ բավական երկար ժամանակ է, ինչ «Լեռնային Ղարաբաղը» դադարել է կիրառական լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների խոսույթում։
2. Զախարովան հստակ առանձնացնում է հայ-ադրբեջանական շփման գոտին Արցախի հիմնախնդրից, ինչը ևս կարևոր արձանագրում է, և ինչը, ըստ էության, հակասում է բրյուսելյան «խաղաղության» փաթեթային օրակարգին, որի շրջանակներում առկա կոնսենսուս գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև։
3. Նշելով, որ ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական շփման գոտում էականորեն կնվազեցներ լարվածության աճը` Զախարովան նախ արձանագրում է, որ նման պահանջ Հայաստանի կողմից չի եղել, և երկրորդ` անուղղակի արձանագրում է, որ լարվածության ընդհանուր աճը, որպես հոգեբանական ճնշում, Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է «խաղաղության» փաթեթային օրակարգի անխուսափելիությունը հանրությանը մատուցելու գործում։
Դե, իսկ «գնդակը Հայաստանի դաշտում է» ասվածն այս ֆոնին, կարծում եմ, մեկնաբանելու նույնիսկ անհրաժեշտություն չունի։
Գարեգին Պետրոսյան