ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ժխտելով հանդերձ, այնուամենայնիվ, հավատալ

ժխտելով հանդերձ, այնուամենայնիվ, հավատալ
18.05.2025 | 19:46

«Ահա, եկավ այդ օրը:

Մեր Հրանտը, մեր Հորիզոնը, մեր անհայտ ու հայտնի Աստղը...»,- ՖԲ դիմատետրում գրել էր Լենա Հարությունյանը:

Կարդացի նրա տողերը և, կամա, թե ակամա, մտաբերեցի անցյալ դարի 80-ականները, երբ «Երեկոյան Երևանի» խմբագրությունն ու Գրապալատը (Հորիզոնն աշխատում էր այնտեղ) Դրամատիկական թատրոնի շենքում էին, ավելին` նույն հարկում:

Նրան տեսնում էի գրեթե ամեն օր` շրջապատված երկրպագուներով:

Ամենաուրախ, անդարդ մարդու համբավ ուներ:

Երբ միջանցքում պայթում էր խմբակային քրքիջը, գիտեինք` կատակում է Հորիզոնը:

Հետո հավաքվածներն անպայման խնդրում էին նմանակել Շիրազին:

Տպավորությունն այնպիսին էր, որ Հրանտի սովորական վիճակը ժպտալն է ու ծիծաղեցնելը:

Իմ աշխատասենյակում հաճախ էինք սուրճ խմում, զրուցում:

Ինչե՜ր էին թաքնված նրա ժպիտի տակ, որ տեղյակ չէին անհոգ քրքջացողները:

Շրջապատում իշխող կարծիքն էր` անդարդ արվեստագետ. տունը լիքը, ապազան ապահովված:

Կանայք էլ երանի էին տալիս նրա տիկնոջը՝ ուրախ, հանրաճանաչ ամուսին ունի:

Լսում էի այդ երանիները, նայում Հորիզոնի աչքերին և՞… մարդի՜կ, ո՞նց չեք նկատում` ժպտացող դիմակի տակ Հրանտը խնամքով թաքցնում է իր խոհերը, ապրումները, հոգսերը:

Հանդիսականներն ու երկրպագուները միայն Հորիզոնի ժպտացող դիմակն էին տեսնում, ոչ երբեք աչքերը:

Մինչդեռ աչքերը հոգու հայելին են:

Հետո «Երեկոյան Երևանը» տեղափոխվեց մամուլի տուն` կրկեսի հարևանությամբ ու բոլորիս կյանքում մի երանգ պակասեց:

Ժամանակի հետ մեր մի բաժակ սուրճի շուրջ զրույցներն էլ հազվադեպ դարձան:

Իսկ տարիներ անց … Ճիշտը, սակայն նրա հետ կայացած հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնելն է:

«Աստվա՜ծ իմ, ինչու՞ ինձ անհավատ ստեղծեցիր»

«Լսեցե՛ք, վասն զի ազնիւ բաներ պիտի խոսիմ:

ՈՒ իմ շրթունքներս պիտի բանամ ուղիղ բաներ խոսելու համար» (Առակաց, 8, 6):

Փոքրիկ տեղեկանք

Հրանտ Ղազարյան, հանրաճանաչ ՀՈՐԻԶՈՆ:

Ծնված ` 10 հուլիսի, 1927թ.:

Մասնագիտությունը` գրող-երգիծաբան, ասմունքող:

Բնութագրիչ գծերը` վեր է ամեն մանրուքից:

Վեհանձն է ցանկացած իրավիճակում, առանց երկմտելու կարելի է վստահել նրան:

Հակումը` սիրում է խմել, պաշտում է Հայաստանը և Շեքսպիրին, նախանձում է հավատացյալներին, սարսափում է անեծքից և ատում յոգերին:

Թերությունը.

ա) Անհավատությունը, որը համարում է իր սերնդի ողբերգությունը:

բ) Ոչինչ չի հասկանում բիզնեսից և առևտրից: Կենդանակերպի նշանը` խեցգետին:

Ծննդյան տարվա խորհրդանիշը` կատու:

Որպես սկիզբ

Հրանտ Ղազարյանն անսպասելի եկավ խմբագրություն և հայտնեց` որոշել է (հենց այդպես էլ ասաց՝ որոշել է), որ մենք ես և ինքը, պետք է լրջորեն զյուցենք:

Որպես պատասխան միայն ժպտացի:

-Արդեն մի քանի ամիս է ուզում էի գալ խմբագրություն ու միշտ հետաձգում էի: Եթե այսօր չգայի, հավատա…

-Հավատում եմ: Դիմակն էլ ի զորու չէ թաքցնել ներքին հույզերն ու փոթորիկները, «խաբել» մարդկանց:

(Անհրաժեշտ շեղում

Խեցգետինը (22 հունիս-22 հուլիս) կենդանակերպային նշաններից ամենախորհրդավորն է, որովհետև գտնվում է Լուսնի հովանավորության տակ:

Նա սիրում է գրավել հասարակության ուշադրությունը, ցուցադրել իր խոսքի ուժն ու ազդեցությունը:

Տարօրինակ է ու սրամիտ և կարոդանում է հմտորեն օգտվել դրանից):

- Մի հարևան ունեինք քեռի Խաչատուրը: Համեստ ու միայնակ մարդ էր: Անգրագետ էր, բայց կյանքը նրան ինքնատիպ փիլիսոփա էր դարձրել: Հաճախ էր մեր տուն գալիս:

Հիշում եմ, պատերազմի տարիներն էին: Երբ հայրս փորձում էր հյուրասիրել, կտրականապես հրաժարվում էր, չգիտես ինչու խոցվում էր նրա ինքնասիրությունը. «Ես արղեն կերել եմ և շատ կուշտ եմ: Ես զյուցել եմ ուզում»:

Քեռի Խաչատուրը միշտ ժպտում էր ու չէր տրտնջում:

Մի առավոտ էլ իմացանք, որ նա մահացել է... սովից:

Ամբողջ կյանքում չմոռացա խեղճ ու աղքատ Խաչատուրին:

Ավելին, հետևեցի նրա օրինակին և... հոգսը, թախիծը, վիշտը միշտ էլ թաղեցի իմ մեջ, ձգտեցի արտաքուստ պահել առասպելն իմ ապահովված ու անսահման երջանիկ կյանքի մասին: ՈՒ երբ ինձ տվել են` «Ինչպե՞ս ես», հերթապահ հարցը, պատասխանն անպատճառ եղել է` «Հիանալի»:

-Ասել է` մտածել եք և՛ բարեկամների, և՛ թշնամիների մասին:

-Իհարկե: Լավ կռահեցիր: Եթե պատասխանեմ՝ «լավ չեմ» կամ «սոված եմ», կտխրեցնեմ բարեկամնելիս, կուրախացնեմ թշնամիներիս: ՈՒրե՞մն…

- Թող տխրեն միայն թշնամիները:

- Միա՛յն: Իմ ամբողջ կյանքում ոչ ոք չիմացավ սովա՞ծ եմ, թե՞ կուշտ: Ոչ ոք չիմացավ, որ երբեմն… Է՜հ:

-Բայց ասում են` Դուք շատ հարուստ եք:

- Այնքա՜ն, որ նույնիսկ սուրճ չեմ կարողանում գնել:

- Եվ հրաժարվում եք սիրած ըմպելիքից:

- Հարկաղրված եմ:

- Չե՞ք դժգոհում:

- Իրավունք չունեմ:

-Այդ ինչու՞:

- Թեկուզ և այն պատճառով, որ առայժմ շատերի պես սովից չեմ մեռնում կամ ինքնասպանություն չեմ գործում: Նման մահերը դարձել են մեր առօրյա ուղեկիցները:

Ո՛չ, չեմ դժգոհում, որովհետև հայթայթում եմ մի կտոր հաց ստամոքսս լցնելու համար: Եվ հետո ինչի՞ց դժգոհեմ: Խանութները լիքն են, շուկան առատությունից պայթում է. է՛լ բանան, է՛լ անանաս, է՛լ կիվի ու չգիտեմ ինչ:

Ե՞րբ էինք լսել կամ տեսել:

Գնիր ինչ ուզես, քանի տեսակ ուզես և առանց հերթի:

Այլ հարց է, եթե գրպանդ է դատարկ:

- Եվ ոչինչ Ձեզ չի՞ զայրացնում:

- Ինչպե՞ս չէ:

- Հատկապես ի՞նչը:

- Մեր խորհրդարանի այժմյան վիճակը: Չստեմ, սկզբում թմրամոլի նման էի: ժամերով նստում էի հեռուսրացույցի դիմաց կամ ռադիոյի կողքին ու կլանված հետևում խորհրդարանի աշխատանքներին: Ինչ-որ բանի հույս ունեի:

- Մի օր էլ արթնացաք և հասկացաք, որ այդ ամենը ոչ թե կյանք է, այլ ներկայացում, բազմասերիանոց շոու:

- Հասկացա, որ կուշտուկուռ կերած ու արդեն շփացած «ընտրյալների» մի խումբ պայքարում է իր երջանիկ ապագայի համար:

- Դուք չե՞ք պայքարում:

- Ես ուրիշների հաշվին չեմ «պայքարում»: Անբարոյականություն է ուրիշի գրպանի հաշվին սեփական վաղը կերտել:

(Նորից շեղում

Խեցգետինն ունի լավ զարգացած կռահողականություն և ծով համբերություն: Դրանց շնորհիվ էլ նա իր կյանքի բոլոր փուլերում կգոյատևի հանգիստ ու խաղաղ, եթե չհանդիպի արտակարգ իրավիճակների, ողբերգական իրադարձությունների:

Ճիշտ է, նրան շատ է տանջում «օդի պակասը», բայց նա չի կորցնում հավատն ու հույսը) :

- Ես հոգնել եմ առօրյա տառապանքներից, ցրտից, առավոտյան ու կեսօրին փողոցներում ձգվող հլու քարավաններից, անկիրք ու անտարբեր հայացքներից, անպտուղ տրտունջներից: Հոգնել եմ ամեն օր նույնը լսելուց` «Վատ ենք ապրում»:

Ճիշտ է, շա՛տ վատ:

Գրեթե չենք ապրում, բայց միայն տրտունջով հա՞րց կլուծվի: Հաճախ եմ երազում. «Աստված իմ, ե՞րբ է գալու այն պահը, որ ժպտանք` որքա՜ն լավ ենք ապրում»:

Իսկ այդ լավի համար այսօր պետք է ինչ-որ բան անենք և ոչ թե միայն հայհոյենք:

Ի դեպ, այդ տրտնջացողների մի մասը հավերժական դժգոհներն են:

Հիշում եմ մի տիկնոջ` ճարպոտ խոզի մսից ատամներով պոկեց մի մեծ կտոր, ծամեց-ծամծմեց ու լիքը բերանով անիծեց. «Թաղեմ քեզ` Խրուշչով, սրա հույսին թողեցիր»:

Տարիներ անց այդ կերած-խմածները հորանջում էին ու «թաղում» Բրեժնևին, հետո Գորբաչովին:

- Իսկ ա՞յժմ:

- Այժմ միս չկա, որ հոնգնեն ամեն օր ուտելուց:

(Էլի շեղում

Պատերազմները, խռովություններն ու հեղափոխությունները Խեցգետնի տարերքը չեն: Բայց դա հիմք չի տալիս նրան պատկերացնելու անտարբեր դիտողի կամ ինքնամոռաց ճգնավորի դերում:

Նա կարող է շատ գործուն և նպատակասլաց ազդեցություն թողնել շրջապատի վրա):

- Մտաբերում եմ ոչ հեռավոր անցյալը, երբ կանայք նախարարներ էին ծեծում (իրենց հովանոցներով), Գերագույն խորհրդի նախագահության նախագահի գլուխ կոտրում (պարսավելի ու ամոթալի արարք կին արարածի համար), և զարմանում եմ, թե այսօր ու՞ր են կորել այդ «բռնցքամարտիկներն» ու «հրացանակիրները:

- Երանությա՜մբ եք հիշում անցյալը:

- Սիրելիս, մենք հիշելու ոչինչ չունենք: Ի՞նչ է եղել մեր երեկը կուլակաթափություն, պատերազմ, սով, հացի հերթեր, բռնություններ, հալածանք: Ես` միամիտս, երբ հրաժարվեցի իմ կուռքից` Լենինից (մի՛ ժպտա, այսօրվա ճառեր ասողների մեծ մասը դեռ երեկ նրան էր բանաստեղծացնում ու երգում), անցյալի հետ կապող ոչինչ չմնաց:

- Հե՞շտ է հրաժարվել միս ու արյուն դարձած համոզմունքից:

- Չգիտեմ: Ինձ օգնեց Թատերական հրապարակը, ավելի ճիշտ մեր ժողովրդի պոռթկումը: Լենինն ինձ համար ղարձավ այն խաչը, որը դրվեց ԽԱՀՄ-ի գերեզմանին:

- Անպատշաճ է նման հարցը, այնուամենայնիվ, հավատու՞մ եք:

- Հարց, որի պատասխանն աղերս դարձած հարցի ձևով անվերջ հնչում է իմ հոգում. «Աստվա՜ծ իմ, ինչու՞ ինձ անհավատ ստեղծեցիր, ինչու՞: Ես քո նվիրյալը, քո զինվորը կլինեի...»: ՈՒզում եմ հավատալ, շա՜տ եմ ուզում:

- ՈՒրեմն ի՞նչն է խանգարում:

- Անհավատությունը: Գիտեմ, առանց Բարձրյալի կամքի մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի: Բայց ես հրաշք եմ ուզում:

- Երանի՜ նրան, ով կհավատա առանց տեսնելու:

- Մի անգամ հավատացինք (ազգովի), կուրորեն, առանց ստուգելու, խաբված ոմանց հայրենասիրական ճառերից: Ի՞նչ ստացվեց: Հայրենասերներից շատերը մոռացան իրենց կրքոտ ելույթները և դարձան հաջողակ կոմերսանտներ:

Չէ՛, սիրելիս, ծագումով ես գյուղացի եմ, մինչև աչքով չտեսնեմ, չեմ հավատա:

- Գուցե Դուք այդպես, անհավատ, ինչպես Սավուղն էր, ավելի՞ եք պետք Աստծուն:

(Փոքրիկ շեղում

Խեցգետնի, հատկապես, եթե նա կատու է, հայացքում առեղծվածային, միստիկական ինչ-որ բան կա: Մի՛ զայրացրեք նրան: Խեցգետնի թվացյալ թուլությունը կարող է փոխվել վտանգավոր ուժի):

- Հավատում եմ` կա գերբնական մի ՈՒժ, որը կառավարում է ողջ տիեզերքը: Հավատում եմ նախախնամությանը: Եվ համոզված եմ` եթե մի բան շատ ցանկանամ, անպայման կկատարվի:

- Այդ հարցում հրաշքներ պետք չե՞ն:

- Հրաշքը կատարվել է տասնամյակներ առաջ, 1944 թիվն էր: Մեր Ծիրան կովը տարել էի դաշտ ճանապարհին գտա երկաթի մի կտոր, տարվեցի դրանով ու չնկատեցի, թե կովն ինչպես մտավ մեկի արտն ու տրորեց:

Բարկացած դուրս արի և փորձեցի խփել երկաթով, բայց ձեռքս չգնաց, խղճացի կենդանուն:

Քիչ անց ինձ բռնեց պահակը: Տարիքով ու աժդահա մարդ էր: Նախ հայհոյանքով ազգուտակս, պապերիս գերեզմանները խառնեց իրար, հետո գործի անցավ… իմ գտած երկաթով սկսեց հարվածել ուր պատահեր:

Երբեք նման ծեծ չէի կերել: Ոռնում էի, աղերսում, որ խղճա ինձ, բայց նա քար էր, ոչ լսում էր, ոչ էլ խնայում:

Երբ հոգնեց, արյունոտ մարմինս քարշ տվեց մի կողմ ու սատանայական ժպիտը դեմքին հրացանը պահեց վրաս: Հասկացա, որ մահս եկել է: Ատելությունը, զայրույթն ինձ անասելի ուժ տվեցին: Կանգնեցի ոտքի, թքեցի բերանս լցվող արյունն ու բղավեցի ամբողջ ուժով.

«Աստվա՜ծ, քոռացրու՛ էս հրեշին, քոռացրու՜... »:

Անցավ շուրջ մեկ ամիս: Վերքերս հիմնականում բուժվել էին: Մի օր երեք հաց առած գնում էի տուն և պատահաբար հանդիպեցի այդ մարդուն:

Ո՜վ Աստված, կուրացել էր: Հացերից երկուսը տվեցի նրան ու հեռացա փշրված հոգով:

Ո՛չ, չուրախացա, որ կատարվել էր իմ ցանկությունը: Այդ օրվանից ատում եմ անեծքը, վախենում եմ իմ ներսում բույն դրած ինչ-որ ուժից:

(Եվս մեկ շեղում

Խեցգետինն առաքինի է, հավատարիմ և նվիրված ընկեր, հետաքրքիր զրույակից: Շատ զգույշ է իր արարքներում ու արտահայտություններում: Անշահախնդիր է ու դյուրահավատ: Համեստ ու հանգիստ մարդ է, որի պատճառով էլ շրջապատում հաճախ են դիմում նրա օգնությանը):

- Ձեզ դավաճանե՞լ են:

- Պատահել է: Ծանր է կորցնել հավատը մարդու նկատմամբ:

- Իսկ Դուք դավաճանե՞լ եք:

- Աստված գիտի, համենայն դեպս, աշխատել եմ խույս տալ նման բաներից:

- Կա՞ն պատվիրաններ, որոնք կատարել եք սրբությամբ:

- Իհարկե: Ամենաառաջինը` երբե՛ք ոչ մեկին ցավ չպատճառել: Եվ միշտ ժպիտ պարգևել մարդկանց:

- Այսօր, համատարած գորշության ու անտարբերության մթնոլորտում, մարդիկ զգու՞մ են Ձեր կարիքը:

- Նախկինում առատ հաց կար, ուրախությունը չէր զգացվում, իսկ այժմ, արցունքի ու թշվառության մեզ խեղղող ծովում ծիծաղը մեծ պահանջարկ վայելող ապրանք է: Հավատացեք, հիմա մի ծաղրածուն ավելին արժե, քան մի ուղտաբեռ ղեղորայքը:

- Ինչպես անցած ժամանակներում, այսօր էլ, հավանաբար շատերն են նախանձում Ձեր տիկնոջը, թե բախտը բերել է, ուրախ ամուսին ունի: Բերե՞լ է նրա բախտը:

- Նախ հարց է` ես իսկապե՞ս ուրախ մարդ եմ: Իմ կյանքում բարդություններ ու դժվարություններ որքան ուզեք: ճշմարտությունն այն է, որ կինս մասնակիցն է թե՛ իմ ուրախության, թե՛ իմ տառապանքի ու ապրումների:

- Ձեր տանն ո՞վ է վեճեր տտեղծողը:

- Որպես օրենք, վեճերի հեղինակը կինս է, վերջաբան «գրողը»` ես:

- Ի՞նչ եք մտածում ժամանակակից կնոջ մասին:

- Նա, հանգամանքների բերումով, մոռացել է իր կանացիությունը:

- Կարծու՞մ եք: Ցանկացած կին էլ սիրում է հաճոյախոսություններ լսել: Ինչ աթոռի էլ նստած լինի կինը, միշտ էլ կին է մնում, սիրում է մեծարվել, սիրում է հրապուրել, իր թողած ցնցող տպավորությունը կարդալ տղամարդկանց դեմքերին:

- Ամենևին: Տղամարդն այսօր թող փորձի հաճոյախոսել որևէ կնոջ և ասի, որ նա սքանչելի տեսք ունի, գիտե՞ս ինչ պատասխան կլսի. «Ստու՛մ ես, ամբողջ գիշեր լվացք եմ արել», «Սրտիս հետ գնա», «Անլվա, կեղտոտ հալիս հաճոյախոսությունդ էր պակաս»:

Կամ էլ՝ «Ա՜յ քրջոտ, մի քեզ նայիր», «Հե՜յ, ծակ զրպան, լավ էլ ճաշակ ունես»:

Մի՞թե այդպիսին պետք է լինի կինը:

Կանայք, ոչ բոլորը, իհարկե, կորցրել են իրենց հմայքը, գեղեցկությունը:

- Ըստ Ձեզ ի՞նչ է կանացի գեղեցկությունը:

- Վերացական հասկացություն է, գոնե ինձ համար: Եղել են դեպքեր, որ նայել եմ գեղեցկուհուն և ոչ մի լար չի շարժվել իմ ներսում: Որովհետև չեմ տեսել հոզին, ըմբռնել եմ, որ նա իմ աշխարհի բաղկացուցիչ մասնիկը չէ:

(Մի շեղում ևս

Խեցգետնի նրբազգաց հոգին արտաքին ազդեցություններից պաշտպանված է ամուր զրահով: Նա իր թաղանթի մեջ պարփակված երազում է, ապրում տեսիլքների աշխարհում, սիրում է, մենամարտում հանուն իր գեղեցկուհիների ու հաղթանակներ տանում: Նա շուտ սիրահարվում է և շուտ էլ հիասթափվում: Նա ապրում է և սիրում միայն իրեն հասկանալի օրենքներով):

- Հե՞շտ եք սիրահարվում:

- Շա՜տ... Բայց կարող եմ և շուտ հիասթափվել: Բնավորությամբ երազող եմ: Հաճախ, այս տարիքում անգամ, կառուցում եմ օդային ամրոցներ, իրականը թողած ընկնում եմ մտացածինի հետևից:

- Կա՞ն կանայք, ովքեր այդպես էլ մնացել են Ձեր կառուցած «օդային» ամրոցների տիրուհիները:

- Իհարկե: Օրինակ, իմ առաջին սերը: Նաև ուրիշները:

- Նրանք տեղյա՞կ են եղել:

- Ոչ բոլորը:

- Իսկ առաջի՞նը:

- Առաջին սերը միշտ էլ երկյուդած է լինում, նուրբ, անշոշափելի: Եվ այդ սերն իր մեջ ավելի շատ վախ ունի, քան համարձակություն:

- Ձեր երազանքների կինը:

- Տարիների հետ փոխվել է և երազանքս: Երբ երիտասարդ էի սիրահարվում էի գեղեցիկ կանանց: Իսկ երբ ծերացա, սիրեցի խելացի, նրբազգաց, հասկացող կանանց:

- Իսկ գեղեցիկների՞ն:

- Իհարկե, հաճելի բան է գեղեցկությունը, բայց այն պահանջում է նաև լրացնող ուրվագծեր, որոնք պակասում են, մեծ մասամբ, գեղեցիկների մոտ:

- 25 կամ 30 տարի առաջ չէի՞ն մտահոգում հիշյալ ուրվագծերը:

- Դրանք նկատում ես այն ժամանակ միայն, երբ ապրել ես կյանքդ: Նկատում ես և հասկանում, որ արտաքինը բնությունից տրված շնորհ է, որն աղճատվում է տարիների հետ: Իսկ հոգու գեղեցկությունը տարեցտարի ավելի է հղկվում, հմայում:

- ՈՒզում եք ասել` տարիքը կատարելագործու՞մ է հոգին:

- Անշուշտ:

- Այն հոգին, որի անմահությանը կասկածում եք, ժխտում գոյությու նը:

- ժխտում եմ, գուցե մա՞րդն է ստեղծել այդ գեղեցիկ հեքիաթը, որպեսզի պարտված չգնա այս աշխարհից: Ժխտում եմ, բայց նաև կասկածում, իսկ եթե մե՞ղք եմ գործում, սարսափելի մեղք... ուրեմն կպատժվե՞մ: Ի՞նչ ես կարծում, ուրեմն Աստված կպատժի՞ ինձ:

- Ձեր հարցի պատասխանը վաղու՜ց տվել է Օմար Խայամը, որի տողերով էլ ավարտենք մեր զրույցը.

«Աշխարհի մեջ մեղք չգործած, ո՞վ կա, ասա՛, Աստվա՛ծ իմ,

Եվ նա, որը չի մեղանչում, ինչպե՞ս կապրի, Աստվա՞ծ իմ,

Թե վատ անեմ, թե վատ խոսեմ, դու էլ ինձ վատ պատիժ տաս,

ՈՒրեմն ի՞նչ է իմ և քո մեջ տարբերությունը, Աստվա՜ծ իմ»:

Եվ որպես ավարտ

Զրույցի ընթացքում Հորիզոնն ինքնակամ հանեց դիմակը ու ես տեսա հոգսաշատ, տառապող մարդուն:

Տեսա նրա փխրուն հոգին, որը սիրում է հյուսել իր հեքիաթներն ու երջանկանալ դրանցով:

ՈՒ ես հասկացա, որ դերասանն ապրում է երկակի կյանքով. դրանցից մեկը մեզ համար է, իսկ մյուսը` իր:

Այդ մյուսը նրա ներսում է, լավ թաքցրած աշխարհից, կողմնակի բոլոր հայացքներից:

Հանդիսատեսն այդ մասին չգիտի և պետք էլ չէ, որ իմանա:

Նաև հասկացա, որ մարմինը միշտ հակառակ է հոգուն, իսկ հոգին մարմնին:

Եվ քանի որ այս երկուսը հավերժական պայքարի մեջ են, ուրեմն և՞… հնարավոր է հավատալ՝ ժխտելով հանդերձ:

Զրույցը`

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

28 հունիսի, 1995 թ.

«Երեկոյան Երևան»

Դիտվել է՝ 328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ