Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Դժվար անկախություն

Դժվար անկախություն
23.09.2008 | 00:00

«ՆՎԱՃՈՒՄՆԵՐ»
Սեպտեմբերի 21-ը 21-րդ դարում առաջին անգամ նշեցինք նոր «նվաճումներով»։ Դրանցից «ամենանշանակալին», ինչ խոսք, իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար մի քանի տասնյակ մեր հայրենակիցների անազատության մեջ հայտնվելն էր։ Փետրվարի 19-ից մինչ օրս իշխանություններն այս հարցում լիուլի դրսևորեցին իրենց «սկզբունքայնությունը»։ Եվ չնայած ընտրություններից անցել է յոթ ամիս՝ կալանավորները դեռ կրում են իրենց «խաչը», ինչը խարան է ժողովրդավարություն կերտող մեր պետության դեմքին։
Երկրիս ղեկավարների` մեզ հրամցրած մյուս «ձեռքբերումը» իրենց ենթակայության տակ գործող դատական համակարգի հնարավորությունների «լիարժեք» բացահայտումն էր։ Անհեթեթ, հաճախ զավեշտալի հիմքերով ձերբակալվածների դատավարությունները կարծես հասարակությանն ուղղված ծաղր լինեն։
Այնուամենայնիվ, շնորհավորելով դատական համակարգի ներկայացուցիչների Անկախության օրը՝ նրանց մաղթում ենք անկողմնակալ դատավարություններ անցկացնելու քաղաքացիական արիություն։
Հաջորդ «նվաճումն» արձանագրվեց ընդամենն օրեր առաջ։ «Ազգընտիր» խորհրդարանը մեկ օրվա մեջ երեք ընթերցմամբ ընդունեց «Ա1+»-ին և «Նոյյան տապանին» հեռուստաեթերից փաստացի զրկելու մասին օրինագիծը, նախագահն էլ իսկույն ստորագրեց այն, ինչն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները զգուշանում են ազատ խոսքից և հրապարակային սուր հարցադրումներից։
«Ձեռքբերումներից» առանձնացնենք նաև Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիների և հանրահավաքների մասնակիցների դեմ իրականացվող ոստիկանաքրեական ճնշումներն ու բռնարարքները, որոնք, ի հեճուկս «նախագծի ճարտարապետների», սպասված արդյունքը չեն տալիս։
Թվարկումը կարելի էր շարունակել, սակայն անցնենք օրվա խորհրդին։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության տարեդարձի առիթով նախ և առաջ հետմահու շնորհավորենք մարտի 1-ի նահատակներին՝ նրանց կենդանի հոգիներին մաղթելով հանգստություն և անդորր։ Նրանց հիշատակը հարատև է, և ամեն գարնան գալուստը նրանց հետ ենք դիմավորելու՝ ծաղիկներով ու լռությամբ, խնկարկումով ու աղոթքով, ազատ ու արժանապատիվ քաղաքացիների բարձր ինքնագիտակցությամբ։
Մեր հաջորդ շնորհավորանքը՝ քաղաքական բանտարկյալներին։ Չնայած բանտում՝ նրանք ազատ քաղաքացիներ են։
Եվ վերջում՝ շնորհավորանք համայն հայությանը։ Համոզված ենք՝ տասնութամյա մեր անկախությունը կնշենք փոխվստահության, հանդուրժողականության, բարոյահոգեբանական ու քաղաքական առողջ մթնոլորտում։
Արամ ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 10157

Մեկնաբանություններ