ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Այսպես ասաց Մկրտիչ Սարգսյանը

Այսպես ասաց Մկրտիչ Սարգսյանը
24.06.2025 | 11:18

- Հարատևելու միջոցը միայն թրի սրության մեջ չէ, այլ մտքի սրության, ոչ միայն բազկի, այլ մտքի զորության, ոչ թե ջարդելու և ավերելու, այլ կառուցելու և արարելու մեջ։

Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց։ Պաշտպանվելը՝ հարձակվելուց։

Աշխատելը՝ կողոպտելուց։

Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին։ Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է։ Նրա անմահությունը նաև իմ անմահությունն է։ Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը։ Ներիր, իմ ժողովուրդ, եթե մեծամտություն համարես անարժանիս ինքնագնահատականը։

- Ազգի մաքրությունը սկսվում է մարդ-անհատից։

Ազգը անհատների հավաքականություն է։

Եթե մաքուր են անհատները, ազգը հզոր է և նրա ճանապարհը՝ բարձրագնա։

Եթե ազգի ներսում հավաքական մտածողություն չկա և ազգը գերի է մութ և անառողջ բնազդներին, ապա նա ազգ կոչվելու առավելություն չի կարող ունենալ, քանզի վերածվում է խառնամբոխի, որը չարիք է դառնում ժողովուրդների և մարդկության համար։

Ազգի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները պարտավոր են խառնամբոխից ձուլելու ազգն իսկական, ինչպես կրակով և տքնանքով ձուլում են ոսկին։

Ես կցանկանայի տեսնել ազգիս ձերբազատված անցավոր և անանց մեղքերից, տեսնել բութ ու մութ, օտար իշխողներից ազատված, ավարի ու ավերի մոլուցքից հեռու։

Փոքր է ազգս հայոց, բայց և մեծ է, քանզի նրա անհատներն են մեծ, երազանքը՝ շքեղ և բարությունն ՝ անսահման։

Նա միայն սրով չի բացում կենաց ճանապարհը, այլ մի ձեռքին գրիչն է, որ բռնել է սիրով, մյուսին՝ սուրը, որ կրում է ճարահատյալ։

- Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար։

Սիրիր մարդուն, քո նմանին, զի նա քո եղբայրն է։ Մի թողնի մենակ՝ հողմերի, փոթորկի ու մահվան դեմ հանդիման։

Աստված երկիրն արարեց այնպիսի անթերի ներդաշնակությամբ, որ մարդը գերադասի ընտրի արդար, անսխալ, անխարդախ գոյությունը։

Արարիր, ասաց, ծառեր տնկիր, խոպանը այգու վերածիր, ջուր տուր անապատին, աղբյուր շինիր ծարավի, կամուրջ կապիր ճամփորդի, երգեր ու տաղեր հեղինակիր սրտերը ջերմացնելու համար։

Երկրի գաղտնիքները վերծանիր, որ անսայթաք լինի կյանքդ։

Դրախտը հետմահու մի թողնի, այլ կառուցիր կյանքի համար։ Մի քանդիր, մի ավերի, մի ամայացնի։

Մի շամփուր խորովածի համար հարևանիդ եզը մի մորթիր։

Օջախ վառելու համար ամբողջ ծառը մի կտրիր:

Տաշած քարի համար ուրիշի տունը մի քանդիր։ Հարևանիդ օջախն անկրակ մի թողնի՝ անթեղ տուր։

Ի վերջո, մի սպանիր, մեռցնելը անմարդկային արարք է՝ հակաբանական և հակաբնական։

Ընդհակառակը, հարատև դարձրու կյանքը, շատացրու օրոցքների թիվը:

Մի՛ շնանար։ Սիրով մաքրվիր, ոչ թե աղտոտվիր։

Մի՛ խաբիր, որ քո գոյությանը հավատան:

Մի՛ շողոքորթիր, որ անկեղծությունը չվիրավորվի։ Ամուր կառչիր հավատիդ, առանց նրա իմաստազրկվում է կյանքը։

Աստված ունեցիր, քանզի պարապ մնացած նրա տեղը կգրավի սատանան:

Ապրիր այսպես և Աստված կունենաս, և Աստված կբնակվի քո մեջ:

Նաիրա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 122

Մեկնաբանություններ