Եվրոպայի լիգայի խաղարկության ընթացիկ փուլի կիսաեզրափակիչ խաղերում նվազ ուշագրավ չէր այն, որ «Սպորտինգ», «Աթլետիկ», «Վալենսիա», «Աթլետիկո» քառյակից երեքը, բացառությամբ բասկյան ակումբի, երկու տարի առաջ միմյանց հետ մրցակցել են Եվրոպայի լիգայում: Պակաս հետաքրքրական չէ և այն, որ մայիսի 9-ին կայանալիք բուխարեստյան եզրափակիչում Իսպանիան, այսպես թե այնպես, ներկայացված կլինի առնվազն մեկ թիմով:
«ԱՌՅՈՒԾՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ «ԱՌՅՈՒԾՆԵՐԻ»
Կիսաեզրափակչի առաջին խաղին «Սպորտինգն» ու «Աթլետիկը» ներկայացել էին` թիկունքում թողած բավականին ծանրակշիռ ուղի: Ասվածը բնավ էլ չի վերաբերում սրանից քսան տարի առաջ կայացած հանդիպմանը (այն ժամանակ Եվրոպայի լիգան կրում էր «ՈՒԵՖԱ-ի գավաթ» անվանումը), որն ավարտվել էր փոխխոցումներով, և որի արդյունքում, ի հաշիվ սեփական դաշտում 3:0 հաշվով տոնած հաղթանակի, առավել հաջողակ էր գտնվել պորտուգալական թիմը (առաջինում զիջել է 1:2 հաշվով):
Արդ, անդրադառնանք բուն խաղին:
Առաջ անցնելով ասենք, որ «Սպորտինգը» տարավ կամային հաղթանակ` մրցակցի մեկ գոլին պատասխանելով երկուսով: Ընդհանրապես պիտի ասել, որ խաղը չափազանց հետաքրքիր ստացվեց, գոլային պահերով առատ, և եթե կողմերը լինեին ավելի հաջողակ, անհամեմատ մեծ հաշիվ կգրանցվեր:
Նկատի ունենալով թիմերի հարձակողական պոտենցիալը` պատասխան խաղում պիտի ակնկալել ագրեսիվ ֆուտբոլ` հուսալով, որ «Սպորտինգը» չի կրկնի «Աթլետիկի» սխալը (մրցակցի դարպասը գրավելուց հետո բասկերն անցան հաշիվը պահելուն ու դրա համար թանկ վճարեցին) և 2:1 հաշիվը առանձնապես լուրջ գործոն չի համարի ընդհանուր հաղթանակի հասնելու համար պայքարում: Սա չափազանց փխրուն առավելություն է մի թիմի նկատմամբ, որը «Մանչեստր Յունայթեդ» ու «Շալկե-04» է դուրս մղել առաջնությունից, գումարած, սեփական մարզադաշտում է հանդես գալու:
«ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՄՇՈՒՇՈՏ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Կիսաեզրափակչի մյուս զույգի` «Աթլետիկոյի» ու «Վալենսիայի» համար Եվրալիգայի մակնշում ունեցող հանդիպումն ընթացիկ սեզոնի թվով երրորդ խաղն էր: Առաջին երկուսը կայացել է երկրի ներքին առաջնությունում և հանրագումարում ավարտվել է «Վալենսիայի» առավելությամբ. տանը` 1:0, Մադրիդում` ոչ-ոքի:
Ինչ վերաբերում է բուն խաղին, ինչպես և սպասվում էր, «Աթլետիկոն» հանդիպումն սկսեց բուռն գրոհներով: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ առաջին խաղակեսում Ռադամել Ֆալկաոյի խփած գոլը թիմի համար կարող էր բնավ էլ միակը չլինել, իսկ թիմի համար արդյունքը եղավ այն, որ գնդակ ընդունեց սեփական դարպասը հավելյալ ժամանակում: Այս հավելյալ ժամանակը խաղի ընթացքում «Վալենսիայի» համար ևս մեկ անգամ եղավ գործոն, սակայն այն ընդամենը հանրագումարի բերեց խաղի վերջնական հաշիվը` 4:2: Այո, «Աթլետիկոյին» այդպես էլ չհաջողվեց պահպանել երեք գոլի առավելությունը, որը պատասխան հանդիպումից առաջ պարզապես հրաշալի հաշիվ կլիներ` անհամեմատ «առանց նյարդերի» խաղալու համար, թեպետ երկու գոլի առավելությունն էլ պակաս շահավետ տարբերություն չէ:
Եվ այսպես, արդեն այս շաբաթ հայտնի կդառնա, թե որ երկու թիմն է վաստակելու եզրափակիչում խաղալու իրավունքը։
1:3` ՀՕԳՈՒՏ «ԲԱՐՍԵԼՈՆԻ»
Շտապեմ ասել, որ վերնագրի մեջ սխալ չկա: Այստեղ 3-ն ընթացիկ խաղաշրջանում Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի, ինչպես նաև երկրի առաջնության առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Բարսելոնի» տարած հաղթանակների ընդհանուր ցուցիչն է, մեկը` «Կամպ Նոուում» կայացած շաբաթօրյա խաղի: Այո, պորտուգալացի շնորհալի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռեալը» վերջապես կարողացավ մրցակցի դաշտում ճաշակել հաղթանակի բերկրանքը, և սա հրաշալի է, քանզի հոգեբանական բարդույթը ցավագին ախտանիշ է` շատ վտանգավոր հետևանքների բերող:
Այս խաղով մադրիդցիները վերջակետեցին ոչ պակաս ցավագին մի փաստ ևս: Մինչև շաբաթ օրվա դիմակայությունն Իկեր Կասիլյասը, ով ներկա պահին անառարկելիորեն աշխարհի լավագույն դարպասապահն է, «Ռեալի» ներկայիս կազմի միակ խաղացողն էր, ում վիճակվել էր հաղթանակի զգացողությունն ըմբոշխնել կատալոնցիների մարզադաշտում: Այնպես որ, «Էլ կլասիկոյի» հերթական դիմակայության առնչությամբ հանգիստ խղճով կարելի է գրել և «Կասիլյաս+10», միջանկյալ նշելով, որ ենթատեքստում բնավ էլ նկատի չունենք ողջ խաղի ընթացքում սեփական խաղադաշտում «Ռեալի» գերազանցապես փակված լինելը: Ի վերջո, հանդիպման ժամանակ խոշոր առումով մադրիդցիներին երկո՞ւ, երե՞ք կամ չո՞րս, թե՞ հինգ անգամ է հաջողվել դուրս պրծնել բարսելոնցիների հարկադիր կալանումից, այս պահին երկրորդական նշանակություն ունի, քանզի խաղը նրանք են շահել ու դրա համար կեցցեն:
Սակայն եկեք հավուր պատշաճը մատուցենք «Ռեալին» ու նրա այս հաղթանակի շրջանակներն արհեստականորեն չնեղացնենք: Այն փաստացի հաղթանակ էր նշանակում նաև երկրի առաջնությունում չեմպիոնության համար մղվող մրցավազքում, որն արքայական ակումբն անցավ առանց սկզբունքային լուրջ ցնցումների (ճիշտ է, առաջնությունը դեռևս ավարտված չէ, սակայն միամիտ պիտի լինել հավատալու համար, որ «Ռեալը» շանսը ձեռքից բաց կթողնի):
Ինչ վերաբերում է մնացյալին, դրանք զգացմունքների ոլորտից բաներ են, որոնց չարժի էլ անդրադառնալ (այդ թվում և` Մոուրինյոյի սիրեցյալի` Ռոնալդուի հաղթական գոլ խփելը), որովհետև «Բարսելոն»-«Ռեալ» շաբաթօրյա դիմակայությունը բոլորովին այլ խնդիրներ է առաջին պլան մղում, և դրանց մեջ ամենատագնապեցնողը հետևյալ մտահոգությունն է. աշխարհի գերհզոր ակումբների այս ինքնահոշոտումն արդյոք հօգուտ չէ՞ր «Բավարիայի» ու «Չելսիի», որոնք պատասխան խաղից առաջ նվեր են ստանում ֆիզիկապես եթե ոչ պարպված, ապա առնվազն կիսաքամ եղած մրցակիցներ:
Սա` երկու թիմերի «կտրվածքով»:
Սակայն, եթե բարսելոնցիների համեմատությամբ, ինչպես այս խաղում էր, «Ռեալը» «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ լրացուցիչ մեկ օր ավելի հանգստանալու առավելություն է ստանում, արդյո՞ք, սրանից զատ, բարսելոնյան երկինքը «Չելսիի» հետ խաղի օրը նորից չի լինի անձրևոտ, ինչն անգլիացիների համար, չասենք, երազած, համենայն դեպս, սովորական եղանակ է: Ի վերջո, եկեք ճշմարտության աչքերին ուղիղ նայենք` անգլիացիներին սեփական դաշտում մեծապես օգնեց հորդառատ անձրևը, ինչն իր պակաս դերակատարությունը չունեցավ և մադրիդցիների հետ խաղում: Չեմ կարող դիմանալ գայթակղությանն ու կեսլուրջ, կեսկատակ չհարցնել` տեսնես պատասխան խաղում ցանկալի եղանակի ապահովումն ինչքա՞ն գումար կնստի Ռոման Աբրամովիչի վրա, իսկ եթե «խնդիրը» լուծվի, ապա «Բարսելոնը» կզրկի՞ իրեն եզրափակիչում «Ռեալի» պորտը տեղը դնելու հնարավորությունից:
Ինչևէ: «Բարսելոն»-«Ռեալ» խաղը թողեց բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանը հստակ կարող ենք ստանալ այսօր և վաղը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ