Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Սուրբ Մարկոսի Ավետարանում գրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարգարեական խոսքը. «Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի» (Մարկ. 13:13)։
Տիրոջ այս խոսքը հիշեցում է մեզ համար, որ ճշմարիտ քրիստոնեական ճանապարհը միշտ էլ եղել է փորձություններով, հալածանքներով և չարի դիմադրությամբ լի ուղի։ Քրիստոսի հետևորդները կոչված են ոչ թե հարմարավետության և աշխարհային փառքի, այլ՝ խաչի և նեղության ճանապարհի։ Արդարև, պատմության ընթացքում անթիվ սրբեր, նահատակներ ու վկաներ իրենց կյանքով հաստատեցին այս խոսքը՝ ընդունելով ատելություն, հալածանք և անգամ մահ՝ ի սեր Քրիստոսի անվան։
Սակայն Տերը մեզ վախ չներշնչեց, այլ հակառակը՝ հաստատեց և զորացրեց՝ խոստանալով փրկություն նրանց, ովքեր մինչև վերջ համբերում են։ Քրիստոնեական համբերությունը պարզապես ժամանակի անցկացնելը չէ, այլ ուժ և հավատք, որը հենվում է Աստծու անսասան խոստումի վրա։ Այս համբերությունը մեր ներսում է ծնվում աղոթքով, հույսով և սիրով, որով մենք դիմանում ենք աշխարհի փորձություններին։
Այսօր էլ, սիրելիներ, մենք կարող ենք հանդիպել անարդարությունների, արհամարհանքի կամ անհասկացվածության միայն այն պատճառով, որ Քրիստոսին ենք հետևում։ Բայց մենք չպետք է խորտակվենք, այլ հիշենք Տիրոջ խոսքը՝ «մինչև վերջ համբերողը կփրկվի»։ Համբերությունը մեր հաղթանակի միջոցն է, իսկ հավատարիմ մնալը՝ մեր փրկության ճանապարհը։
ՈՒրեմն, եկե՛ք քաջությամբ և հույսով ապրենք մեր հավատքը։ Թող մեր սերը և վստահությունը դեպի Քրիստոս ավելի զորեղ լինեն, քան աշխարհի բոլոր ատելությունները։ Թող մեր համբերությունը դառնա վկայություն, որ մենք չենք խոնարհվում չարի առաջ, այլ քայլում ենք դեպի հավիտենական փառքը։
Եվ ինչպես Սուրբ Գիրքն է ասում.
«Դուք համբերությամբ փրկեցեք ձեր հոգիները» (Ղուկ. 21:19)։
Թող այս խոսքը լինի մեր կյանքի ճանապարհը, որպեսզի համբերելով մինչև վերջ արժանանանք այն փրկությանը, որ Տերը խոստացավ Իր սիրողներին։
Ամեն։
Տեր Վրթանես ԲԱՂԱԼՅԱՆ