Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այդքան հեշտ չէ ամսագիր ստեղծելն ու հետո հրաժարվելը»

«Այդքան հեշտ չէ ամսագիր ստեղծելն ու հետո հրաժարվելը»
23.02.2018 | 02:27

«Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համար դժվար ժամանակներ են: Վերջին տարիներին ֆինանսական խնդիրների առաջ կանգնած գրական պարբերականն այս տարի զրկվել է նաև պետական աջակցությունից: «Նարցիսը» գրական կյանք է մտել 2006-ի փետրվարին՝ որպես երկամսյա հանդես: Սկզբնական շրջանում տպագրվում էր առանց ընդհատումների՝ տարեկան վեց համար (հիմնադիրներն էին Սոնա Վանն ու երջանկահիշատակ Վահան Վարդանյանը):


Հանդեսի գլխավոր խմբագիր ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշում է, որ այս տարիներին «Նարցիսի» ներկայությունը նկատելի է եղել գրական դաշտում, իր բովանդակությամբ և՛ ինքնուրույն դիմագծով այն տարբերվել է մեր բոլոր հանդեսներից: Տպագրվել են և երիտասարդներ, և՛ միջին սերնդի գրողներ, և՛ ավագներ: Ընտրվել են ըստ գեղարվեստական բարձր չափանիշի, դրա համար էլ, ըստ մեր զրուցակցի, շատերի համար դժվար էր «Նարցիսի» էջերում հայտնվելը: Տպագրվել է նաև թարգմանական գրականություն: «Նարցիսն» ունեցել է իր լավ օրերը, երբ ֆինանսավորում էին Սոնա Վանն ու Նուբար Ջանոյանը: Այժմ ֆինանսական բարդությունների առաջ է կանգնած:


Խմբագրությանը աշխատասենյակ է տրամադրել գրողների միությունը, վերջին տարիներին օգտվել են նաև պետական աջակցությունից: Թեև տրամադրվող օգնությունը սահմանափակ է (մոտ 800 հազար դրամ), հանդեսի գլխավոր խմբագիրն ասում է, որ եթե Սոնա Վանի օգնությունը չլիներ, այդ գումարով ամսագիրը չէր կարող տպագրվել: Այսօր արդեն զրկվել են պետական հոգածությունից, եթե հովանավորն էլ չաջակցի, «Նարցիսը» փակման վտանգի առաջ կկանգնի: Բայց Շանթ Մկրտչյանը վճռական է տրամադրված, ասում է՝ ամեն ինչ անելու է, որ հանդեսը շարունակի իր կյանքը՝ թեկուզ տարին մեկ-երկու համարով: Ընդգծում է՝ այդքան հեշտ չէ ամսագիր ստեղծելն ու հետո հրաժարվելը: Առցանց տարբերակին համաձայն չէ, նկատում է, որ էլեկտրոնայինը երբեք չի փոխարինում թղթե տարբերակին: Ռուսական ամսագրերն է օրինակ բերում. փոքր հատված կայքում են տեղադրում, մնացածը, ասում են, կարդացեք թղթե տարբերակով:


Մեր «Ինչու՞ մշակույթի նախարարության հանձնախումբը որոշեց գրական պարբերականը զրկել աջակցությունից» հարցը Շանթ Մկրտչյանը խորհուրդ տվեց ուղղել հենց հանձնախմբին: Աջակցությունից զրկելու պատճառաբանություններից մեկն այն է, որ պետք է չորս համարները առանձին տպագրեին, տպագրել են առաջին-երկրորդը, երրորդ-չորրորդ միացյալ համարներ: «Բայց եթե մի քանի տարի տպագրել ենք այդպես, գոնե առաջին համարի ժամանակ կարող էին զգուշացնել, որ առանձին տպագրենք: Միայն մեր հանդեսը չի միացյալ համարներով տպագրվել»,- նկատեց մեր զրուցակիցը, հավելելով, որ հանձնաժողովի անդամները, երբ ստորագրում են որոշման տակ կամ կողմ ու դեմ են լինում, պետք է տեսնեն, որ դաշտում գրեթե ամսագիր չկա:


Հետաքրքրվեցի՝ ֆինանսական խնդիրներն ազդեցություն ունենու՞մ են ամսագրի աշխատանքի, որակի վրա: «Իհարկե, քիչ գումարով դու այլ բան ես անում, շատով՝ ուրիշ: Ես չեմ կարող պատվիրել 15-էջանոց թարգմանություն և չվճարել»,- եղավ պատասխանը: Հոնորարի մասին այսօր արդեն խոսք լինել չի կարող, դժվարանում են անգամ տպագրության ծախսերը փակել: Նվիրումով փորձում են ամեն ինչ անել, որ գոնե պահպանվի ամսագիրը:


«Նարցիսը» խրախուuել, ոգևորել է, էջեր ու մրցանակներ է տրամադրել նաև մարզերի գրողներին: Այս մասին ասում է շիրակցի բանաստեղծ ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆԸ: Տարբեր ժանրերում ստեղծագործող գրողներին մրցանակներ տրամադրելու ավանդույթը, կարելի է ասել, այս ամսագիրն է ներդրել: «Նարցիսը» փակեք, հայ գրականությունն էլ փակեք, կամաց-կամաց ասում են՝ մի՛ գրեք: Հայ գրողը մենակ է մնացել իրականության դեմ: Հասարակ բան. հանրապետության նախագահի թեկնածուն հանդիպում է համայնքների ղեկավարների, գիտնականների հետ, բայց գրողների հետ հանդիպման չի գալիս»,- ասաց Վարոսյանը, անդրադառնալով փակվող գրական հանդեսի խնդրին, ասաց, որ ընթացիկ գրականությունն արտացոլվում է գրական մամուլում: «Նարցիսը» միջավայր էր, գրական վերնատուն: Ըստ նրա, ցանկացած բան, եթե չես ֆինանսավորում, կորչում-գնում է, հանձնախմբի անդամների հավանել-չհավանելն էլ շատ սուբյեկտիվ է:


Թե ինչու է «Նարցիսը» զրկվել պետական հոգածությունից, փորձեցինք պարզել մշակույթի նախարարության գրահրատարակչության և մամուլի ոլորտի համակարգող, փորձագետ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՑ: Պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին.
«2017 թվականի օգոստոսի 5-ին, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ընդունում է հայտեր «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018 թ. պետական աջակցություն տրամադրելու նպատակով, «Գրական էտալոն» ՍՊԸ-ն «Նարցիս» ամսագրի ֆինանսավորման համար ներկայացրել է խիստ թերի փաթեթ: Նշված ծրագրով աջակցություն ստացող լրատվամիջոցների ցանկը ձևավորում է ՀՀ մշակույթի նախարարին կից մասնագիտական խորհուրդը, որին վերապահված է հայտերը քննելու և փակ քվեարկությամբ որոշումներ կայացնելու ամբողջ իրավունքը: Հանձնաժողովը հայտարարության տեքստում նախանշել էր այն պարտադիր պայմաններն ու դրույթները, որոնց պետք է համապատասխանի հայտ ներկայացնող իրավաբանական անձը՝ շեշտելով, որ ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն քննարկվելու: Ըստ այդ պահանջներից առաջինի՝ պարբերական հանդեսը պետք է հրատարակված լինի տարեկան 4 առանձին համարներով։ «Նարցիս» ամսագիրը ոչ միայն չի հրատարակվել նշված պարբերականությամբ, այլև հայտի ներկայացման ժամանակ (2017 թ. օգոստոս) լույսընծայած չի եղել 2017 թվականին հրատարակելիք և ոչ մի համար՝ այսպիսով խախտելով անգամ այդ տարվա համար արդեն կնքված պայմանագրի դրույթները: Սա արդեն խոչընդոտ է հայտին դրական քվեարկելու համար: Էլ չեմ ասում այն մասին, որ եթե հայտ ներկայացնող թերթը կամ հանդեսը (ամսագիրը) հրատարակվում է անհրաժեշտ պարբերականությամբ, ապա հանձնաժողովը քննում է տվյալ լրատվամիջոցի (թերթ, հանդես) բովանդակության որակը, զարգացման ծրագիրը, տարածման քաղաքականության դրույթները, սոցցանցերում ներկայության և բջջային հեռախոսների համար հավելվածներ ունենալու մասին տեղեկությունները: Այսպիսով՝ նախարարին կից մասնագիտական խորհրդի որոշումը նախարարությունը համարում է հիմնավոր»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ