Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պետականության հայրը

Պետականության հայրը
23.08.2025 | 11:16

Անցյալ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց և սկսվեց Օգոստոսի 23-ը՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, անկեղծորեն ասած, սիրտս չէր ենթարկվում մտքիս, և միտքս՝ սրտիս, որ շնորհավորական ջերմ ու ոգեղեն խոսքեր գրեմ իմ սիրելի ժողովրդին՝

բարի վայելում ազատ, անկախ կյանքը քո

Հայրենիք -պետության մեջ...

Մինչդեռ 30 տարի մաս-մաս, կտոր-կտոր, բաժան-բաժան արեցին մեր սրբասուրբ անկախությունը, իրենք դարձան սանձարձակ ու բարգավաճ, իսկ մեր ժողովուրդն ու մեր Հայրենիք -պետությունը՝ խեղճ ու անապահով՝ կքած վարկերի տակ ու կյանքը խոպաններում մաշող...

էս հԽեղա-տեղա-փոՂությունից հետո ասես ծաղրեցին մեզ մեր միամտության և ապահով ու արժանապատիվ ապրելու երազանքի համար:

Իմ ժողովո՛ւրդ, խաղաղ ապրել էիր ուզում, դրա համար էլ կռվեցիր ու հաղթեցիր, բայց հաղթանակդ նույնպես՝ որպես կեղծ մանրադրամ, շաղ տվեցին թշնամիներիդ ոտքի տակ, որպեսզի հետո քեզ ստիպեն հավաքել դրանք, որ հացի փո՞ղ անես:

Մինչդեռ մենք, երբ հաղթեցինք, պիտի դաժանորեն ծունկի բերեինք մեր ոխերիմ թշնամուն:

Բայց ծրագիր կար, որ թշնամուն մենք պիտի զիջենք՝

այն էլ արյունալի պարտությամբ ու մեր ազատագրած հողերը շաբաշ տալով, ու դրա համար ոչ մի պատիժ չկրեն պարտությունը մեր վզին փաթաթողները:

«Հող հանձնողին հողին կհանձնենք»,- ասում էին դեռ ըմբոստ հոգիները, թեև ձևակերպումը բնավ ազգանպաստ չէ. հողը հանձնելուց հետո թեկուզ շներին ու գելերին գզել տաս հող հանձնողին, հողը չի վերադառնա:

ՈրՋապետն արդեն բառախաղեր է անում. անկախությունը մշտական չի լինում, այնպես ինչպես առողջությունը, պետք է առողջությունը ամուր պահելու համար մշտապես դեղ ու դեղորայք խմել և հարմարվել թշնամու մեծ ախորժակով պահանջներին:

Սովետական Հայաստանի քարտեզը ստվարաթղթի վրա լոբզիկով կտրել է տվել ու մեր աչքն է խոթում՝ սա է իրական Հայաստանը՝ առանց Արցախի:

Հիմա էլ իր բանաստեղծական հանճարն է գործի դրել՝ Հայրենիքը պետություն է:․Այդպես էլ որոշ պետական գործիչներ և մեր ժողովրդի մի հոծ զանգված չհասկացան, որ անկախության տարիների հենց առաջին օրից պիտի հասկանային ազգային այն մեծ երջանկությունը, որ հազար և ավելի տարի հետո վերջապես մեր Հայրենիքը դարձավ նաև մեր պետութունը:

ՈՒրիշի պետությունը, որտեղ ապրում է մարդը, Հայրենիք չի դառնում երբեք: Մեր Հայրենիքի տարածքի վրա շատ բռնակալ ազգեր հիմնեցին իրենց բռնատիրությունը, և մենք դարերով ապրել ենք մեր Հայրենիքում, բայց օտար բռնակալների պետության մեջ՝ մուծելով ծանր ու դաժան հարկեր: Հիմա, բացատրի՛ր, նիկոլ, այդ բռնակալ պետությու՞նն է եղել մեր Հայրենիքը, թե՞ մեր Հայրենիքի տարածքի վրա մեր ստեղծած պետությունն է, որ մեր Հայրենիքին ու ժողովրդին ուժ և անվտանգություն է տալիս։

ՈՒ էսպես նիկոլը դարձյալ մոլորեցնում է իրեն ձայն տված մոլորյալներին: Ի դեպ, Հայենիք- պետություն հասկացությունը, թե կուզեք՝ գաղափարը ես արծարծել եմ մի քանի տարի առաջ իմ հոդվածնեում և ՖԲ գրառումներում։ Ես գրել եմ, որ երջանկություն է մեզ համար, որ համընկել են մեր Հայրենիքն ու պետությունը, որ երկուսն էլ Հայկական են:Թե ինչո՞ւ է նիկոլը խեղում դրանց էությունը, թողնում եմ ընթերցողների սուր մտքին:

Չկա Պետություն առանց Անկախության: Անկախությունն է Պետականության Հայրը:

Հենց այդ Անկախությունը բարձր արժեք է, դա գիտակցել է պետք ու ըմբռնել դրա ողջ փիլիսոփայությունն ու Աստվածային արժեքը:

Ազգն առանց պետականության աստիճանաբար կարող է վերածվել ցեղախմբի, որ գնչուների նման երկրե երկիր են տեղափոխվում և կարողանում են պահպանել սոսկ իրենց ներքին, նեղ ցեղային սովորույթները, թեև նրանց գիտակցությանն էլ է արդեն հասել այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդ, էլ չեմ ասում ՝ազգ դառնալու համար պետք է նստակյաց լինել՝ թեկուզ օտարի երկրում: Ո՞վ իմանա, գուցե նրանք էլ քրդերի պես ուրիշի հայրենիքում ուզեն ինքնորոշվել:

Իմ Հա՛յ Ժողովուրդ, հիշի՛ր և մի՛ մոռացիր՝

Հայրենիքից վեր Աստված է միայն,

Հայրենիքին հավասար Աստված է միայն:

Հայրենիքը կարելի է պահել ու պաշտպանել միայն հզոր պետականության շնորհիվ:Ասորիները և էլի շատ ժողովուրդներ, իրենց Հայրենիքը կորցրին պետականության կորստից հետո, իսկ հրեաները հայենիք ձեռք բերեցին պետություն ստեղծելուց հետո:

Հայրենիքդ պահի՛ր ամուր ու անկախ օտարի լծից։

Պատժի՛ր երկիրդ քանդող ու ավերող թշնամիներիդ՝ ներսի ու դրսի։

Զինվի՛ր անգամ հացիդ հաշվին:

Մենք դա կարող ենք, պարզապես հավատանք ինքներս մեզ, այլ ոչ թե մեր երկիրը ներսից թուլացրած անկուշտներին վստահենք:

Մենք տոնելո՛ւ ենք մեր հզոր և իսկական անկախությունը,

հայե՛ր ջան:

Վկա են Հայոց բոլոր դիցերը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

23 օգոստոսի,2025թ․

Դիտվել է՝ 583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ