Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աշխարհը դեռևս գտնվում է ուժերի նախկին դասավորությամբ պայմանավորված իներցիոն ռեժիմում

Աշխարհը դեռևս գտնվում է ուժերի նախկին դասավորությամբ պայմանավորված իներցիոն ռեժիմում
21.05.2025 | 14:02

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Թրամփի կատարած ռադիկալ փոփոխությունը սկզբունքորեն նոր ուղիներ է բացում ուժային բնույթի խորին անհավասարակշիռ վիճակում գտնվող աշխարհը դեպի որևէ տեսակի հավասարակշիռ ռեժիմի վերադարձնելու համար։

Մի անհավասարակշիռ վիճակ, որը մեծ հաշվով սկսվել էր ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով և իր պիկին էր հասել 2000-ականներին՝ Արևմուտքի կողմից կառավարվող ուժային միաբևեռության տեսքով։

Դեռևս 1990-ականների սկզբում ամերիկյան քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման հանդես էր եկել «պատմության ավարտի» մասին իր կոնցեպտով, ըստ որի, սկսած անցյալ դարի 80-ականների կեսերից՝ արևմտյան լիբերալիզմը այևս այլընտրանք չուներ։

Ենթադրվում էր նաև, որ բոլոր երկրներում աստիճանաբար պետք է հաստատվեն դեմոկրատական կարգեր և, որպես դրա հետևանք, կվերանան բոլոր հակասությունները պետությունների միջև, ու կոնֆլիկտներ այլևս չեն լինի։

Չխորանալով «պատմության ավարտի» մասին հակապատմական այդ կեղծ կոնցեպտի էության մեջ՝ պետք է նշել, որ այն հակասության մեջ էր մարդկության պատմության ամբողջ նախկին ընթացքի հետ։

Պատմության մեջ որևէ անգամ, հերթական գլոբալ ուժի կողմից դոմինանտության հաստատման հետ միասին, պատմության ավարտի մասին խոսք անգամ չի եղել։

Բացի դրանից, նման կոնցեպտի առաջ քաշելն ու հասարակական լայն շերտերի կողմից դրան հավատալը խոսում է այն մասին, որ Ֆուկույամայի և ուրիշների կողմից զարմանալիորեն անտեսվել էին աշխարհաքաղաքական դինամիկայի տարրական օրինաչափություններն անգամ։

Ըստ այդ օրինաչափությունների, պատմության մեջ միշտ էլ որևէ բացարձակ դոմինանտ ուժի տիրապետության հաստատումը մի շարք պատճառներով ծնում է դեպի դոմինանտություն ձգտող նոր աշխարհաքաղաքական ուժեր։

Այդ պատճառներն են.

1․ Դոմինանտ ուժի անընդհատ աճող ճնշումը իր քաղաքակրթական ծայրամասերի վրա։

2․ Քաղաքակրթական արժեքների ու տեխնոլոգիաների հոսքը կենտրոնից դեպի ծայրամասեր, որոնք նպաստում են վերջիններիս քաղաքակրթական և ուժային վերելքին։

3․ Մյուս կողմից, դոմինանտ ուժի պայմաններում հարստությունների ներհոսքը ծայրամասերից դեպի կենտրոն բերում է վերջինիս բարեկեցության աստիճանական աճին, որի հետևանքով դոմինանտ ուժի նախկինում պասիոնար ու կռվազան մարդիկ աստիճանաբար կորցնում են իրենց քաղաքակրթական արժեքները, որի հետևանքով էլ տեղի է ունենում կենտրոնի ուժային անկում։

4․ Ծայրամասերի ուժային վերելքի ու կենտրոնի ուժային անկման հետևանքով, որոշ ժամանակ անց, այդ երկու ուժերի միջև հաստատվում է հավասարակշռություն, որն էլ անխուսափելիորեն միաբևեռ աշխարհակարգը դարձնում է առնվազն երկբևեռ։

5․ Իրադարձությունների հետագա ընթացքը, կախված հանգամանքներից, կարող է դարձյալ բերել միաբևեռության, շարունակել մնալ երկբևեռ կամ էլ դառնալ եռաբևեռ, և այսպես աշխարհակարգի անխուսափելի ուժային ցիկլը կրկնվում է։

Աշխարհակարգային դինամիկայի հենց այս ցիկլիկ բնույթն է, որն անտեսվել էր Ֆուկույամայի «պատմության ավարտի» կոնցեպտի մեջ, որի պատճառը կարող էր լինել կամ անգիտությունը, կամ էլ լիբերալիստական գաղափարներով հրապուրվածությունը, կամ էլ, պարզապես, քարոզչական պատվերի կատարումը։

Բոլոր դեպքերում, աշխարհաքաղաքական իրադարձությունների հետագա և ներկա ընթացքը ցույց տվեցին այդ կոնցեպտի գիտական սնանկությունը, որն էլ, իր հերթին, ճանապարհ բացեց ապագայի կանխատեսման ռեալիստական ցիկլիկ մեթոդի համար։

Թրամփի ծառայությունը պատմական դինամիկայի նման ցիկլիկ բնույթի գիտակցումն է, որը գլխովին շրջում է գլոբալ քաղաքականությունը, դրանով իսկ ուղի բացելով դեպի աշխարհաքաղաքական հավասարակշռություն, որն էլ խաղաղ ապագայի միակ գրավականն է։

Դա չի նշանակում, որ խաղաղությունը անմիջապես կհաստատվի, քանի որ Թրամփի, Պուտինի և Սիի համատեղ ջանքերով առայժմ հնարավոր է փոխել միայն միջազգային լարվածության աճի տենդենցը՝ փոխարինելով այն լարվածության նվազման տենդենցով։

Իսկ մինչև իրական ուժային հավասարակշռությունը դեռ շատ ճանապարհ կա անցնելու, քանի որ աշխարհը դեռևս գտնվում է ուժերի նախկին դասավորությամբ պայմանավորված իներցիոն ռեժիմում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ