«Թիֆլիսի արտիստական թատրոնը, որուն տերը հայ էր, երկուշաբթի երեկոները վերապահած էր հայերեն ներկայացումներու: Աբելյանի թատերախումբը այդ ձմեռվան եղանակին ներկայացումներ կու տար: Իրիկուն մը կը բեմադրվեր «Էգմոնտը»՝ «Հայրենիք» անունով թարգմանված, թատերախաղի վերածված և ոչ օբերայով: Երբ Աբելյան Սիրանույշի հետ վերջին արարը լրացուցին՝ ծափահարությունները սկսան և բեմ հրավիրվեցան երկուքն ալ: Այն ատեն Աբելյան մի քանի խոնարհություն ընելե ետք, դարձավ բեմի աջ կողմի մթին ավանսենին և խոնարհելով՝ ձեռքով համբույրներ ուղղեց ստվերի մը, որ օթյակին խորը թաղված էր, մինչ ավելի մոտը կորոշվեր Հովհաննես Թումանյանի դիմաստվերը: Հանդիսականները ևս դարձան այդ օթյակին, որուն կուղղեր ծափահարությունները, հասկնալով որ անսովոր մեկը կար Թումանյանի հետ, և բնազդաբար հասկցան, թե ան կրնար ըլլալ միայն «Հայրենիքի տեր ու պաշտպան Անդրանիկը»: Ամբողջ սրահը, էլեկտրական հոսանքե մղված, ոտքի ելավ, օթյակներեն ողկույզի պես դուրս թափեցան ամենքը, ծափերը խելահեղ բնույթ առին, բովանդակ թատերասրահը որոտալ սկսավ: Անդրանիկ ստիպվեցավ օթյակին եզերքը գալ և գլխով բարևել հանդիսականները. գլուխը լույսին եկավ և երևցան անոր առնական դիմագիծը, արծվի նայվածքը, արտահայտության վեհությունը: Ժողովուրդը առաջին անգամն էր, որ կը տեսներ իր Դյուցազնը, զոր երեսուն տարիներ երգած էր: Պանծացումը տևեց երկար, և վերջապես Աբելյան, որ Սիրանույշի կողքին միշտ բեմին վրա էր, շարունակելով իր համբույրները բերնեն ձեռքով օթյակ երկարելով՝ Անդրանիկի նեղ կացության վերջ տվավ, նայելով վարագույրը շարժող մեքենավարին, որ զայն իջեցուց և առիթ տվավ Դյուցազնին անհետանալ իր ստվերին խորը: Թումանյան ևս քաշվեր էր և տարեր էր Անդրանիկը...»:
ԼԵՒՈՆ ԹԻՒԹԻՒՆՃԵԱՆ
«ՅՈՒՇԵՐ. վաւերագրական իրողութիւններ արհաւիրքի ու ազատագրական պայքարի տարիներէն»
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից