ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Հրաշալին ու զարմանալին

Հրաշալին ու զարմանալին
18.01.2025 | 12:35

«Վահագն Դավթյանն իր «Տերևի սոսափյունից մինչև անհունը» (1970) հոդվածում գրում է. «Լույսն առհասարակ Մեծարենցի պոեզիայի հիմնական շաղախն է»: Լույս է երգել Մեծարենցը, երբ «Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ»: Այդ լույսերի, այդ երազի միջով ձգվում է նրա անձնական ողբերգության ցավագին թելը: …

Սույն հոդվածում գրականագետ Դավթյանը բացահայտում է Մեծարենցի տաղանդի յուրահատկության գաղտնիքը. նրա ուղին բողոքի, ընդվզման ուղին չէ, այլ մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի մեծ մարդասիրություն: Նա եզրահանգում է` Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն` վերադառնալու ԻՆՔՆ ԻՐԵՆ: Եվ որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան նա ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ:

Վ. Դավթյանը Մեծարենցի անհատականության, նրա քնարերգության մեկնությանը կրկին անդրադառնում է «Հրաշալին ու զարմանալին» (1986) հոդվածում` նրա պոեզիան համեմատելով «անբառ աղոթքի», բնության ու մարդու, կյանքի ու աշխարհի «անբառ մի օրհներգության», «լույսի ու ցավի մի խորհրդավոր մխանքի», «գույների մոգական ալեվետման» հետ. կարծես հաղորդվում ես հրաշքի: Դավթյանը դարձյալ հայտնաբերում, նորովի է վերարժևորում հանճարեղ քնարերգուի խառնվածքը, բանաստեղծական մեծ աշխարհը, որ իր շարժման օրենքներն ունի, ունի նյութերի իր յուրահատուկ բաղադրությունը, իր գաղտնիքներն ու առեղծվածները. «Մինչև այս պատանու հայտնությունը հայ բազմադարյան քնարերգության քարտեզի վրա նման աշխարհ գոյություն չուներ»: Գաղտնիքն այն էր, որ նա անդավաճան եղավ իր ակունքներին, իր մանկությանը, այն գյուղաշխարհին, ուր աչք էր բացել ինքը: Գրականագետը Մեծարենցին համարում է միջնադարյան տաղերգուների հարազատ շառավիղը, որ արհավիրքի ու խավարի մեջ փառաբանում էին լույսը, երգում արարչագործող սերը:

Դավթյանն այս հոդվածում ավելի խոր է մեկնում տառապող բանաստեղծի բարդ, խորհրդավոր ու բազմազան ներաշխարհը. մեծարենցյան քնարերգությունը միայն արևի ու լույսի փառաբանություն չէ. «Թախծալի ու ցավոտ աշխարհ է դա, քանի որ մարդկային մեծ երազանք է, իսկ երազանքը միշտ էլ իրականության հակադրությունն է, յուրօրինակ բողոք և միշտ էլ ցավից ու տառապանքից է ծնվում»: Գրականագետը տալիս է մեծարենցյան պոեզիայի գաղտնիքները բացելու բանալին` «Շողա՛, շողա՛, բարի արև, հիվանդ եմ…». «Այս տողը բնաբան կարող է լինել Մեծարենցի ամբողջ ստեղծագործության համար, բանալի, որ բացում է նրա ստեղծագործական գաղտնարանները, թույլ է տալիս մտնելու նրա հոգու աշխարհը, որ անհուն ցավի, բայց և անհուն բարության աշխարհ է»: Կրկին զարմանում է Դավթյանը. անխուսափելի մահվան եզերքին կանգնած բանաստեղծը ինչպե՞ս է կարողանում իր ցավից ու տառապանքից այդքան բարություն, անձնական ուրախություն քամել ու տալ աշխարհին: Պատասխանը մեկն է` միայն տարիների փորձով իմաստնացած հոգին է, որ պիտի կարողանար հասնել այդպիսի անանձնության, այդպիսի համապարփակ փիլիսոփայության` «Տո՜ւր ինծի, Տե՛ր, ուրախություն անաձնական…»: Իրոք որ` հրաշալի ու զարմանալի:

Դավթյանը բանաստեղծի իր ներքնատեսությամբ հայտնաբերում է, որ միայն նարեկյան տառապանքով մաքրված սիրտը կարող էր նվաճել այդպիսի բարձունքներ, հասնել այդպիսի վեհության: Իսկ Նարեկացին Մեծարենցի պաշտամունքն էր. նա առաջինն էր, որ կարողացավ խորամուխ լինել մատյանի անհուն էության մեջ և ասել, որ «խավարներուն ու մշուշներուն, ծփծփումներուն ու հորձանքներուն ետին հավիտենական, երջանիկ, անշիջանելի գաղափարը կա պահված», կա կամքի ու գիտակցության արևոտ վայրկյանը: Մեծարենցը, դեռ նախորդ դարասկզբին զգալով բնությանը սպառնացող վտանգը, աղոթում էր նրա հրաշքի առաջ և, ցանկանալով փրկել նրա «Լուսականությունը», վերստեղծում էր այն: Ապա Դավթյանը եզրահանգում է` մարդու և բնության, բարության և անանձնության աղոթքանման երգը շուրթերին, վաղուց արդեն հավերժության ճանապարհն է բռնել այդ «սքանչելին ու զարմանալին»: Այստեղ տեղին է հիշել «Մեծարենցի հետ» (Վ. Դավթյան) հրաշալի բանաստեղծությունը, որ կարծես լիարժեք է դարձնում հանճարեղ բանաստեղծի գրական ժառանգության դավթյանական մեկնությունը.

Եկար գունատ ու տրտում,

Աղոթեցիր ու անցար…

…Եվ բուրումներ մնացին

Երիցուկի և ուրցի,

Ու ասես ցավն աշխարհում

Դարձավ աղոթք մի պայծառ,

Ու ասես մահն աշխարհում

Փոխվեց անմահ զրույցի…»:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

«Վահագն Դավթյանը 20-րդ դարասկզբի արևմտահայ պոեզիայի մեկնիչ» (հոդված, հատվածներ)

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ