ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Քաղաքական իրավիճակը կփոխվի

Քաղաքական իրավիճակը կփոխվի
01.10.2025 | 12:05

Ցավում եմ՝ իմ հայրենակիցները, որ կառուցել էին արդյունաբերական այդ հսկա քաղաքը, ստեղծել էին մշակութային և մարդկային հարաբերությունների հրաշալի մթնոլորտ (ի դեպ, բաքվեցիների հիմնական մասը Լեռնային և Դաշտային Արցախի և Սյունիքի գյուղերից ու քաղաքներից արդյունաբերական քաղաք գնացած հայերն էին, որ իրենց հետ տարել էին զուտ հայկական փոխհարաբերությունների լավագույն մշակույթը)։

Տասնյակ տարիների ընթացքում Բաքվի Հայերը չկարողացա՞ն, թե՞ չհասկացան, որ այն, ինչ ստեղծվում է հոգով ու սրտով, ազնիվ աշխատանքով, չի կարելի հենց այնպես թողնել մեկին, ով որևէ ներդրում չի ունեցել այդ քաղաքի կառուցման ու հարստացման գործում։

Մանկության և երիտասարդության տարիներն ամեն մարդու համար թանկ ու քաղցր հուշեր են պահում, բայց իդեալականացնել ու հետո մոռանալ, թե ինչպես վարվեցին այդ քաղաքի իսկական տերերի՝ հայերի հետ «եղբայր դարձած» ադրբեջանցիները, կարծում եմ, վտանգավոր հիվանդություն է։

Այդ հիվանդությունը կոչվում է անհիշաչարություն։ ․..Իհարկե, հարազատական-ընկերական հարաբերություններում հիշաչարությունը բնավորության վատ գիծ է համարվում, և այդպիսի մարդիկ իրենց շրջապատում անընդհատ հիշեցնում են իրենց հասցված վիրավորանքը կամ վնասը և հաճախ նույն կերպ են պատասխանում նրանց, ումից ստացել են այդ վերաբերմունքը։

Եվ շրջապատի մարդիկ էլ զգուշանում են այդպիսի մարդկանցից, որոնք կարող են տարիներով չմոռանալ իրենց հասցված վնասն ու վիրավորանքը և ամենաանսպասելի պահին կարող են համարժեք պատասխան տալ։

Բայց ժողովուրդների, ու մանավանդ պետությունների կողմից քաղաքական և ռազմական հանցագործությունների ենթարկված ազգը, եթե մոռանում է այդ հանցագործությունները և ինքնապաշտպանական առողջ բնազդից դրդված չի դրսևորում հիշաչարություն, այսինքն՝ զգուշավորություն և անվստահություն և մարդկայնորեն հավատի բացակայություն, իսկ ինքնապաշտպանությունից դրդված՝ նաև պատասխան հակահարված...

Եթե մենք՝ հայերս, ունենայինք գոնե մի փոքր հիշաչարություն, ապա 1908 թ. Բաքվի կոտորածներից հետո այնպիսի դաս կտայինք կազմակերպիչներին ու կատարողներին, որ նրանք չէին համարձակվի երբևէ մեր դեմ դավադրություն, առավել ևս կոտորած իրականացնել։

Մենք պիտի մնայինք Բաքվում մեր հսկայական կապիտալով և այսօր մե՛նք թելադրեինք քաղաքականություն՝ տնտեսական լծակները վերածելով քաղաքական լծակների։

Այս երեսուն տարիներին էլ մենք կարող էինք, այսօր էլ կարող ենք ալիևի խաղաքարտերը խառնել, եթե Բաքվի նավթահանքերի նախկին հայ սեփականատերերի ժառանգները եվրադատարանում բողոքեն իրենց սեփականության բռնազավթման, շահագործման և այդ շահույթով զենքեր գնելու և՛ բնիկ, և՛ հարևան ժողովուրդների դեմ ռազմական և պատժիչ գործողություններ իրականացնելու դեմ։ Այս տարիներին ալիևը և նրա նախորդները ոչ թե պատերազմի կնախապատրաստվեին, այլ եվրադատարանների դռներին քարշ կգային, մանավանդ, որ այդ տարածքը 1918 թվին Ազգերի լիգան չի ճանաչել և չի վավերացրել որպես Ադրբեջանի Հանրապետություն, հետևաբար, այդ 70+30 տարիներին նավթահանքերի շահագործումը եղել է ուրիշի սեփականության ապօրինի շահագործում՝ հարստանալու և ռազմական -պատերազմական գործողությունների իրականացման համար։

Գտնենք Բաքվի նավթահանքերի հայ, ռուս, անգլիացի, նաև Նոբելի ժառանգներին և իրավաբանական աշխատանք կատարենք։

Մենք հազար ու մի հնարավորություն ենք ունեցել ծունկի բերելու մեր թշնամիներին, հիմա էլ ունենք, պարզապես պետք է հրաժարվել անհետևողական ու անարդյունավետ բանակցություններից և անհիմն խաղաղության օրակարգից։

Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտվածին պարտադրում է հաղթող կողմն իրեն ձեռնտու պայմաններով։

Ո՞ր զինվորը չի պարտվել։

Այս պարտությունը քառակողմ պայմանավորվածություն էր, իսկ դա բացահայտելուց հետո քաղաքական իրավիճակը, հավատացնում եմ, կփոխվի։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 4130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ