Սեփական ժողովրդին ատելու և պետությունը չսիրելու թեմաների հետ կապված փորձելու եմ անդրադառնալ պատմական կերպարների, որոնք կազմաքանդել են պետական լուրջ միավորներ, ավերել քաղաքակրթություններ և միաժամանակ ցեղասպան քաղաքականություն իրականցրել սեփական ժողովրդի նկատմամբ։
Այսօր կխոսենք Փոլ Փոթի կամ Սալոթ Սարի մասին։
Փոլ Փոթը կամբոջացի քաղաքական գործիչ էր, «Կարմիր կխմերների» առաջնորդը, ով հետագայում դարձավ Դեմոկրատական Կամպուչիայի ղեկավար։ Նրա անունը երկրի ներսում արգելված էր անգամ արտաբերել, իսկ նկարները՝ հրապարակել։ Հետաքրքիր է, որ «Փոլ Փոթ» մականունը ձևավորվել է ֆրանսերեն politique potentielle (հեռանկարային քաղաքական գործիչ) արտահայտության առաջին տառերից։
Գուցե տարօրինակ հնչի, բայց նրա նախնական կրթությունը հոգևոր էր. նա երկու տարի եղել է հոգևորական, ապա ուսումը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում, որտեղ էլ տարվել է ձախ գաղափարներով և ներգրավվել կոմունիստական շարժման մեջ։ Նրա կառավարման չորս տարիներին Կամպուչիայում իրականացվեց զանգվածային ոչնչացում. պատերազմ հայտարարվեց բուրժուազիային ու ինտելիգենցիային, և արդյունքում երկրի բնակչության 20 տոկոսը զոհ գնաց վարչակարգին։ Այս շրջանում Կամբուչիան սկսեցին անվանել «Քայլող Մեռյալների երկիր»։
Մի ամբողջ երկիր, որն ուներ հազարամյա մշակույթ, վերածվեց զանգվածային գերեզմանի։ Փոլ Փոթի իշխանության օրոք փողը, բանկային համակարգը և առհասարակ շուկայական հարաբերությունները հայտարարվեցին թշնամական։ Նրա գլխավոր նպատակը միջնադարյան գյուղատնտեսական տնտեսության վերականգնումն էր. բոլոր քաղաքային բնակիչները բռնի կերպով տեղահանվեցին և տեղափոխվեցին գյուղեր, որտեղ ստիպված էին աշխատել 18 ժամ՝ անասելի ծանր պայմաններում։
Կրոնը հայտարարվեց անօրինական, իսկ բոլոր տաճարներն ու հոգևոր հաստատությունները ոչնչացվեցին։ Պետության ներսում որոշում կայացնողը նրա կողմից հիմած «կարմիր կխմերների» կուսակցությունն էր․ նրանք էին որոշում, թե որքան, որտեղ և երբ կանայք պետք է ֆիզիկական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ: Այս «հրաշալի» քաղաքականությունն ուղեկցվում էր ժողովրդին զանգվածային խոշտանգումների ենթարկելով, ողջ-ողջ թաղելով, գլխներին մեխեր խփելով, այրելով և այլ վայրենություններով: Այս խելագարն արեց այն, ինչ չէր հաջողվել իրականացնել հեղափոխական առաջնորդներից ոչ մեկին: Նա ամբողջությամբ վերացրեց ամուսնության և ընտանիքի հաստատությունը: Մինչ գյուղական կոմունա ընկնելն ամուսիններին առանձնացնում էին կանանցից, և կինը դառնում էր ազգային սեփականություն:
Փոլ Փոթն այնքան հեռուն գնաց, որ ոչնչացրեց երկրի ամբողջ մտավորականությանը. սպանվում էին ուսուցիչները, բժիշկները, ինժեներները, գրողները, նույնիսկ ակնոց կրող քաղաքացիները, քանի որ ինտելիգենտությունը համարվում էր վարչակարգի թիվ մեկ թշնամին։
Նրա իշխանության ամենամեծ սխալը Վիետնամի հետ հակամարտության մեջ մտնելն էր. «Կարմիր կխմերները» սկսեցին ոչնչացնել Կամպուչիայում ապրող վիետնամցիներին, ինչին ի պատասխան՝ 1978-ի դեկտեմբերին վիետնամական զորքերը ներխուժեցին երկիր։ Մինչ այդ Փոթին աջակցող Չինաստանը, արդեն Մաոյի մահից հետո, չուներ լուրջ շահագրգռվածություն նրան պաշտպանելու հարցում։ Այդ պատճառով վիետնամական բանակը հեշտությամբ մտավ Պնոմպեն, տապալեց վարչակարգը, իսկ Փոլն իր զինված ջոկատների հետ նահանջեց երկրի հյուսիս՝ ջունգլիներ, որտեղ շարունակեց պարտիզանական պայքարը մինչև 1990-ականների վերջը։
Չզարմանաք՝ 1997-ին Փոլ Փոթը ձերբակալվեց իր իսկ նախկին համախոհների կողմից՝ հերթական ներքին մաքրազտումը ծրագրելու մեղադրանքով։ Դատապարտվեց ցմահ տնային կալանքի, իսկ 1998-ին մահացավ կասկածելի հանգամանքներում։ Նրա մարմինը այրեցին անտառում՝ հին ավտոդողերից ու կահույքի կտորտանքից խարույկի վրա։
Հ․Գ․Մահից առաջ 72-ամյա Փոթն արևմտյան թղթակիցներին տրված հարցազրույցում հայտնել էր, որ իր արած ոչ մի բանի համար չի զղջում։
Արմեն Հովասափյան