Հայոց պատմության 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի խոտան ու անորակ դասագրքերի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար կարիք է առաջացել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լուսանկարվի 8-րդ և 9-րդ դասարանի դասագրքերի հետ, այնպես ինչպես դա արեց Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած խայտառակ ու տխրահռչակ դասագիրքը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին գովազդելու ժամանակ:
Ակնկալում եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությունը՝ նման լուսանկարներ ապահովելու գործում:
Հիշեցնեմ, որ պատմագիտական համայնքի կողմից լայնորեն գրախոսված ու քննադատված 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների պատմության դասագրքերը կառավարության ներկա կազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գովազդում է որպես հաջող ու կիրառելի դասագրքեր, զանց առնելով բազմաթիվ հրապարակված գրախոսականներն ու քննադատական կարծիքները:
Միայն դասագրքերի պահով ԿԳՄՍ-ի դեմ հարուցվելիք քրեական գործը հիմնված է լինելու հետևյալ երեք անհերքելի փաստերի վրա հիմնված մեղադրանքների վրա՝
ա) կրկնահանցագործություն՝ պետական միջոցների վատնման և հարկատուների գումարների փոշիացման դրվագով,
բ) կոռուպցիոն սխեմայի կիրառում՝ խոտան ու քննություն չբռնող դասագրքերը «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի միջոցով պատրաստելու գործում,
գ) որակյալ կրթություն ստանալու երեխաների սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում:
Պարտադիր եմ համարում, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքի կապակցությամբ առանձին գրախոսություն պատրաստի ու հանրայնացնի նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ