ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Թույլ նյարդեր ունեցողները լքեն ստադիոնը

Թույլ նյարդեր ունեցողները լքեն ստադիոնը
17.06.2026 | 16:27

Մարդ չգիտի ո՛ր խաղերին հետևի՝ աշխարհաքաղաքական «մեծ ֆուտբոլի»՞, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնության: Աշխարհաքաղաքական խաղերի հեռարձակման ալիքը կարելի էր առժամանակ ընդհանրապես անջատել, եթե դրանցում ներգրավված չլիներ նաև Հայաստանի ապազգային հավաքականը՝ երրորդ անընդմեջ ժամկետով թիմի ավագի ժապավենը կրող անհաջող խաղացողով:

Ցավալին այն է, որ եթե աշխարհաքաղաքական ֆուտբոլի նախորդ երկու առաջնություններում Հայաստանի «ընտրանուն» ողորմածաբար դեռ թույլ էին տալիս խաղադաշտ դուրս գալ ու խայտառակ պարտություններ արձանագրել, այս առաջնությունում մեր հավաքականին վերապահված է ընդամենը ֆուտբոլի գնդակի դերը, բնականաբար, թիմի ավագի դեմքով: Թե ազգային արժանապատվության ոտնահարման ինչ ստորացուցիչ դրվագների ենք ականատես լինում, երբ առաջնության գլխավոր ֆավորիտները, իրար պաս տալով կամ խաբսերով, գնդակը տշում են խաղադաշտի մի ծայրից մյուսը, միայն ցավողներս գիտենք: Իսկ գնդակը, կարծես, շատ էլ դժգոհ չէ իր կարգավիճակից: Կարևորն այն է, որ խաղադաշտում է դեռ, ու նաև իր կաշվի որակից է կախված, թե ֆավորիտներից որ մեկի դարպասում կհայտնվի:

Ցավողներս ենք մեղք: Սիրտ բեր, որ դիմանա այդ գետնաքարշ տեսարանին, բերան բեր, որ ֆուտբոլային հյութեղ լեքսիկոնը չխառնի սուլոցների տարափին:

Անկասկած, թույլ նյարդեր ունեցողների համար չէ աշխարհաքաղաքական այս ֆուտբոլը: Ճիշտը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հետևելն է. այնտեղ, գոնե, իրական ֆուտբոլիստները իսկական կաշվե գնդակ են տշում:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 26173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ