Հարգելի ընկերներ, այս գրառումը ծանոթներիցս մեկի խնդրանքով եմ անում, որովհետև սա պարսավելի մի օրինակ է, երբ մարդկայինը վերացել է մարդկանց միջից և հատկապես առողջապահության համակարգի ոլորտի աշխատողների։
Լուսանկարներում Դավթաշենում 1 և 3 թաղամասերի միջով Տիգրան Պետրոսյան փողոցի վրա գտնվող դեղատներն են, ուր այսօր մի քաղաքացի մտել է և տեղեկացնելով, որ վատ է իրեն զգու, խնդրել է ճնշման ապարատով չափել իր ճնշումը։
Այդ երեք դեղատներում էլ նրան պարզապես հրավիրել են դուրս, ասելով, որ իրենք նման ծառայություն չեն մատուցում։
Ինքնազգացողությունը վատացած մարդը ոտ-ոտ է այդ դեղատներով անցել։
Առաջինում մերժել են, մտել է կողքինը, երրրորդից հետո էլ ավելի է վատացել:
Ըստ ինձ փոխանցված տեղեկության, դեղատներում նույնիսկ ջուր չեն առաջարկել, թեպետ պետք է ունենալ ջրի ապարատ, կամ շշով ջուր, որովհետև նրանց ծառայություններից օգտվողը կարող է դեղը ցանկանա հենց տեղում խմել։
Չեն առաջարկել նաև շտապ օգնություն կանչել։
Հիմա, ինձ հետաքրքիր է, երբ մենք, լրագրողներս որևիցե խնդիր ենք վերհանում, ապա պետական կառույցներին և համակարգային պատասխանատուներին ենք նշում թերացումները շտկելու ակնկալիքով։
Բա այս դեպքում ո՞ւմ ասենք, որ դեղատների աշխատակիցները, որոնք պետք է որ բժշկական ուսումնական հաստատություն ավարտած լինեն, առնվազն դեղագործական բաժինը և Հիպոկրատի երդում տված, իրենց պահել են անմարդկային։
Ես դեռ չեմ ասում, թե ի՞նչ կանոններ պետք է դեղատներում գործեն, եթե փողոցում վատացած մեկը իրենց դուռն է բացում։
Ամենաքիչն առաջին օգնությունը պետք է կարողանան ցուցաբերել։
Իսկ այս դեպքում մարդուն դռան տեղն են ցույց տվել։
Սրան ո՞նց նայենք, ո՞նց էս երևույթի դեմն առնենք:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ