Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Եկեղեցու կյանքում չափանիշը երբեք չի եղել մարդկանց բազմությունը, այլ` բարեպաշտ հավատացյալների հավատքի խորությունը և նվիրումը։
Տերը նայում է ոչ թե հավաքվածների թվին, այլ ներքին հավատքին։
Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում․
«Որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, այնտեղ եմ Ես նրանց մեջ» (Մատթ. 18․20)։
Այսօր ցանկանում ենք գնահատել և մեծարել այն հավատավոր ժողովրդին, որ իր սրտաբուխ նվիրումով հավատարիմ է մնում Մայր Եկեղեցուն և իրենց հոգևոր հովիվներին, որոնք էլ իրերնց հերթին` թեմի առաջնորդին և Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Որովհետև եկեղեցու զորությունը ոչ թե մարդկանց թվի մեջ է, այլ` եկեղեցու առաջնորդների շուրջ համախմբածների միասնականության և հնազանդության։
Երեցի` քահանայի կողմից եպիսկոպոսին ու կաթողիկոսին հնազանդվելը ոչ թե մարդկային ենթարկություն է, այլ` հավատարմություն Քրիստոսին և Սուրբ Հոգով հաստատված աստվածատուր կարգին։ Իսկ երբ ժողովուրդն իր հովվի շուրջը հավաքված է մնում, հովիվն էլ իր հերթին հնազանդ է առաջնորդին ու կաթողիկոսին, ահա այդ ժամանակ համայնքը դառնում է կենդանի ու զորավոր մարմին Քրիստոսի։
Թող մեր հավատքի զորությունը գերազանցի անհավատների և աստվածամարտների թվին։ Թող մեր լուռ նվիրումը ավելի բարձր աղաղակի, քան` անօրենների բազմության աղմուկը։ Եվ թող կաթողիկոսի, եպիսկոպոսների և իրենց ուխտին հավատարիմ հովվների շուրջ միաբանված բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը միշտ լինի օրհնված և խաղաղությամբ լեցուն։
Տեր Վրթանես ԲԱՂԱԼՅԱՆ
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի