«Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան և
եկել ենք քո հետևից¦: Հիսուս պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում
ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր,
կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի
համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տներ և
եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ՝ հալածանքներ
կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է՝ հավիտենական կյանք»:
(Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ 10-ից):
Իմ մեծ նեղությունների տարիներին ինձ մայրություն արեցին և
այժմ էլ անում են Հայոց նշանավոր հավատացյալ տիկնայք` կերակրեցին
ու հագցրեցին, քրիստոնեական համ ու հոտով թիկունք դարձան իրենց
աղոթքներով: Սա արդեն Տիրոջ խոստման հրաշքներից էր, որի համար փառք
Նրան, ամենայն ժամ:
Այդ նշանավոր Հայոց տիկնացից է Էմմա Գյուրջյանը, ում հավատի
կենարար, հստակ ու ամիջական վկայությունների «Քո հավատը քեզ փրկեց»
գիրքն այսօր արդեն ընթերցողի սեղանին է:
Մի քանի օրինակ բերենք մեր հավատն ավելացնող ու կայունացնող, մեզ
հոգևորապես սթափեցնող ու զգոնացնող այս ուսանելի գրքից.
- Փողոցում մի կատաղած շուն հարձակվում է անցորդներից մեկի վրա:
Եվ անցորդի վիճակը վատ կվերջանար, եթե շունը մոտեցող տիկին Էմմային
տեսնելով չհարձակվեր այժմ էլ` տիկնոջ վրա: Էմմա մայրիկը կանչում է
Քրիստոս Աստծո օգնությունը և շունը ակնթարթորեն տկարանում ու նվվալով
վախեցած ետ է քաշվում:
Շատ փորձանքներից ազատված պիտի լինեինք, եթե ժամանակին
կանչեինք Քրիստոս Աստծո օգնությունը: Այդ է ուսուցանում մեզ այս լավ
գիրքը: Այս վկայությունը ինձ երկու դաժան փորձություն հիշեցրեց ցուրտ
ու մութ տարիներից. Սովետաշենի աղբանոցների մոտ քաղցած շների
ոհմակը կերել էր մի անցորդի, իսկ մի քանի տարի անց` շների ոհմակը
Սարի թաղում մեկին հոշոտեց: Ճակատագիր էր, թե ինչ, այդ դեպքերից մեկ
երկու օր անց այս ոհմակների կողքով ստիպված եղա անցնել: Մի դեպքում`
քրոջս տնից էի ոտքով երեկոյան վերադառնում, որովհետև տրանսպորտ
չկար: Եվ Քրիստոսից մտքիս մեջ օգնություն աղաղակելով մոտենում էի
ոհմակին: Ոհմակը նայում էր ինձ ու ասես խորհրդակցում: Աստծո հրեշտակը
սարսափ առաջացրեց ոհմակի մեջ և նրանք վերին հրամանով շուռ եկան ու
փախան: Մյուս դեպքում ձմռան մի գիշեր, գրեթե լուսադեմին աշխատանքից
Սարի թաղի իմ վարձով կացարանը վերադառնալիս, անկյունադարձին դեմ
դուրս եկա մի քանի օր առաջ մարդ հոշոտած շների մեծ խմբին: Կանչեցի
Քրիստոսի անունը ու քայլեցի: Աստծո հրեշտակը շշմեցրել էր նրանց ու
պլշած ինձ էին նայում ու ես նրանց կողքով անվնաս անցա: Խոստովանեմ,
որ երկու դեպքում էլ լավ վախենում էի, բայց երկու դեպքում էլ ետդարձի
տարբերակ չունեի: Փառք Քրիստոսին, որ ակնթարթորեն հասավ իմ աղոթք
աղաղակին ու ազատեց:
-Էմմա մայրիկը շարունակ աղոթում է իր զավակների համար: Եվ ահա
նրա որդիներից Մորիսը Երկրաշարժի նախորդ օրը ավարտում է Սպիտակ
քաղաքի մի սրճարանի ձևավորումը: Առավոտյան սրճարանի շքեղ բացումն
էր նախատեսված, որդին ամենանշանավոր հյուրն էր այդ հանդեսում: Բայց
մոր աղոթքի շնորհիվ առավոտ վաղ Մորիսը շտապում է հեռանալ կործանվող
քաղաքից. բացման տոնահանդեսին հավաքված նրա բոլոր ծանոթները
մի քանի ժամ անց զոհվում են: Ճշմարիտ որ` փառք հավատացյալներիս
աղոթքները լսող Քրիստոսին: Ամեն:
Հարևանը ծրագրում է իր բնակարանը բարելավել- մեծացնել. արդյունքում
փակելով աստիճանահարթակի պատուհանը, որով աստիճաններն էին
լուսավորվում: Ստացվում էր, որ խարխափելով պիտի աստիճաններից
օգտվեին: Քրիստոսին ուղղված Էմմա մայրիկի զորավոր աղոթքի շնորհիվ,
առավոտյան հարևանը լրիվ այլ մարդ դարձած, ասում է. «Տիկին Էմմա, ես
ձեր լույսը չեմ կտրի, իմ բնակարանը հերիք է ինձ»:
Ես կուզենայի աղոթող հայ այս ընտիր տիկնոջ ձեռքով եղած
վկայություններ էլի բերել, որ նրա կյանքում բազմաթիվներով կան, իսկ այս
գրքում, ցավոք, չկան: Մի շարք անգամներ ծանր վիճակների մեջ հայտնվելով
ես ազատվեցի Էմմա Գյուրջյանի, մայր Էմմայի աղոթքների շնորհիվ: Իսկ
մի անգամ մարդ գայլերը արդեն ուր որ է հոշոտելու էին ինձ: Սրտիս մեջ
ձայն լսեցի թե, առանց հապաղելու տիկին Էմմային լուր տուր, նրա աղոթքը
կազատի քեզ: Զանգեցի տիկնոջ դստերը` Գայանեին, և րոպեներ անց մարդ
գայլերը Էմմա մայրիկի աղոթքից ապուշ կտրած դեմքերով ու Աստծո այդտեղ
հայտնված հրեշտակից ցայտնոտային վախ զգալով` շտապեցին փախչելու
նման հեռանալ: Փա՜ռք Քրիստոսին: Եվ Աստված մեր աղոթքներով էլ օրհնի
Էմմա Գյուրջյանին` իր նեղության պահերին` նույն կերպ և ավելին էլ նրան
օգնության հասնելով: Ամեն:
Հավատով կայացած բազմաթիվ գեղեցիկ հաղթանակների պտուղներ
կան այս գրքում, որ բարի բան կանեինք` ընկերակից դարձնել մեզ, քանի
որ կենդանի վկայության օրինակները զորավորում են մեր հավատը և մեր
կյանքը դարձնում առավել իմաստալից, մեր հոգին լցնում Աստծո մարդասեր
գործերի համար` փառաբանությամբ:
«Հավատքն այն հեռագրական թելն է, որի միջոցով ճամփորդում են
մեր աղոթքներն այնքան արագ, որ Աստծո սիրալիր պատգամները հասնում
են մեզ նույնիսկ այն պահին, երբ մենք դեռ աղոթում ենք»,- գրում է Էմմա
Գյուրջյանը: Ավելացնենք, որ Էմմա Գյուրջյանը թե Աստծո բնությանն է լավ
ծանոթ, թե արդարությանն ու իրավունքին. ավարտել է գյուղինստիտուտի
այգեգործականը, սակայն Աստծո կամոք 33 տարի աշխատել է Ներքին
գործերի նախարարությունում, արժանացել կապիտանի բարձր կոչմանը:
Հանապազորդ հացի պես անհրաժեշտ նման լավ ու կենդանի հավատի
գիրք հրատարակելու համար օրհնենք Մայր Աթոռին, որովհետև մեր կողքին
ապրող մարդկանց հավատի վկայարանները կենդանի սնունդ են մեր
հավատի աճման համար: Որովհետև որքան լավ հավատանք, այնքան ավելի
լավ հայրենիք կունենանք` Քրիստոսի պահպանության հովանու տակ:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ