Երեկ տեղի ունեցան աշխարհի ամենաերկարակյաց լարային քառյակի՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմի, հուշամեդալի, խտասկավառակի և քառյակի թարմացված կայքի շնորհանդեսները։
Վաղեմի բարեկամներիս՝ քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանի և տնօրեն Սամվել Մեսրոպյանի առաջարկով ալբոմի խմբագրումը, առաջաբանը ու նույնիսկ վերնագրի ընտրությունը վստահվել էր ինձ։ Կարծում եմ՝ հետաքրքիր ու բովանդակալից ալբոմ է ստացվել՝ արժանի հոբելյարի 100-ամյա վաստակին։ Ի դեպ վերնագիրը՝ «Քառագագաթ՝ ինչպես Արագածը» 10 տարի առաջ՝ քառյակի 90-ամյակի առթիվ գրված իմ հոդվածի վերնագիրն է։
Սա հարկադրված եմ նշում, որպեսզի հանկարծ տպավորություն չստեղծվի, թե տուրք է տրված մեր հիվանդ օրերի ցնորամտությանը։ Ստորև կարելի է ծանոթանալ առաջաբանին։
ԴԱՎԱՆԱՆՔԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Հարյուր տարի առաջ երանելի Ավետ Գաբրիելյանը, իր Ավետ-Ավետիս անվանը հավատարիմ, Խորհրդային երկրի մայրաքաղաքում ավետեց հայկական լարային քառյակի ծնունդը։ Սա այն ժամանակների համար շատ համարձակ ու հանդուգն քայլ էր․ բազմազգ երկրի սրտում ստեղծել բացառապես հայերից բաղկացած երաժշտախումբ, երբ անծայրածիր Միությունը ձևավորվել էր բիրտ ուժով պարտադրվող ինտերնացիոնալիզմի կեղծ գաղափարի վրա և չար ու թշնամական աչքով էր դիտարկում ազգային ամեն դրսևորում։ Հեռատես մեկը նման ձեռնարկների դիմելիս, իշխանությունների բարեհաճությունը շահելու կամ գոնե չթիրախավորվելու համար, խմբում կընդգրկեր նաև այլազգի երաժիշտների, ինչպես և արվում էր առհասարակ, սակայն հետագա տարիները ցույց տվեցին, որ Ավետ Գաբրիելյանն ու իր համախոհները լուրջ ու հեռանկարային նպատակներ էին դրել իրենց առաջ։ Եվ իսկապես, քառյակի տարեց տարի ավելի ու ավելի ինքնավստահ դարձող ընթացքի մեջ, երբ խնդիր էր առաջանում կազմը այս կամ այն երաժիշտով համալրելու, ընտրությունը կատարվում էր բացառապես հայ երաժիշտների միջից։ Սա ինքնանպատակ չէր։ Քառյակի նպատակը միայն առաջնակարգ երաժիշտների ներդաշնակությամբ կատարողական արվեստի կատարելությանը հասնելը չէր։ Դա, թերևս, միջոց էր՝ արագ ճանաչում ձեռք բերելու համար։ Իսկ գլխավոր նպատակը ռուս և արևմտյան հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ միասին երկացանկը հայ կոմպոզիտորների գործերով համալրելն էր և այդպիսով ազգային երաժշտարվեստը զարգացնելն ու տարածելը։
Դա հեշտ գործ չէր, երբ գրեթե իսպառ բացակայում էր համապատասխան երաժշտական գրականությունը։ Այսինքն, կարիք կար հայ կոմպոզիտորների գործերի մշակումներով ստեղծել կվարտետային գրականություն։ Եվ այստեղ էր, որ տեղի ունեցավ երկրորդ խիզախումը։ Քառյակի մյուս առանցքային անդամը՝ առաջնակարգ թավջութակահար Սարգիս Ասլամազյանը, բացահայտվեց նոր՝ կոմպոզիտորական փայլուն տաղանդով։ Նրա անզուգական մշակումները խթան հանդիսացան նաև այլ կոմպոզիտորների համար՝ ստեղծելու կվարտետային գործեր։ Իսկ մշակումների առանցքը Ասլամազյանի պաշտամունքն էր՝ մեծահանճար Կոմիտասը, որի մեղեդիները աստիճանաբար պիտի դառնային քառյակի այցեքարտը՝ մինչ օրս աշխարհով մեկ փառավորելով հայկական տոհմիկ երաժշտությունը․․․
Եվ ահա՝ երրորդ անհավատալի իրողությունը․ 1932 թվականին արդեն Խորհրդային Միությունում լայն ճանաչում ու համբավ ունեցող քառյակը պաշտոնապես կոչվեց Կոմիտասի անունով։ Սա հիրավի անհավատալի բան էր, քանզի դրանից չորս տարի անց՝ 1936 թվականին, երբ Կոմիտասի զմռսված աճյունը Փարիզից տեղափոխվում էր Խորհրդային Հայաստան՝ այդ նվիրական առաքելությունն իրականացնող անձանց գլխին մութ ամպեր կուտակվեցին։ Իսկ գլխավոր թիրախը դարձավ Վարդապետի աճյունի տեղափոխումը ծածուկ հովանավորող Աղասի Խանջյանը․․․
Կոմիտասի նման հանճար ունեցող ժողովուրդը հարկ է, որ ունենա նրա անվանն ու վաստակին արժանի երաժշտախմբեր։ Այս անխախտ հավատամքով էր տոգորված քառյակի հիմնադիր կազմը և այս հավատամքով էլ իր քառյակ-դաշինքը դարձրեց մեր ազգային երաժշտարվեստի լուսարձակը՝ տասնամյակների մեջ լուսավորելով ու փառավորելով նույն այդ արվեստի հաղթարշավը ԽՍՀՄ-ում և աշխարհում։ Նրա անընդմեջ համերգները վերածվեցին տոնի, կատարողական արվեստի խրախճանքի, որին մշտապես անհամբերությամբ է սպասում արվեստասեր հանրությունը։ Նրա՝ այսօր արդեն 100-ամյա ճանապարհը նշանավորվել է այն բոլոր հնարավոր նվաճումներով, որոնց կարող են հավակնել միայն ամենաբարձրակարգ երաժշտախմբերը։ Այդ ճանապարհը դասական երաժշտության յուրովի մեկնաբանման և կատարողական արվեստի մեր համբավավոր դպրոցի 100-ամյա տարեգրությունն է, որը ոչ թե ձգտել է հասնել ու հավասարվել աշխարհի հեղինակավոր նվագախմբերին, այլ ընթացել է նրանց զուգահեռ, իսկ շատերի համար էլ երևութացել որպես օրինակելի և անհասանելի բարձունք։
Իր հաստատունությամբ, կենսունակությամբ ու անընդհատությամբ քառյակը հար և նման է մեր քառագագաթ լեռանը՝ Արագածին։ Ճիշտ է, սերնդափոխության օրինաչափությամբ, տարբեր տարիներին նրա կազմը փոփոխությունների է ենթարկվել, համալրվել նոր երաժիշտներով, բայց նրանցից յուրաքանչյուրը իր անհատականությունը, իր տաղանդն ու վարպետությունը ներդաշնակեցրել է քառյակի ինքնատիպ ոճին ու մի նոր դափնի ավելացրել նրա փառքին։ Եվ, ամենակարևորը, չի եղել որևէ ժամանակ, որևէ խնդիր ու դժվարություն, որը թեկուզ մի կարճ միջոցի խոչընդոտեր քառյակի գործունեության անընդհատությունը։
Վերջին կես դարում Կոմիտասի անվան քառյակի հաջողությունները առավելապես պայմանավորված են առաջին ջութակի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանի նվիրումով։ Մեծատաղանդ երաժշտի բացառիկ վարպետության, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործությունների յուրուրույն մեկնաբանությունների, քառյակի անդամների միջև զմայլելի ներդաշնակություն ապահովելու կարողության մասին շատ է գրվել և դեռ կգրվի։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նա իր հույզերն ու զգացումները ոչ միայն ջութակով է փոխանցում արվեստասերին, այլ նաև թադևոսյանական հանրահայտ դիմախաղով։ Եվ եթե երաժշտարվեստի գիտակ ես, ապա հետևելով նվագելիս իր տարերքի մեջ գտնվող Թադևոսյանի խոսուն ու ներշնչված դիմախաղին՝ առանց երաժշտությունը լսելու ճշգրիտ կկռահես, թե ինչ ստեղծագործություն է կատարում վարպետը։ Նրա մասնագիտական այլևայլ առանձնահատկությունների ու առաքինությունների շարքում կարևոր է անպայման հաշվի առնել նաև հումորի նրբին զգացողությունը։ Ընդ որում, Էդուարդ Թադևոսյանի մեջ դա սոսկ կրավորական զգացողություն չէ։ Շատերն են օժտված հումորային իրավիճակները զգալու և գնահատելու կարողությամբ, իսկ երգիծելու, զվարճախոսելու ու ճիշտ պահին սրախոսելու ձիրքը հատուկ է միայն բացառիկներին։ Մաեստրո Թադևոսյանն այդ բացառիկներից է, որ կարողանում է իր կոլեկտիվում ու մտերիմների շրջապատում մշտապես ապահովել բարձր տրամադրություն։ Ամենևին էլ պատահական չենք ընդգծում Էդուարդ Թադևոսյանի ստեղծագործական խառնվածքի այս բնորոշիչ կողմը։ Համաձայնեք՝ առանց այս աստվածատուր շնորհի մարդ ոչ արվեստից գլուխ կհանի, ոչ հայրենիքից ու ոչ էլ հայրենասիրությունից։ Իսկ Էդուարդ Թադևոսյանը, ինչպես հայտնի է, մեծ հայրենասեր է։
Ինչևէ։ Հոբելյանական այս գիրք-ալբոմը հայրենի և օտար մամուլից քաղված բնորոշ պատառիկների ու խոսուն լուսանկարների մի ներդաշնակություն է, որն ընդամենը ընդհանուր պատկերացումներ է տալիս քառյակի անցած ուղու մասին։ Ուղի, որը այս դեպքում չափվում է ոչ թե տարածությամբ ու ժամանակով, այլ ձեռքբերումներով, հաղթանակներով, դափնիներով ու գնահատականներով։ Իսկ երաժշտագետներին, երաժշտարվեստի պատմաբաններին դեռ սպասվում է քառյակի՝ տասնամյակների ընթացքում ահագնացած արխիվ-գանձարանը, որտեղ մտնելը դյուրին է ու գայթակղիչ, իսկ դուրս գալը՝ անհնարին։ Այդ գանձարանում խորամուխ լինելիս ավելի ու ավելի պատկառանքով ես լցվում քառյակի նահապետների ու նրանց արժանավոր հետնորդների հանդեպ, որոնց շնորհիվ այն մեզ համար դարձավ ազգային արժեք ու հպարտություն։ Եվ հպարտանալ է պետք, որ ազգային արժեքի համընդհանուր գիտակցությունը 2014 թվականին ամրագրվեց Հայաստանի կառավարության որոշումով, համաձայն որի վաստակաշահատ համույթը այլևս սկսեց կոչվել Կոմիտասի անվան ազգային քառյակ։
Կոմիտասի անվան ազգային քառյակի դարավոր ընթացքի մեջ անհնարինն ու աներևակայելին շատ է։ Այն տեղ-տեղ հիշեցնում է մեր ազգային էպոսը։ Եվ երբ էպոսի տրամաբանությամբ ենք նայում քառյակի ճանապարհին, ապա Ավետ Գաբրիելյան-Սարգիս Ասլամազյան եղբայրությունը հիշեցնում է Սանասար-Բաղդասար եղբայրությունը, իսկ նրանց երևելի հետնորդը՝ Էդուարդ Թադևոսյանը, երևութանում է որպես Մեծ Մհեր։ Իսկ թե ով կլինի Սասունցի Դավիթը՝ կորոշի Էդուարդ Թադևոսյանը։
Արժանին մատուցենք հավերժի ճամփորդին ու մաղթենք արգասավոր ընթացք։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ