Ամերիկան միջամտեց Իրանի դեմ Իսրայելի՝ ավելի քան մեկ շաբաթ շարունակվող առճակատմանը՝ թիրախավորելով Թեհրանի միջուկային օբյեկտները, այդ թվում՝ Ֆորդոյի կայանը, որը տեղակայված է լեռան խորքում։
Չնայած ԱՄՆ-ի հարվածները զգալիորեն վնասել են Իրանի միջուկային ծրագիրը, այն ամբողջությամբ ոչնչացված չէ, հատկապես Ֆորդո օբյեկտի և Իրանի գիտական ներուժի պահպանման պատճառով:
Իսրայելը շարունակում է պատերազմը:
Նեթանյահուն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ըստ էության, իրեն զրկել է այլընտրանքից, որովհետև այս ստատուս-քվոյով ռազմական գործողությունների դադարը Իսրայելի համար հավասարազոր է պարտության:
Նույնիսկ ԱՄՆ միջամտությունը չի լուծել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման խնդիրը, էլ չասած այն մասին, որ Թել Ավիվը բացահայտորեն ձգտում է Իրանում հասնել իշխանափոխության կամ նույնիսկ՝ այդ երկրի մասնատման:
Հնարավոր ցամաքային գործողությունն Իրանի դեմ արկածախնդրություն է համարվում անգամ Նեթանյահուի շրջապատում:
ՈՒրեմն, ո՞րն է Նեթանյահուի հույսը՝ արդյո՞ք նա կարծում է, որ էսկալացիան կարող է թուլացնել Իրանի պետական համակարգը՝ անվերահսկելի վիճակ ու քաոս ստեղծելով Իսլամական հանրապետությունում, թե՞ Թել Ավիվում չեմ բացառում անգամ միջուկային հարվածի՝ անհավանական թվացող տարբերակը:
Ի՞նչը կարող է կանգնեցնել Իսրայելին:
Իրանը տեխնիկապես ունակ է հարվածելու Իսրայելի տարածքում գտնվող ենթադրյալ միջուկային ռեակտորներին։
Սակայն իրատեսական չէ, որ այն կձեռնարկի այդպիսի գործողություն՝ հաշվի առնելով դրա վտանգավորությունը, քաղաքական և ռազմական հետևանքները, ինչպես նաև միջազգային արձագանքը։
Եվ ուրեմն, ստեղծվում է փակուղային մի իրավիճակ՝ «մաշեցնող» դիմակայության հեռանկարով, գլոբալ էսկալացիայի մեծ պոտենցիալով:
Հատուկ անդրադարձ չեմ կատարի ԱՄՆ վարչակազմի վարքագծին:
Ձևավորվում է տպավորություն, որ ամերիկյան իշխանությունը վերածվել է AIPAC-ի կցակառույցի:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ