Դասականների դասը

Դասականների դասը
21.10.2025 | 13:18

Աղասի Այվազյան

Հայ հայը

Կա սևահեր հայ և կա շիկահեր հայ, կա տաքարյուն հայ և կա սառնասիրտ հայ, կա գործարար հայ և կա անօգնական հայ, կա արագաշարժ հայ և կա դանդաղկոտ հայ…

Բայց կա մեկը ևս, որ իմ մեջ մի մխմխացող զվարթակերպ ինքնություն է առաջացնում:

Դա Հայ հայն է:

Նա երբեք չի մտածում, թե ինքն ինչ է, այնպես, ինչպես երբեք մարդ չի խորհում, որ ինքը երկու ոտք ունի, երկու ձեռք, մի քիթ և մի բերան… Երբեմն ինձ թվում է, որ նա հենց այդպես՝ առանց վերլուծելու, առանց գնորոշելու, գիտե մի բան, որ իմ մանրահետող խելքով չեմ կարողանում ըմբռնել, իմանալ կյանքիս երկար տարիների ներչարչարելի վերլուծումներից հետո:

Հայ հայը երբեք չի վհատվում. ամեն ինչ նրա շուրջն է, ամեն ինչ իրենն է, և ինքը ոչինչ չունի:

․․․Կա գերազանց հայ, կա տարօրինակ հայ, կա ծուռ հայ և կա միջակ հայ. միջակը միջակությունից տարբեր է:

Միջակությունը իր համար նպաստավոր օրերին երկու թևերը լայնորեն տարածում է ուղեփակոցի պես և մնացածին պահում իր թևերի ետևում. միայն իր չափով, միայն իր լայնությամբ ու երկարությամբ: Կեցության փորձված ձևն է, զզվեցնելու չափ ծանոթ ու կրկնված: Ու նա համապատասխանում է մեծ կայսրություններին, իսկ փոքրիկ երկիրը միշտ մազից է կախված, ու այդ մազի ծայրին և՛ գերազանցն է, և՛ տարօրինակը, և՛ ծուռը, և՛ անօգնականը, ու նաև բարձրաստիճան միջակությունը: Եվ երբ նեղ օրերին քո վրա արշավում են ոսոխի գերազանցներն ու տարօրինակները, ունակներն ու կամայինները, նրանց դիմակայելու պետք է որ դուրս գան տարիների ընթացքում միջակության ուղեփակոցի ետևում հավաքած միջակությունները:

․․․ Հայ հայը կմնա մենակ: ՈՒ նա չի նկատի, որ մենակ է, ու նրա դեմքին, ի զարմանս իմ՝ հոգի տնտղողի ջանքերի, ժպիտ կլինի, ոչ թե կեղծ կենսահաստատման, ի հեճուկս, ոչ թե միտումնավոր, ա